Անցած կիրակի «Խորհդարանական շաբաթ»-ի համար իմ խոսքը հիմնված է եղել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) վերջին համառոտագրի վրա: 

Սեպտեմբերի երեքից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը ընտրում է մաքսային միության և Եվրասիական միության ուղին, ոչ-ոք չնկատեց, որ Հայաստանի ներսում գրանցվեց մտքի ու գաղափարի խորը ճգնաժամը: Խնդիրը ոչ թե Հայաստանի տնտեսական ապագան Ռուսաստանի, Բելառուսիայի ու Ղազախստանի հետ կապելու հիմնավորված փաստարկների բացակայության մեջ էր, այլ, որ ակնհայտ ցուցադրվեց Հայաստանում տնտեսական քաղաքականության բացակայությունը: 

Փաստարկված հիմնավորումներ ու տնտեսական քաղաքականություն չկար նաև այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց միանալ ԱՊՀ-ին, այն ժամանակ ԱՊՀ-ն նոր էր ստեղծվում, ու ոչ ոք չէր պատկերացնում, թե դա ինչ է: Հիմնավորումը մեկն էր` պետք է:

Հետագայում սկսվեց ուրվագծվել Հայաստանի տնտեսական ուղին, ու այն ոչնչով չտարբերվեց մեր նման անցումային երկրների ուղուց` ազատականացում, շուկայական հարաբերություններ, մրցակցություն: Հայաստանը չորս տարի գերազանցիկի պես նստեց բանակցությունների սեղանի շուրջ Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի համար: Իսկ վերջում որոշեց տնտեսական զարգացման իներցիան կանգնեցնել և հայտարարել` գնում ենք դեպի Մաքսային միություն` պետք է, անվտանգության հարց է: 

Թեպետ Հայաստանը Եվրոպային հայտարարում է «և-և»-ի պատրաստակամություն, այդ պատրաստակամության ոչ մի ներքին տեղաշարժ չի երևում: Ներքին դիսկուրսները սահմանափակվեցին նրանով, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության ջահը ով ավելի բարձր կբարձրացնի: Եվրոպական ջահը ոչ միայն անտեսվեց, այլև հակաեվրոպական մի ամբողջ անհիմն ալիք բարձրացավ: Այս պարագայում Հայաստանի իշխանությունները միայն մեկ ելք ունեն: Ու այս ելքը թվում է ուտոպիստական, քանի որ խնդրի տեսքով այն տասնյակ տարիներ դրված է սեղանին` վերացնել կոռուպցիան, պետական կառավարման որակը կտրուկ փոխել, շուկան մոնոպոլիաներից պաշտպանել, դարձնել այն ավելի ազատական ու մատչելի, սպառողների շահերի պաշտպանման մեխանիզմներ ներդնել և այլն: Այսինքն ինքնուրույն իրականացնել այն բոլոր խոստումները, որ տվել ենք եվրոպացիներին, ու անել դա ինքնուրույն, սեփական ուժերով: Կլինի՞ նման քաղաքական կամք: Ահա այս հարցի պատասխանին են, կարծում եմ, սպասում Եվրոպայում, որպեսզի Երևանի պաշտոնական հայտարարած համատեղելիության թեզը կյանքի կոչելու մասին խորհեն: Առայժմ նման տեղաշարժ չկա:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել