88881in.am-ը գրում է.

Իրավաբան Նարեկ Ալոյանը առաջիկա օրերին պատրաստվում է ներկայացնել երկրորդ դատական հայցը ընդդեմ ԲՀԿ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ:

Հիշեցնենք. այս հիմքով մեկ դատական հայց նա արդեն իսկ ներկայացրել է: Դատարանը հայցն ընդունել է վարույթ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Նարեկ Ալոյանը դեռևս 2012 թվականից տեղեկատվություն ստանալու պահանջով թվով 5 հարցում է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այդպես էլ պատասխան չի ստացել՝ ո՛չ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, ո՛չ էլ առհասարակ: Ինչից հետո իրավաբանը դիմել է դատարան՝ պահանջով ճանաչել տեղեկատվության տրամադրման իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել ԲՀԿ-ին տրամադրել հարցվող տեղեկությունները:

Գործով դատական գործընթացն արդեն իսկ սկսվել է, հերթական նիստը նշանակված է օգոստոսի 21-ին, սակայն Նարեկ Ալոյանը օրերս հերթական անգամ հարցումով դիմել է ԲՀԿ-ին, և կրկին նրա հարցումներն օրենքով սահմանված ժամկետում անպատասխան են մնացել: Օրենքի պահանջից ելնելով՝ կրկնակի հարցում է կատարել, և առաջիկա օրերին, եթե չստանա նաև այդ հարցման պատասխանը, նույն հիմքով ներկայացնելու է հերթական դատական հայցը՝ ընդդեմ Ծառուկյանի կուսակցության:

«Կրկնակի հարցում եմ ուղարկել, և եթե չպատասխանեն, իրենց նկատմամբ երկրորդ դատական գործը կլինի: Ես ակնկալում եմ, որ երկրորդ անգամ էլ պատասխան չի լինելու: Իսկ եթե լինի, բավական հետաքրքիր պատասխան պետք է որ լինի. կամ դրանից պարզ կդառնա, որ իրենք դիտավորությամբ անտեսել են իմ հարցումները, այսինքն՝ անգործություն են դրսևորել, կամ պետք է տան ինձ եզրակացություն, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում ինչ են պարզել իմ հարցումների վերաբերյալ: Բայց իրենց որդեգրած դիրքորոշումից պարզ է դառնում, որ իրենք որոշել են այնպես անել, որ թեման փակվի, անցնի-գնա, որպեսզի չձևավորվի այնպիսի պրակտիկա, որ իրենք այդուհետ ստիպված լինեն պատասխանել իրենց ուղարկված հարցումներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալոյանը:

Իր հարցումներն անպատասխան թողնելը, առհասարակ՝ այս հարցում ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումը իրավաբանը մեկնաբանում է որպես անպատժելիության հետևանք:

«Սա ավելի շատ խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին. այլ կերպ չեմ կարող մեկնաբանել: Տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրները Հայաստանում բավականին լուրջ են, և պետք է այդ առումով աշխատանքներ տանել»,- ասաց նա:

Նարեկի նկատմամբ այս ընթացքում որևէ ճնշում կամ սպառնալիք չի եղել: Նա էլ չի վախենում և պատրաստ է համառորեն առաջ գնալ՝ գործն առաջ տանել, մինչև հասկացվի, որ տեղեկատվության ազատությունը շատ կարևոր է և պետք է հարգվի այդ իրավունքը և ոչ թե անտեսվի՝ ինչպես ԲՀԿ-ի դեպքում, կամ գործի ընտրողաբար:

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Ալոյանը միջնորդել է առաջին գործով դատարան հրավիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ որպես վկա: Նա անգամ բաց նամակով է դիմել Ծառուկյանին՝ հորդորելով արժանապատվություն ունենալ և ներկայանալ դատարան: Նամակի հետ կապված ևս որևէ արձագանք չի եղել, ինչի առնչությամբ իր գնահատականը իրավաբանը պատրաստվում է հնչեցնել օգոստոսի 21-ին կայանալիք նիստի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել