Hetq.am-ը գրում է.

Այսօր ժամը 18:00-ից հետո Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները Մեծ Այրում գնացող ճանապարհի եզրին գտնվող փոքրիկ պոչամբարի խողովակներից մեկով թափվում էին հարակից  ձորը: Պոչանքները Ախթալայի Բարիտ թաղամաս գնացող ճանապարհաեզրով հոսելով` երկաթգծի կամրջի տակ խառնվում էին Ախթալա գետակի ջրերին և լցվում Դեբեդ գետը: Պոչանքների հոսքերն աննախադեպ էին:

Ակնհայտ է, որ  Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը դեռ չի գործում: Չնայած մեր նախկին հարցումների ժամանակ կոմբինատի տնօրինությունը հավաստիացնում էր, թե Ճոճկանի պոչամբարում ամեն ինչ  կարգին է, բայց կոմբինատը, սովորության համաձայն, մութն ընկնելուց հետո  պոչանքներն ուղղում է դեպի Դեբեդ: Այսօր այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել լեռնահարստացման կոմբինատի ղեկավարների հետ:

Դեբեդ թափվող պոչանքային հոսքերի մասին տեղեկացրինք Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին: Վերջինս որոշ ժամանակ հետո հեռախոսով մեզ տեղեկացրեց, թե դիսպետչերից պարզել է, որ ԼՀԿ-ում այս պահին արտադրական վթար տեղի չի ունեցել: Մեր նկարահանումները հակառակն են ապացուցում:

Հիշեցնենք, որ արդեն 4 ամսից ավելի է` ԼՀԿ -ն կառավարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն:

 Լարիսա Փարեմուզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել