Մի հարյուր տարի կլինի, ինչ բլոգում գրառում չեմ թողել: Կարոտել էի բլոգը:
Երևի մի 100 տարի էլ չէի թողնի, եթե Youtube-ում չդիտեի Արմքոմեդու տղեքի, Մեկ ազգի համանախագահի ու բլոգեր Փղի բանավեճը:
Ավելի ճիշտ, բանավեճ չկար էլ. Մեկ ազգի համանախագահը մեղադրում էր ու վիրավորում Արմքոմեդու տղեքին, թե ինչու են վերջիններս ծաղրել իր կառույցի «ազգանվերահայաստեղծ» պաստառները: Նրանք էլ արդարանում էին, թե մենք հարգում ենք դրանցում ամփոփված գաղափարները (գոնե մեծ մասը), ուղղակի մատուցման ձևն է տհաճ:
Բլոգեր Փիղն էլ (Տիգրան Քոչարյան) ինչ-որ չեզոք դիրքորոշում ուներ. կողմ էր Մեկ ազգի գաղափարներին ու դրանք քարոզելու մեխանիզմներին (որոշ բացառություններով), ուղղակի մեկ-մեկ դիտղություն էր անում համանախագահին` ավելորդ տաքարյունության և բանավեճի կանոնները խախտելու համար:
«Մեկ ազգի» ելույթը կանխատեսելի էր. պարզունակ պաստառների վերաձևակերպում: Փոխարենը, անսպասելի էր բանախոսների արձագանքը:
Պարոն համանախագահը բառացիորեն քլնգում էր օպոնենտներին` քանզի վերջիններս ծաղրել էին իր «ազգանվեր և հայրենասիրական գործը»: Ավելին, նա հայրենասիրության դասեր էր տալիս բոլորին, բացատրում թե ինչ է բարոյական նկարագիրն ու ամեն կերպ փորձում ապացուցել Մեկ ազգի գործունեության անսխալականությունը:
Բանախոսներից ես չէի ակնկալում երկարաշունչ ու տրամաբանական բանավեճ: Ինձ թվում էր, որ մի պահ տղաներից մեկն ուղղակի կասեր.
«Հարգելի համանախագահ, նախ, հայրենասիրությունը մեզ համար չի նույնանում բաց պորտերի, էրոտիկ կայքերի և համասեռամոլության դեմ պայքարի հետ: Այն նաև կույր պայքար չէ ընդդեմ աղանդների, և ոչ էլ Հայ առաքելական եկեղեցու կամ բանակի պարզունակ գովերգում: Այն նույնիսկ աշխատանքային պայմանագրերի անհրաժեշության քարոզ չէ:
Մեզ համար հայրենասիրությունը նախևառաջ ՀՆԱ-ի աճ է, տնտեսության դիվերսիֆիկացիա, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերությն խթանում, կրթական համակարգի բարելավումը: Եվ մենք խորապես թքած ունենք, թե այս գործին իր ավանդը բերող ՀՀ քաղաքացին սեռական ինչ կողմնորոշում ունի կամ էլ պորտի բացվածքի ինչ մակերես:
Մարդիկ աղանդավոր են դառնում ոչ թե նախազգուշացնող «պլակատների» պակասից, այլ սոցիալական ծանր կացությունից: Ահա թե ինչու ենք մենք գնահատում ՀՆԱ աճը: Բացի այդ, «Փառք բանակին» կարգախոսներով բանակ չես բարեփոխի: Դրա համար պետք է հզոր տնտեսություն, գիտություն ու քաղաքացիական հասարակությունը: 
Իրականում, Ձեր պաստառներում չկա որևէ հայրենասիրական կամ ազգային կոչ: Այնտեղ կան միայն դատարկ ու պոպուլիստական ծեծված մտքեր և այդ պատճառով էլ մենք ծաղել ենք դրանք:
Բացի այդ, դուք չէ որ պետք է մարդկանց բարոյականություն քարոզեք: Յուրաքանչյուր ոք ունի իրեն հարազատ արժեքները դավանելու և ցանկալի կենցաղ վարելու իրավունք, որն ամրագրված է սահմանադրությամբ: Մի խոթեք ձեր քիթն այնտեղ:
Եվ վերջում, չհամարձակվեք վիրավորել մեզ: Դուք ինքներդ եք ապազգային և անբարոյական: Հաղորդավար, մեզ, խնդրում եմ, էլ երբևէ չհրավիրեք նման մակարդակի հանդիպումների:»
Եվ ուղղակի լքեին սրահը:
Նման պատասխան էի ես ակնկալում: Ինչէ, ստացա մոտավորապես սա` «Մենք Ձեր գաղափարներին հիմնականում դեմ չենք, ուղղակի արտահայտչամիջոցներն են վատը»: Մի խոսքով, արդարացում:Թե այնտեղ ուր է գաղափար, այդպես էլ չհասկացա: Միայն պարզունակ ու ծեծված մտքեր:
Վերջում էլ, Մեկ ազգի համանախագահը ամփոփիչ «ապտակ» հասցրեց` մերժելով Արմքոմեդու հետ համատեղ ինչ-որ նախագիծ անելու Փղի առաջարկը: Հասկանալի է, որ առաջարկը հումորային էր: Ինչ-որ է, ցանկալի կլիներ, որ առաջինը մերժեին տղաները:
Մի խոսքով, խավարամտության հաղթարշավ, ընդ որում, բավական ստորացուցիչ, թեկուզև ինձ համար... Ցավալի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել