Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արագ և կոշտ արձագանքեցին Եգոր Շերբակովին սպանած ադրբեջանցի Զեյնալովի ձերբակալությանը՝ հայտնի իրողություն է: Օրինակ, Իլհամ Ալիևի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարեց, որ իրենց քաղաքացու նկատմամբ ռուս իրավապահները հարգանք չեն դրսևորում, հաշվի չի առնվում անմեղության կանխավարկածը և այլն: Այս հանգամանքը Հայաստանում անարձագանք չմնաց և շատերի կարծիքով սա խոսուն վկայությունն է սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հոգածության, ինչը չի դրսևորվում ՀՀ իշխանությունների պարագայում: 
Այն, որ մեր իշխանությունները նաև արտերկրում սեփական քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության առումով խնդիրներ ունեն՝ փաստ է: Սակայն դա որևէ կերպ չի վկայում այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները նվիրյալներ են և անքուն գիշերներ են անցկացնում սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով, իսկ մենք նախանձով պետք է նայենք ադրբեջանցիներին: Բանն այն է, որ ալիևյան վարչակազմի քայլերով "ոգևորվածները" մի քանի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում.
1. Այն, որ հետընտրական շրջանում Ալիևի իշխանությունների համար կարևոր նշանակություն ուներ բողոքի հնարավոր ալիքը այլ հուն տեղափոխելը: Իսկ Զեյնալովի դեպքը այդ իշխանությունների համար կարծես երկնքից իջած պարգև լիներ, քանի որ այս հարցի շահարկմամբ հնարավորություն ստեղծվեց ժողովրդի ուշադրությունը որոշակիորեն շեղել, իսկ մյուս կողմից՝ սեփական քաղաքացիների մասին հոգածության պատրանքը ձևավորել:
2. Ադրբեջանի իշխանությունների հոգատարությունը սեփական քաղաքացիների հանդեպ պետք է գնահատվի ոչ թե կոնկրետ և քաղաքական նշանակություն ունեցող դեպքի հիման վրա, այլ՝ երկրում ընթացող ժողովրդավարական զարգացումների համատեքստում: Իսկ վերջինիս պարագայում Ադրբեջանը որևէ չի կարող հավակնել քաղաքացիների շահերը հոգացող ու պաշտպանող պետության կարգավիճակին: Այդ մասին են վկայում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցները և այլն:
3. Ադրբեջանի իշխանությունների հոգածությունը սեփական քաղաքացիների հանդեպ դրսևորվում է այն ժամանակ, եթե այդ հոգածությունը կենսական նշանակություն ունի գործող իշխանությունների համար: Հակառակ դեպքում՝ հոգածության մասին խոսելը դառնում է ավելորդ:

Այսինքն՝ զուգահեռներ անցկացնելուց և գնահատականներ տալուց առաջ խիստ կարևոր է հաշվի առնել այն քաղաքական համատեքստը, որում գործել են Ադրբեջանի իշխանությունները, այլապես ստիպված կլինենք հեռանալ ճշմարտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել