Lurer.com-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը ներկայացրեց բարեփոխումների կարևոր բաղադրիչները, որոնցից մեկը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին վերաբերող հատվածն է, որ կոչված է լուծելու անձի իրավական վիճակին առնչվող մի քանի հիմնական խնդիր:

«Նախ անհրաժեշտ է ուժեղացնել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանադրական պաշտպանությունը: Այս խնդրի լուծումը ենթադրում է, որ նախ և առաջ պետք է երաշխավորվի սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը, պետք է սահմանազատվի ու ամրագրվի անմիջականորեն գործող իրավունքների պաշտպանությունն ու առանձնահատկությունները»,- ասաց Կուտոյանը:

Վերջինիս խոսքով՝ հաջորդ կարևոր կետն այն է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշ իրավունքների ու ազատությունների սահմանափակում, որը երբեմն օբյեկտիվորեն անհրաժեշտ է լինում:

Երրորդ կետը՝ մարդու և քաղաքացու իրավունքների գործողությունների սահմանափակումները պետք է համապատասխանեն միջազգային պարտավորություններին: Ըստ նրա՝ սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, լինեն կանխատեսելի, նպատակ ունենան ծառայելու ավելի բարձր շահի:

Հայեցակարգի կարևոր ուղղություններից մեկն էլ սոցիալական պետություն ասվածն ամբողջությամբ կյանքի կոչելն է, ինչը ենթադրում է սոցիալական արդարության հաստատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել