Womennet.am-ը գրում է․

Այն միջավայրը, որը մեր հասարակությունն անվանում է «գողական աշխարհ», կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության տարածման հիմնական աղբյուրներից է հանդիսանում, եւ եթե հաշվի առնենք, որ մեր հասարակության մեծամասնությունը խտրական վերաբերմունք ունի կանանց նկատմամբ, կարող ենք ասել, որ մեր մեծամասնությունն ապրում է հենց «գողական աշխարհի» կանոններով:

«Գողական աշխարհի» կանոնները «արտահանվում» են ընտանիքներ եւ հասարակություն այսպես կոչված «քյառթուների» միջոցով, որոնք ձգտում են ապրել «գողական» կյանքով: Մենք հարցում անցկացրինք 18-24 տարեկան 40 պատահական հանդիպած տղաների շրջանում՝ փորձելով պարզել, թե նրանց որ մասն է իրենց «քյառթու» կամ «գողական» համարում: Նրանցից 16-ը (40%) վստահ են, որ իրենք «քյառթու հայ տղա» են ու «ճիշտ» կյանքով են ապրում, 11-ը (27.5 %) իրենց «քյառթու» չեն համարում, բայց ծանոթ են «գողական աշխարհի» օրենքներին ու աշխատում են դրանք չխախտել: Հարցվածներից միայն 8 հոգի (20%) իրենց «քյառթու» չէին համարում, իսկ 5-ի (12.5%) համար անհասկանալի էր, թե ինչ բան է «քյառթու» լինելը, ուստի նրանք դժվարացան պատասխանել:

«Գողական» միջավայրում միայն տղամարդիկ են, այստեղ կանանց մուտքը խստիվ արգելված է, սակայն «գողական աշխարհի» տղամարդկանց կողմից «գրված» օրենքները տարածվում են նաեւ կանանց միջավայրում, նրանք եւս սկսում են խտրական մոտեցում ցուցաբերել իրենց նկատմամբ, թեեւ առերես վատ են վերաբերվում ամեն տեսակի «գողականության» դրսեւորումներին, սակայն կամա թե ակամա ենթարկվում են այդ աշխարհին: «Գողական աշխարհում» կինը լիարժեք մարդ չի համարվում, ինչպես ասում են՝ «աղջկա խոսքը ասնավանի չի»: Նույնիսկ երբ խոսքը գնում է հասուն, խելացի եւ ազնիվ կնոջ մասին, նրա խոսքն այնքան արժանահավատ չէ, որքան փողոցային մի դեռահաս տղայինը զուտ այն պատճառով, որ նա տղա է:

«Գողական» շրջապատի տղամարդիկ արգելում են իրենց մայրերին, քույրերին եւ սիրած աղջիկներին ինքնուրույն որոշումներ կայացնել, լիովին վերահսկում են նրանց կյանքը, իրենց իրավունք են վերապահում տնօրինելու նրանց անձնական հարաբերությունները այլ տղամարդկանց հետ: «Գողական աշխարհի» տղամարդիկ իրենց դուր եկած աղջկա հետ բառ փոխանակելուց առաջ պարտադիր հանդիպում են նրա հորը կամ եղբորը՝ անկախ տարիքից, «դաբրո» են ստանում, նոր միայն որեւէ քայլ են ձեռնարկում աղջկան մոտենալու ուղղությամբ: Վերջին «օրենքի» հետ հաճախ հաշվի են նստում նաեւ այն տղամարդիկ, որոնք որեւէ կապ չունեն «գողական աշխարհի» հետ, սակայն ստիպված այդ քայլին են գնում, եթե պատահաբար իրենց հավանած աղջկա եղբայրը «գողական» է:

Մեծ հաշվով «գողական աշխարհում» «կին» հասկացություն կարծես գոյություն չունի: Այստեղ իգական սեռի ներկայացուցիչը կամ մայր է կամ քույր կամ էլ սիրած աղջիկ: Եթե կինը այս երեք «կատերգորիաներից» որեւէ մեկը չէ, ապա նրան մարդ չեն համարում: Սակայն լինում են դեպքեր, երբ եզակի կանանց հաջողվում է որոշակի հարգանք ձեռք բերել «գողական աշխարհի» ներկայացուցիչների մոտ, այս դեպքում սակայն նա այլեւս չի ընկալվում որպես կին: Նման դեպքերում, սովորաբար տվյալ կնոջ մասին խոսելիս գործածվում են հետեւյալ արտահայտությունները. «Ինքը մեր ախպերն », «Տղայա»: Այսպիսով կնոջը տղամարդ «դարձնելով»՝ կարծես նրան մարդ լինելու «իրավունք» են շնորհում:

Զարմանալի է, բայց նման վերաբերմունքը ողջունվում է նաեւ որոշ կանանց կողմից, քանի որ խտրականության նման սուր դրսեւորումն իր մեջ պարունակում է նաեւ մի դրական ասպեկտ. «գողական աշխարհի» տղամարդիկ խիստ հոգատար են վերոնշյալ երեք «կատեգորիաների» կանանց նկատմամբ, իսկ կանանցից շատերը սիրում են պաշտպանված լինել տղամարդկանց կողմից եւ այդ պաշտպանությունը հաճախ գտնում են հենց «գողական կյանքով» ապրող տղամարդկանց մոտ:

«Գողական» լեզվապաշարում բազմաթիվ են սեքսիստական արտահայտությունները: Այստեղ տղամարդկանց համար ամենասուր վիրավորանքները հենց իգականության հետ են կապվում: «Կնությունը» որպես վիրավորանք կիրառելը ամրացնում է այն կարծրատիպը, թե կին լինելն ինքնին թերություն է: Արդյունքում կանանց որոշակի տոկոսը սկսում է կարծել, թե ինքը թերի է որպես մարդ եւ ինքնախտրական վերաբերմունք է դրսեւորում իր նկատմամբ: Այսպիսով սեքսիզմը լայն տարածում է գտնում ողջ հասարակությունում:

Փաստորեն, Հայաստանում գենդերային հավասարություն հաստատելու համար անհրաժեշտ է պայքարել «գողականության» եւ դրանից ծնունդ առած «քյառթու» մշակույթի դեմ: Նկատի ունենալով մեր հարցման արդյունքները՝ հասկանում ենք, որ դա բավականին դժվարին գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել