18000 դրամ գործազրկության թոշակ, սպառողական նվազագույն զամբյուղից 3 անգամ պակաս, բայց դրանից էլ կզրկվեն գործազուրկները 2014-ից: Սա լյումպենական պետության կառուցման վերջնակետն է: Գլխավոր պարադոքսը. ՀՆԱ-ի հաստատուն աճին զուգընթաց՝ սոցիալական քաղաքականությունը հետընթաց է գրանցում: Հասարակությունը, ժողովուրդն ընդհանրապես, վերջնականապես զրկվում է պետական որևէ աջակցությունից: Դեմոգրաֆիա պետք չէ, այն միայն գիտություն է, սոցիալականություն պետք չէ. այն միայն դասական օրինակ է: Մեզ մոտ մարգինալ շերտեր չկան, բայց ամեն ինչ գնում է մարգինալացման, որովհետև լյումպենականությունը, սոցիալական արմատներից զուրկ շերտերը սոցիալական միջավայրից դուրս են մղվում: Ռեսուրսների սխալ բաշխումը, պետության անտեսանելի ձեռքի անդառնալի անհայտացումը անընդհատ զարկ են տալիս սոցիալական բևեռացմանը, մոբիլիզացիան միմիայն մի ձև է ընդունում՝ ուղղահայաց. հարուստները դիզում են, աղքատները՝ թաղվում կամ հեռանում:

Ամեն ինչ ու ամեն ոք դառնում է ապրանք որոշների համար, սպառողական կուլտուրան խժռում է տնտեսություն, արժեհամակարգ, պետություն հասկացությունները: Դաշտը մնում է միայն պոպուլիստներին ու բիզնեսմեններին, ոչինչ չի արտադրվում, ոչ մի գաղափար, մշակութային սնանկություն, ուղեղների լվացքատուն, ցածր սոցիալականություն, դեէկոնոմիզմ, շոու, բիզնես, փող: Վերջին երկուսը միայն մի քանիսի համար, մնացածը՝ բոլորի: Տնտեսությունը վերջնականապես վերածվում է բիզնեսի, քաղաքականությունն օբստրուկցիոն պոլիտիկանների համար դառնում է սեփական փոքրոգության իրացման անդաստան, դե իսկ հասարակությունն էլ ընկալվում է որպես այդ անդաստանի ու բիզնեսի սպառող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել