Հոկտեմբերի 19-ին «Պետական գործիչների դպրոց» նախագծի շրջանակներում ուսանող երիտասարդները հյուրընկալել էին «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանին և նույն կազմակերպության իրավաբան Լուսինե Թասալյանին: Հանդիպման առիթը սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված և հունիսի 11-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն էր:
Հանդիպմանը հրավիրված էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի իրավաբան Նաիրա Եդիգարյան-Մինասյանն, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է սույն օրենքի շուրջ խորհրդակցություն-քննարկումների:
Արման Բոշյանը հանդիպման ընթացքում նշեց, որ նման օրենքի ընդունումը վտանգում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հայ ընտանիքի ավանդական ընկալումները, այն հակասում է հայ ինքնությանն ու արժեհամակարգին, ինչպես նաև սույն օրենքը անհրաժեշտ օրենսդրական հնարավորություններ է ստեղծում համասեռամոլության և այսպես կոչված ԼԳԲՏ (լեսբյան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի լայնածավալ քարոզչության և իրավունքների ամրագրման համար: Օրենքը հստակ ձևակերպում է տալիս սեռափոխ անձանց իրավունքերի ամրագրմանը գենդեր եզրույթին, ինչը բանաձևում է որպես տարբեր սեռի անձանց, ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք:
Ի սկզբանե, հանրության կողմից ընդունելի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձևակերպումների քողի ներքո սույն օրենքը կանաչ լույս է վառում սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն դրսևորող ԼԳԲՏ համայնքի իրավունքների և քարոզչության հնարավորությունների ապահովման համար:
Ըստ բանախոսի, նշված օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտադրվել է Եվրամիության կողմից և Եվրամիության հետ Հայաստանի Հանարապետության կողմից Ասոցացման պայմանագրի կնքման դեպքում օրենքի կիրառումը կլինի անբեկանելի և պարտադիր:
«Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության իրավաբան Լուսինե Թասալյանը մասնավորապես նշեց, որ սույն օրենքի ջատագով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, օրենքի համահեղինակ հանդիսացող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ օրենքը դրվել է հանաժողովրդական քննարկման, ստացել է հավանություն և նոր միայն փոխանցվել Ազգային Ժողովի պատգամավորներին վճիռ կայացնելու համար: Սակայն Օրենքի նկատմամբ հազարավոր մարդկանց, մասնագետների, մտավորականների, տասնյակ կազմակերպությունների, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու խիստ բացասական կեցվածքը խոսում է ամբողջությամբ այլ իրողությունների մասին:
Հանդիպման ավարտին բանախոսները մեր ուսանողներին ցուցադրեցին «Համահայկական ծնողական կոմիտե» Հ/Կ-ի կողմից պատրաստված «Ինչ է պարտադրվում Հայաստանում ?» փաստավավերագրական ֆիլմն, որտեղ բազմաթիվ փաստերով ու բազում նյութերով հիմնավորեցին իրենց իրավացիությունը, դեռ ավելին, հայտնի դարձավ, որ որոշ եվրոպական երկրներում այսօր արդեն իսկ աշխատանքներ են գնում օրինականացնելու մանկապղծությունն ու ինցեստը՝ ամուսնությունները մերձավոր ազգականների, քույրերի ու եղբայրների միջև, իսկ նման առաջարկություններով հանդես եկած ուժերը նույնիսկ հայտ են ներկայացրել որոշ երկրներում՝ մասնակցելու քաղաքական իշխանության ձևավորմանը:
«Պետական գործիչների դպրոց» ծրագրի ուսանողներն ակտիվ ներգրավվեցին քննարկմանը և ցավով արձանագրեցին, որ իսկապես, շատ պաշտոնյաների անտեղյակության կամ պաշտոնեական անփութության պատճառով, իսկ երբեմն նաև անձնական շահադիտական նպատակով, լրջագույն սպառնալիք է առաջացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ընտանիքի ինստիտուտի, ազգի և պետության նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել