Pastinfo.am-ը գրում է.
Հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության  մասին» օրենքով, որով պետական ոլորտում ներդրվում է վարձատրության նոր համակարգ, նախատեսվում է վարձատրության չափի բարձրացում, այդ թվում՝ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և աշխատակազմի համար:
Համաձայն օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ 
 
Հիմնական աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը, սահմանվում է օրենքով նախատեսված բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալի չափով:
 
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ: 
 
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության  մասին» օրենքով ԱԺ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից ամենաբարձր գործակիցը սահմանված է ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար՝ 18: Այսինքն՝  ԱԺ նախագահի աշխատավարձի չափը կկազմի մոտ 1 մլն 190 հազար դրամ՝ նախկին 340 հազարի փոխարեն: 
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 14, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահինը՝ 12, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալինը՝ 10.5:
 
Ազգային ժողովի պատգամավորի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիցը սահմանված է  10: Մինչ այժմ Ազգային ժողովի պատգամավորի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերը 300 հազար դրամ էին, սակայն նոր օրենքով տվյալ պաշտոնատար անձինք կստանան մոտ 660 հազար:
 
Բացի այդ, ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված են ամսական 50 հազար դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:
 
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Ազգային ժողովի աշխատակազմում պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար սահմանված գործակիցներից ամենաբարձրը  ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնի համար է՝ 10, ամենացածրը՝ ԱԺ նախագահի օգնականի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի և   աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալի պաշտոնների համար՝ 8:  
 
ԱԺ նախագահի խորհրդականի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիցները սահմանված են համապատասխանաբար 9.5 և 9:
 
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության  մասին» օրենքով սահմանված են նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: 
 
Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում ամենաբարձր գործակիցը՝   8, սահմանաված է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ  ամենացածրը՝ 3, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար:  
 
ԱԺ նախագահի ռեֆերենտի պաշտոնի համար գործակիցը սահմանված է  6, ԱԺ նախագահի տեղակալի խորհրդականինը և օգնականինը՝ համապատասխանաբար 5.5 և 5:
 
ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի և օգնականի պաշտոնների համար գործակիցը համապատասխանաբար 4.5 և 4 է: 
 
ԱԺ խմբակցության փորձագետի պաշտոնի համար գործակիցը 4.5 է: 
 
Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել