Ոչ հեռանկարային մասնագիտությունները Հայաստանում. Դիվանագետները Հայաստանում հեռանկար չունե՞նBarometer.am-ը գրում է․

Նոր բան չենք ասի, եթե փաստենք, որ մասնագիտության ընտրությունը չափազանց կարևոր և պատասխանատու գործ է, քանի որ այս կամ այն չափով դրանից է կախված անհատի ապագան: Այս աոռւմով պատահական չէ, որ մարդիկ մասնագիտություն ընտրելիս հաշվի են առնում տարբեր մասնագիտությունների հեռանկարային կամ ոչ հեռանկարային լինելը: Ընդ որում, մասնագիտությունների հեռանկարային լինել կամ չլինելը մարդիկ հիմնականում որոշում են սեփական պատկերացումների դիրքերից՝ չհիմնվելով որոշակի հետազոտությունների և օբյեկտիվ տվյալների վրա: Այսինքն՝ մեկի համար ֆիզիկոսի մասնագիտությունը անհեռանկարային է, քանի որ իր ֆիզիկոս հարևանը ցածր աշխատավարձ է ստանում ու լավ չի ապրում, իսկ մյուսի համար այդ մասնագիտությունը կարող է լինել հեռանկարային, քանի որ այդ բնագավառում ունեցել ենք մեծ ներուժ և չի բացառվում մեր երբեմնի համբավի վերականգնումը: Ասվածը չի նշանակում, թե ոչ հեռանկարային/պահանջված մասնագիտությունների մասին մարդկանց պատկերացումներն անպայման հակասում են իրերի փաստական վիճակին, չեն արտացոլում մեր երկրում գործող մասնագիտությունների "շուկայի" ընդհանուր պատկերը: Ասվածն առավել պարզ կդառնա, եթե ուշադրություն դարձնենք ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Երևանում անցկացված  հարցման մասնակիցները  "Հայաստանում ո՞ր մասնագիտություններն են, ըստ Ձեզ,  ոչ հեռանկարային/չպահանջված" հարցին տվել էին այնպիսի պատասխաններ, որոնք դժվար թե կարելի է որակել որպես աբսուրդային, ոչ ադեկվատ (հարցվողներից յուրաքանչյուրը կարող էր նշել այդպիսի երեք մասնագիտություն): Ցավալի է, սակայն հարցվածների շրջանում 5%-ի շեմը հաղթահարած ոչ հեռանկարային/չպահանջված մասնագիտությունները (տե՛ս գրաֆիկ) հիմնականում նրանք էին, որոնք Հայաստանում ունեցել են զարգացման մեծ ներուժ կամ ունեն մեծ նշանակություն ՀՀ հետագա զարգացման տեսանկյունից: Օրինակ՝ մանկավարժի մասնագիտությունն իրականում ամենակարևորներից է, քանզի այն կապ ունի այսօրվա և վաղվա քաղաքացու նկարագրի ձևավորման հետ: Սակայն փաստն այն է, որ այդ մասնագիտությունն իր ուրույն տեղն է գտել ոչ հեռանկարային/չպահանջված մասնագիտությունների շարքում: Իսկ սա վկայում է ոլորտում պետական քաղաքականության բացի մասին, պետության զարգացման տեսանկյունից ճիշտ և հետևողական մասնագիտական քաղաքականություն վարելու "անկարողության"  մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել