Հրապարակվել է Փոլիսի Ֆորում Արմենիա վերլուծական կենտրոնի զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» խորագրով։ Զեկույցի գլուխներից մեկը նվիրված է կոռուպցիայի ազդեցությանը՝ մակրոտնտեսության մակարդակով։ Այսինքն՝ ներկայացվում է, թե ինչ վնասներ է կրում բյուջեն և ընդհանրապես երկրի տնտեսությունը կոռուպցիայից։ ՖԱ-ի զեկույցի հեղինակները ներկայացրել են մանրամասն հաշվարկներ և բերել կոնկրետ թվեր։ Զեկույցի հեղինակները սկսում են այն պնդմամբ, որ այն, ինչը մի ժամանակ կոչվում էր «Սովետական Միության սիլիկոնային հովիտ», այսօր վերածվել է մի տնտեսության, որը գերու կարգավիճակում է գտնվում՝ քաղաքական վերնախավի ու նրանց հետ փոխկապակցված օլիգարխների ձեռքին։ Նրանց խոսքով՝ Հայաստանում այժմ ձևավորվել է մի համակարգ, որտեղ մի քանի «ընտրյալներ» անհամաչափ վերահսկողություն ունեն իշխանության և որոշումների կայացման գործընթացի վրա և դա ծառայեցնում են իրենց նեղ շահերին՝ ի վնաս բնակչության։ Եվ այս ամբողջը արդյունավետ կերպով պաշտպանվում է դատաիրավական համակարգի կողմից, որը ռեժիմի անվտանգության երաշխավորն է և արգելափակում է ժողովրդի կողմից դրա դեմ ուղղված ցանկացած մարտահրավեր։.......

....Զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները ծախսերի և եկամուտների մասով գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար։ Սա հսկայական գումար է, որը կարող էր ուղղվել կրթությանը, առողջապահությանն ու մյուս ոլորտներին։ Զեկույցի հեղինակները նաև հաշվարկել են, թե որքանով են տնտեսական աճի վրա ազդում կոռուպցիան և կառավարման համակարգի անկատարությունը։ Ըստ այդ հաշվարկների՝ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։ Եվ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ, եթե կոռուպցիայի դեմ իրոք պայքար մղվեր, և շտկվեին կառավարման համակարգի թերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել