Փաստորեն, Պուտինը փարատեց Յանուկովիչի զարմանքը, թե ինչու չի խոսում: Պարզվում է, Պուտինը մտածում էր:
Ռուսաստանի համար դեռ ուշ չէ իհարկե խուսափել Ղրիմում լայնածավալ ռազմական գործողություններից, պատերազմից, որի դեպքում գուցե ավելի կարճ կլինի թվարկել, թե ինչ չի սպառնում Ռուսաստանին: Բայց, առայժմ հարկ է արձանագրել, որ Ռուսաստանը գնում է դրան, կամ փորձում խորացնել շանտաժը եւ հասունացնել առաջին կրակոցը ուկրաինական կողմից: Ամենայն հավանականությամբ, Պուտինին «թասիբի է գցել» Օբաման, որը հայտարարել էր, թե ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանը շատ թանկ կվճարի: «Դու ով ես, որ ինձ ահաբեկես», ամենայն հավանականությամբ մտածել է Պուտինը եւ անցել գործի:
Պետք չէ բացառել, որ գործ ունենք հայտնի անեկդոտի կամ հանելուկի իրավիճակին, երբ հարցն այն է, թե ինչպես բանանի բարձր ծառից բանան պոկել: Քարով հարվածում ես ծառի վրա նստած կապիկին, իսկ նա էլ պատասխանում է բանանի հարվածով, այդպիսով դու ստանում ես քո ուզած բանանը բարձր ծառից: Գուցե ոչ բառացի, բայց շատերը կհիշեն մոտավորապես այդպիսի պատմությունը:
Այժմ կարծես թե այդ պատմությունն է կրկնվում այս դեպքում: Ռուսաստանին «քարը» նետում են, իսկ նա էլ անմիջապես պատասխանում է «բանանով»: Ղրիմի հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետեւանքով Ռուսաստանն արդեն ոչ թե մեկուսացման, այլ թակարդի մեջ է հայտնվելու:
Այստեղ սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստացի այդ թակարդում հայտնվելու վտանգի մեջ է նաեւ Հայաստանը, որը Ռուսաստանի «կենգուրուի պարկի» մեջ է: Մոսկվան Հայաստանը վերածել է բաժանարար գծի, որը քաշեց Պուտինը դեկտեմբերի 2-ին այցելելով Գյումրիում ռուսական ռազմակայան: Թե ինչպես կծավալվեն իրադարձությունները Ղրիմում, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի համար արդեն իսկ տեղի են ունենում մի շարք անցանկալի իրողություններ:
Մասնավորապես, Ռուսաստանն իր քայլով փաստացի նախադեպ է ստեղծում Ադրբեջանի համար: Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանն այս օրերին ավելացրել է հայկական սահմանի երկայնքով տեղակայված զինտեխնիկայի քանակը: Ինչի է պատրաստվում Բաքուն, դժվար է ասել: Փոխարենը պարզ է, որ Հայաստանը պատրաստ է մի բանի՝ ապավինել, ապավինել, ապավինել Ռուսաստանին:
Մնում է հուսալ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը չի փորձի դաշնակիցներ փնտրել ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հորդորելով նրանց բացել երկրորդ ճակատը Հարավային Կովկասում, ինչով ինտենսիվ զբաղված է հարավկովկասյան հարցերում: Ընդ որում, «երկրորդ ճակատը» կարող է լինել ոչ թե շեղող մանեւր, այլ ուղղակիորեն ուկրաինական իրադարձությունների ընդհանուր կորի մի մասը, նկատի ունենալով Արեւմուտք-Իրան փոխհարաբերության ներկայիս դրական միտումները: Եթե Մոսկվան Ղրիմում գնում է ռազմական բախման ճանապարհով, ապա ամենայն հավանականությամբ նա կփորձի այդ ճանապարհը կիրառել կորի ամբողջ երկայնքով:
Հայաստանին Ռուսաստանը սեպտեմբերի 3-ից հետո բացարձակ կերպով զրկել է դիմադրելու որեւէ հնարավորությունից: Թե ինչքան կօգնեն Վրաստանն ու Իրանը, դժվար է ասել: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլու հայաստանյան օրեր կատարած այցը բավական ջերմ ստացվեց, եւ պետք է հուսալ, որ այդ ջերմությունը ոչ միայն զուտ մարդկային հուզական պատմություն էր, այլ նաեւ ինչ որ առումով քաղաքական նախապես մշակված բովանդակություն:
Բոլոր դեպքերում, իրադարձությունները սեպտեմբերի 3-ից հետո ծավալվեցին ակնթարթային արագությամբ, եւ ստիպված ենք արձանագրել, որ այդ հորձանուտում Հայաստանը մնացել է միակ սուբյեկտը, որ բացարձակապես զուրկ է ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից, քաղաքական մանեւրի հնարավորությունից, ինչն ընդ որում արժանացել է նաեւ այսպես ասած քաղաքական ընդդիմություն համարվող հիմնական ուժերի հավանությանը:
Պատերազմ կլինի, թե չի լինի, այդուհանդերձ ակնհայտ է, որ ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լուրջ գործընթացներ: Ավելին, չի բացառվում նաեւ, որ Ղրիմում կուտակված պատերազմի էներգիան դուրս հորդի բոլորովին այլ կետում, օրինակ Հարավային Կովկասը վերածելով ոչ թե «երկրորդ», այլ հենց առաջին ճակատի:
Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանում հաստատված է ռուսահպատակության գրեթե մոնոլիտ, եւ դիմադրունակության համակարգը զուրկ է դիվերսիֆիկացիայից, ինչը պահանջում էր Հայաստանի շահը որպես նվազագույն անհրաժեշտություն: Այդ բացակայությունն արդեն իսկ պատերազմ է Հայաստանի դեմ, որը հայտարարվել է Հայաստանի հենց ներսում, եւ որը անխուսափելիորեն պետք է հանդիսանար առաջին հաղթական պատերազմի ավարտից հետո այդ իսկ պատերազմի հաղթանակը խժռելու քաղաքականության անխուսափելի հետեւանքը: