Newmag.am-ը գրում է․

Ալ Կապոնե անունով ժպտացող չաղլիկն իրականում չի եղե Ամերիկայի հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենազղեցիկ, ամենախորամանկ, ամենադաժան բոսսը: Բայց, չգիտես ինչու, հենց նրա կերպարն է առավել հաճախ օգտագործվել ֆիլմերում, վեպերում ու կոմիքսներում: Ալ Կապոնեն վաղուց արդեն դարձել է աշխարհի բոլոր երկրների սկսնակ մաֆիոզների իդեալը:

Սիրասուն ծնողները նրան կոչել էին Ալֆոնսո Ֆյորելո (երկրորդ անունը` Ֆյորելոն, նշանակում է «ծաղիկ»): Սենտիմենտալ զգացմունքներից հեռու իտալացին պարզապես մոռացավ իր «ծաղիկ» լինելը և իր համար ընտրեց կարճ ու ազդեցիկ անուն` Ալ: Ժամանակի ընթացքում նա բազմաթիվ մականուններ ունեցավ, բայց դրանք տանել չէր կարող, հատկապես` Scarface-ը («Սպի»): Դա նրան հիշեցնում էր մի տհաճ միջադեպ: Պատանի հասակում բարում աշխատելիս Ալը հենց այնպես, թեթևակի շրմփացրել էր բարի հաճախորդուհիներից մեկի փափուկ տեղին: Աղջկա ընկերը` տաքարյուն Ֆրենք Գալուչոն, անմիջապես վերցրել էր սեղանին դրված դանակը, մատուցողի այտը «մի փոքր շոյել», իսկ հետո ստիպել էր ներողություն խնդրել: Կապոնեն հերքում է այս վարկածը և դեպքը կապում է վարսավիրներից մեկի հետ, որից ցանկանում էր ստանալ «օրինական» տուրքը:

- Ես շատ երիտասարդ էի,- հիշում էր Կապոնեն,- և ահա նա որոշեց, որ կարող է իմ հախից գալ: Բայց հետո իմ տղաները, հասկանալի է, նրան պատասխանեցին:

Կապոնեի անվան հետ այսպիսի բազմաթիվ լեգենդներ են կապված, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կենսունակ են:

«Խուլիգանությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Վարսավիրի մասնագիտության հետ Ալը սերտորեն էր կապված, դեռ պատանի հասակից նա օգնում էր սափրիչ հորը: Գաբրիելե Կապոնեն Բրուքլին էր հասել Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակա Կաստելամարե փոքրիկ քաղաքից: Նա մի քանի աշակերտներ ձեռք բերեց Բրուքլինում, բացեց իր ձեռնարկությունը և երբ սկսեց մի քիչ փող աշխատել, ամուսնացավ Թերեզինա Ռայոլեի հետ: Թերեզան Գաբրիելեին պարգևեց 9 երեխա, որոնցից ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց: Ավագ որդին` Վինչենցոն, դարձավ ոստիկան, զբաղվեց քաղաքականությամբ և իր թեկնածությունը դրեց ԱՄՆ կոնգրեսում ընտրվելու համար: Ալը, որն ավագ եղբորից փոքր էր յոթ տարով (ծնվել է 1899թ. հունվարի 17-ին), այլ ճանապարհ ընտրեց: Երեխա ժամանակ նա օրեր շարունակ թրև էր գալիս փողոցներում, գաղտնի ծխում էր, իր ընկերների հետ ծեծկռտուքներ էր սարքում հարևան թաղերի հասակակիցների հետ: Նյու Յորքի աղքատ թաղամասերն ուղղակի դրախտ էին հանցագործների համար, ովքեր հիմնականում ներգաղթածներ էին: Ոստիկանությունն այստեղ հայտնվում էր միայն ցերեկը, իսկ գիշերներն այստեղ տերուտիրական էին փողոցային ավազակախմբերը: Դրանցից մեկի կազմում էլ իր «մարտական ուղին» սկսեց 14-ամյա Ալը, որին դպրոցից հեռացրել էին ուսուցչուհուն ապտակելու համար:

caseՆա մասնակցում էր թալանների, ռեկետների և փողոցային հաշվեհարդարների: 16 տարեկանում նրան հանձնարարեցին առաջին «թաց գործը», պետք էր սպանել մի չինացու, որը չէր ցանկանում իր լվացքատան եկամուտները կիսել «լավ տղերքի» հետ: Բայց Ալն իր հասակակից «գործընկերներից» տարբերվում էր ոչ թե սպանելու, այլ արագ հաշվելու ունակությամբ: Նրան նկատեց մաֆիայի պարագլուխ Ջոն Թորիոն` «ջենտլմեն-ավազակը», որին ավելի հաճախ տեսնում էին ոչ թե սալոններում կամ հասարակաց տներում, այլ շքեղ կահավորված ակումբներում, որտեղ նա ծանոթություններ էր հաստատում բանկիրների ու քաղաքական գործիչների հետ: Թորիոն առաջիններից մեկը փորձեց փոքրաքանակ ավազակախմբերից ստեղծել բիզնես-կորպորացիա` «լեգալ բիզնեսի»` բոլորին նկատելի տեսքով: Սկզբում նա Ալին հանձնարարեց հետևել «սփիքիզի»-ներին` սպիրտային խմիչքների գաղտնի վաճառքով զբաղվող ձեռնարկություններին: Ամերիկայում գործում էր «չոր օրենքը»: 1917-ին երկրի բոլոր բարերում արգելվեց թունդ խմիչքներ մատուցել, իսկ 1919-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ Սահմանադրության «18-րդ ուղղումը», որը սպիրտային խմիչքների վաճառքն արգելեց ամբողջովին: Շատ շուտով լայն թափ առավ ինքնաթոր խմիչքների գաղտնի վաճառքն ու Կանադայից մաքսանենգ ճանապարհով ալկոհոլային խմիչքների ներկրումը: Անլեգալ ապրանքն իրացվում էր դեղատներում (որպես դեղ` մրսածության դեմ) ու սննդի օբյեկտներում, որտեղ վաճառասեղանին միայն լիմոնադ էր ցուցադրվում, իսկ «տակից» միշտ էլ կարելի էր վիսկի գնել:

Աշխատելով բարում` Ալը ոչ միայն դեմքին սպի ստացավ, այլև վարակվեց սիֆիլիսով, որը չէր կարողանում բուժել ողջ կյանքի ընթացքում: Նա իր հիվանդության մասին ոչ մի խոսք չասաց շիկահեր իռլանդուհի Ջոզեֆին Մեյ Քոխլինին, որին անկողին քաշեց` հարբեցնելով մաքսանենգ խմիչքով: Աղջկա ծնողները միջին դասից էին և ոգևորված չէին աղքատ իտալացի փեսա ունենալու հեռանկարով: Բայց ոչինչ անել հնարավոր չէր. Ջոզեֆինը երեխայի էր սպասում, և պարոն Քոխլինը համաձայնեց այդ ամուսնությանը: Բայց պարզվեց, որ Ալը բնավ էլ աղքատ չէր և, դրան էլ գումարած, ջերմորեն սիրում էր կնոջն ու նորածին որդուն: Հետագայում Կապոնեն իր ընտանիքի համար շատրվաններով ու սիրամարգերով իսկական մի պալատ գնեց: Ո’չ աները, ո’չ կինը, ո’չ էլ որդին երկար ժամանակ ոչինչ չգիտեին Ալի «աշխատանքի» մասին և համոզված էին, թե ընտանիքի գլխավորը հաջողությամբ զբաղվում է կահույքի առևտրով…

Մաֆիայի մայրաքաղաքներում

1919 թվականին Կապոնեի կյանքում կարևոր փոփոխություններ եղան: Նրա հովանավոր Ջոն Թորիոն Նյու Յորքից փոխադրվեց Չիկագո: Իր հավատարիմ համհարզին նա վերցրեց իր հետ: Այդ տարիներին Չիկագոն Կանադայից ներմուծվող սպիրտային խմիչքների ընդունման-բաշխման կետն էր, և քաղաքում իսկական պատերազմ էր` սպիրտի հզոր հոսքը վերահսկելու մենաշնորհի համար: Այդ պայքարում միմյանց դեմ էին ելել իտալացիները, մի կողմից` Ջիմ Կոլոսիմոն և Ջեննա եղբայրները, իսկ մյուս կողմից` իռլանդական ավազակախմբերը` Դիոն Օ’Բենիոնի և Բագս Սորանի ղեկավարությամբ: Ամեն առավոտ փողոցներում դիակներ էին հայտնվում: Նյու Յորքի մաֆիոզները Չիկագոյի ավազակների համեմատ իսկական ջենտլմեններ էին. Չիկագոյում գլխավոր փաստարկը գնդացիրն էր: Մոտ տարածությունից արձակված կրակահերթը մարդուն կիսում էր մեջտեղից:

Թորիոն ու Կապոնեն միանգամից հայտնվեցին իրադարձությունների շրջապտույտում: Ծեր Կոլոսիմոն, որի գործընկերներն էին դարձել նրանք, Կապոնեին հանձնարարեց վերացնել ոմն Ջո Հովարդի, որը համարձակվել էր ավազակախմբից փախցնել սպիրտային խմիչքներով լի երկու ավտոմեքենա: Ալը գործեց շատ օպերատիվ: Իմանալով, որ Հովարդն իր հերթական հաջողությունը նշելու է բարերից մեկում` Ալն ուղևորվեց այնտեղ և անձամբ գնդակահարեց մեքենա փախցնողին: Այս ամենը տեսան երկու տասնյակից ավելի մարդիկ, բայց, ինչպես հաշվարկել էր Կապոնեն, nրանցից ոչ մեկը չանկեղծացավ ոստիկանությունում: Այսպես էր ձևավորվում գանգստերի ֆիրմային ոճը. մանրակրկիտ հաշվարկը ռիսկը հասցնում էր զրոյի, որքան էլ արտառոց ու հանդուգն լինեին հանցագործությունները:

al capone3Ալը սկզբում համեստորեն իրեն հատկացնում էր երկրորդական դերեր: Բայց 1924-ի աշնանն իռլանդացիների դեմ պայքարը նոր թափ հավաքեց: 0’Բենիոնի ձեռքի տակ աշխատող տղերքը Ջեննա եղբայրներից գողացան սպիրտային խմիչքների մեծ խմբաքանակ, և Ջեննաներն օգնություն խնդրեցին Ջիմ Կոլոսիմոյին փոխարինած Թորիոյից: 0’Բենիոնը գնդակահարվեց իրեն պատկանող ծաղկի խանութում: Կապոնեն անձամբ էր մասնակցում այս սպանությանը, բայց ոստիկանության համար նա երկաթե ալիբի ուներ: Իսկ, ահա, սպանվածի բարեկամներին խաբել չհաջողվեց: Մի քանի օր անց գնդացրային կրակահերթ բացեցին Կապոնեի մեքենայի ուղղությամբ: Բայց մահափորձը ձախողվեց, քանի որ շրջահայաց Ալը ձեռքը էր բերել զրահապատ «կադիլակ», որ մինչև այդ ուներ միայն ԱՄՆ նախագահը:

Ջոն Թորիոյի բախտն ավելի քիչ բերեց. նրան ծանր վիրավորեց Բագս Մորանը: Ջոնը ստիպված հրաժարվեց մաֆիայի դոնի պարտականություններից և բուժվելու մեկնեց Իտալիա: Նա իրեն փոխանորդ հռչակեց Ալ Կապոնեին, որով խիստ վրդովեցրեց Չիկագոյի իտալական մաֆիայի բոլոր անդամներին. Կապոնեն նեապոլցի էր, իսկ ավանդույթի համաձայն միշտ էլ սիցիլիացիներն են դարձել դոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել