Tert.am-ը գրում է.

Երևանում այսօր ավարտված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր է ընդունել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից՝ Հռչակագրում նշված է.

«Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակ­ների շուրջ հայության համախմբմանը:

Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի.

Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջ­ընթացին և ապահովությանը,
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը,
Սփյուռքի առավել կազմակերպմանը,
ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,
հայ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը,
արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը:

Մենք` համաժողովի մասնակիցներս,

նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրավերները`

հռչակում ենք

1. հետևյալ համազգային առաջնահերթությունները՝ որպես Հայաստան-Սփյուռք գործակ­ցության գաղափարական հենք.

1.1 հզոր և ապահով Հայաստանի կառուցում

Մենք հաստատում ենք, որ միասնական ջանքերով շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան՝ առավել անվտանգ և հզոր դարձնելով այն:

Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, և Հայաստանի առջև ծառացած խնդիր­ների լուծումը, համահայկական ծրագրերի իրականացումը հնարավոր են միայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողությունների ու հնարավորու­թյունների մեկտեղմամբ, քանզի Հայրենիքի զարգացման, անվտանգության համար պատասխանատվություն կրում է ամեն մի հայ` անկախ բնակության վայրից:

Հայաստանում աղքատության և արտագաղթի մակարդակի կրճատման կարևոր ճանա­պարհը պետական-վարչական, ընկերային և տնտեսական /գյուղատնտեսություն, զբոսա­շրջություն, առևտուր, սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդ­արդյու­նաբերություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, էներգետիկա, քաղաքա­շինություն և այլն/ բնագավառներում իրականացվող բարեփոխումների շարունակա­կանությունն է, գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների ծավալների ավելա­ցումը, աշխատա­տեղերի ստեղծումը, ավելի մեծ թվով սփյուռքահայե րի ներգրավումը տնտեսության մեջ և նրանց շահ ստանալու համար պայմանների ապահովումը:

Մեր միասնության գերխնդիրը պետք է լինի ապագա սերունդներին թողնել զարգացած և ժողովրդավարական, հզոր և ապահով Հայաստան:

1.2. Անկախ և անվտանգ Արցախ

Մենք հպարտ ենք Արցախում ապրող մեր ժողովրդի խիզախությամբ և տոկունությամբ:

Համաժողովրդական ազատագրական պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը 23 տարի շարունակ կառուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմնված միջազ­գային իրավունքի նորմերի և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի վրա:

ԼՂՀ ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը իրականացվել և իրականացվում է նաև սփյուռքահայության նպատակային աջակցության շնորհիվ:

 Մենք միասնաբար պայքարելու ենք` Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական-դիվանագիտական հարթության վրա լուծելու համար և սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային իրավունքի՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Ողջ հայությունը հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է Ադրբեջանի ապակառու­ցողական քաղաքականության, ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումների, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգությունների և ռազմատենչ կեցվածքի դեմ:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանություններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության անկախությունը, ինչը վկայում է այդ իշխանությունների և ժողովուրդների արդար դիրքորոշման և բարի կամքի, ինչպես նաև տեղերում հայկական կառույցների նպա­տակային աշխատանքի մասին, որը պետք է ընդլայնվի և շարունակական դառնա:

 Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյունը մեր պատմական Հայրենիքի մասն է, և նրա ճակատագիրը բախտորոշ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար, ուստի մեր պայքարը կշարունակվի մինչև ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի և վերջնական կարգավորումը:

1.3. Կազմակերպված Սփյուռք

Մենք՝ համայն հայության ներկայացուցիչներս, հաստատում ենք, որ հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ներկա հանգրվանին Սփյուռքը կարևորագույն գործոն է թե հայ դատի պայքարին ավելի մեծ թափ հաղորդելու, թե Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմ ան համար:

Սփյուռքի կառույցներն ու կազմակերպություններն ազգային և համաշխարհային մարտա­հրավերների հաշվառմամբ պետք է վերատեսության ենթարկեն իրենց ծրագրերը, առավել մեծ թվով հայեր, նորեկներ ներգրավեն կառույցների աշխատանքներում:

Հայկական կառույցները Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի պետական և ոչ պետական հաստատությունների հետ միասին ծրագրավորված պետք է`առաջադրեն նոր մոտեցումներ` վերանայելու Հայաստան- Սփյուռք ռազմավարությունը,

իրենց ջանքերը նպատակաուղղեն Սփյուռքի ուծացմանը դիմակայելու, լեզվամշակութային կորստի կանխմանը և Սփյուռքի նոր սերնդի մեջ հայկական ինքնության պահպանմանը,
հատուկ հոգածության արժանացնեն այն համայնքներին, որոնք դեռևս ամբողջովին կազմակերպված չեն,
օժանդակեն հայկական համայքների, համայնքային կառույցների շուրջ հայության համախմբմանը:
Սփյուռքը, սփյուռքյան կազմակերպությունները մի յուրօրինակ կամուրջ են Հայաստանի և միջազգային հանրության միջև, ուստի և առավելագույնս պետք է նպաստեն ժողովուրդների և քաղաքակրթությունների երկխոսու­թյանը, խորացնեն և զարգացնեն Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի տարբեր հատվածների միջև գործակցությունը, ինչպես նաև ամրապնդեն տարբեր ժողովուրդներին պատկանող սփյուռքների հետ բարեկամական կապերը:

1.4. Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան

Մենք հանձնառու ենք՝ մայրենի լեզուն իր արևելահայ և արևմտահայ ճյուղերով` որպես մեր լինելիության և գոյության գլխավոր հենասյուներից մեկը, անաղարտ պահելու, իրապաշտ և տրամաբանական մոտեցումով մերձեցնելու, զարգացնելու և փոխանցելու սերունդներին:

Սփյուռքում հայապահպանությունը Հայաստանի Հանրապետության կենսական հիմնախնդիրներից է, որին տարբեր ձևաչափերով օժանդակում է պետությունը՝ գործակցելով համահայկական կառույցների, հայկական կազմակերպությունների հետ, անընդհատ կատարելագործելով և զարգացնելով գործակցության կառուցակարգերը:

Մեր ամենօրյա հոգածության առարկան պետք է դառնան հայկական դպրոցներն ու մշակութային օջախները, մեր պատմական ժառանգության պահպանումը, հայ մտքի ստեղծագործ զարգացումը:

Մեր ջանքերը պետք է նպատակաուղղենք հայ ընտանիքի ամրապնդմանը, ավան-դույթների և սովորույթների, հայկական անունների և ազգանունների պահպանմանը, հայ ընտանիքում, հայկական միջավայրում հայերենի գործածության ապահովմանը:

Մեր գլխավոր մտահոգություններից մեկն էլ այն պետք է դառնա, որ հայ երիտասարդը, Հայրենիքի վերացական գաղափարից բացի, կարողանա իրականում ճանաչել իր Մայր Հայրենիքը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել