Messing

Asparez.am-ը գրում է.

Վոլֆ Մեսսինգի ելույթը Լենինականում. նկարիչ Ռոբերտ Քոչարյանի հուշերից

Հզոր ինտուիցիայով օժտված անհատականությունների վեցերորդ զգայարանով կամ բնազդով, մարդու մտքերը կարդալու ունակություն բոլորովին անծանոթ մարդկանց մասին ասում են, թե երբեմն հասնում են մինչեւ 80 տոկոս ճշգրտության: Նրանք հասնում են մարդու էության խորը իմացության, անշուշտ, լրացուցիչ գործոն է հանդիսանում այս պարագայում նաեւ հավանականության տեսությանը: Այսօրինակ բախտախնդիրների կողքին, կան, իրապես, տաղանդավորները, ինչպիսին էր ժամանակին հռչակավոր Վոլֆ Մեսինգը, ով իր կյանքում բացառիկ արդյունքների է հասել:

Վերջինիս ունակություններից օգտվում էր անգամ Ստալինը, Բերիան, Խրուշչովը, նրա անբնական թվացող ունակությունները անուրանալիորեն էր գնահատում Հիտլերը: Ժամանակին՝ 1970-ականների կեսերին, գուցե գտնվեն լենինականցիներ, ովքեր կհիշեն որոնք Մեսսինգի մեկօրյա ելույթը «Սպայի տան» դահլիճում: Սպայի տունը քաղաքում Դեկա էին կոչում այդ տարիներին: Ես այդ ժամանակ կլինեի 18 տարեկան: Ելույթի տոմսը կարծեմ 1 ռուբլի 20 կոպեկ արժեր: Մեր ազգականը՝ նոմենկլատուրային կոմունիստական  պաշտոնյա, հաջողել էր տոմս ճարել եւ ինձ նվիրել՝ դրանով պարգեւելով  բացառիկ մարդու ելույթին ներկա գտնվելու հնարավորությունը:

Մարդկանց մարմնով սարսուռ էր անցնում, դա աննկարագրելի երեւույթ էր, երբ Մեսսինգը հանդիսականների գրպաններում գտնում էր իրեն եւ մյուսներին անհայտ առարկան, կարդում էր նրանց մտքերը: Մեսսինգի օգնականը երիտասարդ կին էր: Նա հանդիսատեսներին ներկայացնում էր նրա կյանքի էական դրվագները, որոնք մինչ այժմ զարմացնում են իրենց անոմալիկ դրսեւորումներով: Օրինակ, երբ պատանի հասակում նա «մահացել» էր, իսկ մահը՝ անվիճարկելի համարվել բժիշկների կողմից, Մեսսինգը, այնուհանդերձ, «որոշել» էր «արթնանալ» լեթարգիական կամ չգիտեմ՝ ինչ քնից ու ապշահար անել մահվան փաստը գրանցած բժիշկներին.այդպես չի կարող պատահել, որովհետեւ մահը մատնիչ է, այն չի կարող խաբել բժշկական բնազդին:

Մեկ այլ դեպք էլ՝ երբ պատանին տատի գյուղ էր ուղեւորվում էլեկտրագնացքով, «կոնդուկտորը» մոտեցել է նրան եւ պահանջել, որ ցույց տա տոմսը: Որտեղի՞ց երեխային տոմս: Նա վախվորած ձեռքը տարել է գրպանը եւ դուրս բերել պատահական թղթի կտոր, որի վրա ոչ մի գրառում չէր եղել: «Կոնդուկտորը» նայել էր ու, իբրեւ թե տոմսը պարզորոշ տեսած լինելով, բավարարված հեռացել: Այս երկու դիպվածները պատանուն հուշել են, որ ինքն արտառոց ձիրքի, օժտվածության տեր է: Երիտասարդ հաղորդավարուհին տեղեկացրեց, որ մետրը իր ամբողջ կյանքի ընթացքում գրպանում է կրել այդ թղթի կտորն ու սեփական մահվան հաշվեքարտը:

Արծաթագույն կոստյում էր հագին, նրան զննախույզ նայում էին ռուս սպաներն ու նրանց կանայք, փորձում հասկանալ լեհ հրեայի ֆենոմենը, ինչը բնավ էլ դյուրին գործ չէր: Նրան իր կյանքի անկանխատեսելի ոլորաններում առավել խորաթափանց մարդիկ էին հասկանալու փորձեր արել, բայց դրանք ընդամենը ապարդյուն ճիգերի էին վերածվել: Դահլիճի լեփ-լեցուն հանդիսատեսների թիվն հիմնականում նրանց ներկայությամբ էր ապահովված:  Սեւեռուն հայացքով նայում էին տարիքն առած, արդեն կորամեջք մետրին եւ ակնկալում նրանից հրաշքներ: Մարդիկ, սովորաբար, ապշում են, երբ նրանց անբացատրելի, անմեկնաբանելի հրաշքներ են հրամցվում:

Մեսսինգն առաջարկեց դահլիճի հանդիսականներին որեւէ թղթի վրա գրառումներ անել, իսկ ինքը խոստացավ նրանց՝ տվյալ մարդու զարկերակը շոշափելով, կռահել գրության բովանդակությունը: Տաքսիստ Գեբելս մականունով մի մարդ կար, ով հայտնի էր իր հայոյախոս բառապաշարով: Նա մոտեցավ Մեսսինգին, վերջինս շոշափեց զարկերակն ու ասաց.«Ինչպե՞ս չեք ամաչում՝ երիտասարդ»: Գեբելսը հասկացավ, որ մետրը շառլատան չէ՝ նա պարզապես անվրեպ  կիրառել է իր մտավարժանքը:

Մի կնոջ էլ նույն անվրեպությամբ նկատեց դահլիճում ու ասաց, թե իրեն հայտնի է, որ նա խիստ գլխացավ ունի այդ պահին, բայց հուսադրեց, որ րոպեներ անց, այդ ցավը կլքի իրեն: Իսկապես, րոպեներ անց, կինը խոստովանեց, որ գլխացավ չունի: Էլի բաներ եղան, որոնք այժմ հուշերիս մեջ չեն պահպանվել: Պարզապես ուզեցի հիշել այս ելույթը, որի մասին այժմ ոչ մի հիշատակում չի պահպանվել: Այնինչ, իրականությունն այն էր, որ մեծ մագը Լենինականում էր: 70-ականներն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել