Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ. Ապացուցում է բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-ՀովհաննիսյանըPanorama.am-ը գրում է.

«Ֆրանսիայում գործում է օրենք առ այն, որ հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքները.

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության և մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ:

Երբ գիտության և մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության «աղբյուր»` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով:

Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:

Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղևորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան…

Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենևին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում: Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում և Ռուսաստանում և առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռևս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:

Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երևույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը…

Նյութն ամբողջւթյամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել