Ազգային-եկեղեցական մի տոն, որով տարբերվում ենք մյուս ժողովուրդներից և եկեղեցիներից: Այն հրաշալի մի առիթ է՝ մեր ուխտը վերանորոգելու ՀԱՅ ԴՊՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ու ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ հանդեպ: Ս. Թարգմանիչների աներեր հավատքն իմաստավորվում էր անմահ գործերով, նրանց հայրենասիրությունը միայն բառերով չէր, այլ գործով, իսկ նրանց կյանքն ամբողջական նվիրում էր: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի առաջնորդությամբ այդ մի խումբ նվիրյալները հեղաշրջեցին հայ մարդու միտքն ու հոգին՝ գրերի գյուտով, Ս. Գրքի և ժամանակի հայրախոսական ժառանգության հայերեն թարգմանությամբ սկիզբը դնելով ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ և ՎԵՐԵԼՔԻ: Պողոս առաքյալն ասում է. Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին` հետևո՛ղ եղեք նրանց հավատին: Ուստի ամեն մի հայ իրեն հարց պիտի տա, թե ո՞վ է իր առաջնորդը և ո՞ւմ հավատքին է ցանկանում հետևել: Ինձ համար պատասխանը միանշանակ է՝ այդ առաջնորդները Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐՆ են, և ես ուզում եմ նրանց հավատքին հետևել: Մեր բազում մեծերի գերեզմաններն այսօր այլևս չկան, բայց բարեբախտություն է և հավանաբար աստվածային նախախնամություն, որ Հայաստան աշխարհում ունենք ԱՄԵՆԱՀԱՅԻ՝ Ս. ՄԵՍՐՈՊԻ գերեզմանը: Արժևորենք այս ամենը և խնդրենք, որ Ս. Մեսրոպն ու մյուս Թարգմանիչ վարդապետները բարեխոս լինեն մեզ համար Աստծո մոտ, քանզի դրա կարիքը շատ ունենք և ուխտենք, որ հավատարիմ ենք լինելու նրանց սկսած գործին և մեր նվիրական սրբություններին՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՀԱՅ ԴՊՐՈՑԻՆ, ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՆԱԿԻՆ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել