Սկիզբը՝ այստեղ։

Շուտով հասկացանք, որ տեղացիներն ընդհանրապես չեն օգտվում թղթե անձեռոցիկներից, գրեթե չեն օգտագործում ցելոֆանե տոպրակներ (կարծես միայն աղբամաններում), խուսափում են քիմիական բաղադրությամբ նյութերից՝ օգտագործելով միայն բնական, օրգանական, էկոլոգիապես մաքուր ու բնության ռեսուրսները հնարավորինս խնայող նյութեր՝ տնական, թե խանութից գնված։  Նաև անընդհատ նորանոր ուղիներ են փնտրում էներգիայի ու բնության ռեսուրսների հնարավորինս արդյունավետ ու մինիմալ օգտագործման համար։ Իհարկե, մեզ՝ քաղաքակիրթ բարբարոսներիս համար և՛ ննջասենյակում, և՛ խոհանոցում դրված էին թղթե անձեռոցիկներ, բայց տարբեր առիթներով համոզվեցինք, որ բնակիչներն իրենք չեն օգտվում դրանցից։
Բոլոր տների տանիքների մի կողմն ամբողջությամբ ծածկված էր արևային մարտկոցներով,որոնք ապահովում էին բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի մի մասը։

Բացի տների տանիքների վրայիներից, նաև ավանի ընդհանուր տարածքում առանձին արևային մարտկոցներ կային դրված.


Այգիներում էլ մի քանի «արևային ջեռոց» նկատեցինք.



Ուշ երեկոյան տանտերն իջավ գետնահարկ՝ մեզ հետ ծանոթանալու ու մեզ ավանի անցուդարձին, պայմաններին ու առօրյային ծանոթացնելու։ Ասաց, որ կարող ենք նախաճաշել՝ օգտվելով սառնարանում եղած բնական, օրգանական ու տնական սննդամթերքից, ինչպես նաև այգու բարիքներից։ Իսկ ճաշ պատրաստելու համար պետք է օգտվեինք Ընդհանուր տան խոհանոցից.




Անձեռոցիկի փոխարեն օգտագործվող սրբիչի կտորները.

Ընդհանուր տունը նախատեսված էր համայնքի ամենատարբեր ոլորտի հետաքրքրություններն ու անհրաժեշտությունները բավարարելու համար։ Երկու հարկանի ոչ այնքան մեծ այս շինությունը ներառում էր ընդարձակ ու հարմարավետ խոհանոց, ճաշասրահ, հաճելի գրադարան–ընթերցասրահ, խաղասենյակ, լվացքատուն, բիլիարդի ու թենիսի սրահ, ինչպես նաև մի սենյակ՝ բազմաթիվ պահարաններով, որտեղ բնակիչները պարբերաբար դնում էին իրենց պետք չեկող, բայց պիտանի իրեր, որպեսզի ցանկացողները վերցնեն։ Ճաշասրահի մի անկյունում փոքրիկ սեղանի շուրջ երբեմն կանայք հավաքվում են առավոտյան սուրճի գավաթի շուրջ զրուցելու։

Խոհանոցին կից ճաշասրահի մի մասը.



Ճաշասրահում եղած ձեռքի աշխատանքներից.





Գրադարան–ընթերցասրահը.





Խաղասենյակը.


Ընդհանուր տան առաջին հարկում նաև վարձով տրվող սենյակներ կան, իսկ երկրորդ հարկում՝ գրասենյակներ՝ տնից աշխատողների համար, որոնք վարձում են բնակիչները։ Իսկ ընդհանրապես բնակիչներից ոմանք քաղաքում են աշխատում, ոմանք աշխատում են դրսում, բայց ֆիզիկապես ավանում մնալով, ոմանք էլ հենց ավանում ունեն իրենց փոքրիկ բիզնեսը՝ մի մասն այգեգործության մեջ է խորացած, մի մասը՝ ձեռքի աշխատանքների,  և այլն։
Ընդհանուր տան դուռը, ինչպես որ ավանում ցանկացած այլ դուռ, գիշեր–ցերեկ բաց է բոլորի համար, և ցանկացած մարդ՝ լինի բնակիչ, թե այցելու, ազատ է այնտեղից օգտվելու։ Իհարկե, կան բաներ, որ միայն բնակիչների համար են, օրինակ՝ այնտեղ ճաշ պատրաստել կարող է ցանկացած մարդ՝ օգտվելով գազօջախից, ամանեղենից և խոհանոցային այլ պարագաներից, սակայն սննդամթերքը նախատեսված է միայն համայնքային հավաքույթների համար։ Բնակիչներն ամսական որոշակի գումար են վճարում Ընդհանուր տան և մի շարք այլ ծախսեր հոգալու համար։ Ամեն դեպքում էնտեղ ոչ ոք չի հսկում, թե ով եկավ, ինչ արեց. ամեն ինչի հիմքում փոխադարձ վստահությունն է։
Բնակիչներից յուրաքանչյուրը շաբաթական չորս ժամ հասարակական աշխատանք է կատարում համայնքի համար։ Ամեն մեկը զբաղվում է էն գործով, որից լավ գլուխ է հանում։ Օրինակ, համայնքային հավաքույթների համար ճաշերի պատրաստումը հիմնականում մի խումբ կոնկրետ կանանց պարտականությունն է, որոնք համեղ պատրաստել գիտեն։

Ավանում մեր անցկացրած նախավերջին օրը Իտակայի քոլեջներից մեկի ինչ–որ դասախոս իր ուսանողներին բերել էր էկոավան՝ էքսկուրսիայի՝ որպես իր դասավանդած առարկայի՝ էկոլոգիական թե տնտեսական կայունության պահպանման (economical sustainability. չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ թարգմանում) դասընթացի մաս։ Ասաց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ իր ուսանողներին բերում է էստեղ։ Իսկ կոնկրետ այդ դասընթացը դեռ մի քանի տարի է, ինչ ընդհանրապես մտցրել են ուսումնական ծրագրի մեջ։ Էքսկուրսիային մենք էլ միացանք, որի ընթացքում նաև մի քանի տներ այցելեցինք՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար։ Դրանց բոլորի հիմնական ընդհանրություններից մեկը բնական նյութերից ձեռքի աշխատանքների առատությունն էր։ Ահա ինտերիերներից մի քանիսը.





Էկոավանի տարածքում՝ ծառերի ու թփերի խորքերում կորած մի գողտրիկ անկյունում նաև շոգեբաղնիք (սաունա) կար, որը միաժամանակ տասնհինգ մարդ կարող է տեղավորել։

Սա էլ ավանի արհեստական լիճը՝ ջրաշուշաններով.


Ավանում նաև մի փոքրիկ «դդմանոց» ունեն, որտեղ ինչ–որ ձևավոր պոչերով հետաքրքիր դդումներ են աճեցնում՝ զանազան դեկորատիվ ու կիրառական իրեր պատրաստելու նպատակով.





Բնակչուհիներից մեկն էդ գծով խորացած էր. դդումներից ծաղկամաններ, լուսամփոփներ և այլ իրեր էր պատրաստում, ինչպես նաև համապատասխան պարապմունքներ կազմակերպում։
Ահա նրանց կայքից որոշ նկարներ.




Բացի սեփական փոքրիկ այգիներից, ավանում կա նաև մեծ ընդհանուր հողամաս, որտեղ աշխատում են հիմնականում բնակիչներից մի քանիսը, բայց դրամական ներդրում անում են գրեթե բոլորը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել բերքից։ Մեզ ասացին, որ էնտեղ գործում է նաև «Քաղիր ինքդ» կոչվող ակցիան, որի ժամանակ ցանկացած մարդ կարող է որոշակի գումարի դիմաց իր համար որոշակի քանակությամբ բերք քաղել։ Մեր հաշվարկների համաձայն՝ բոլոր առումներով ձեռնտու էր, որովհետև նախ շուկայականից էժան էր, օրգանական, և հետո՝ շուկայի օրգանականից անհամեմատ ավելի համեղ։
Մենք էլ որոշեցինք օգտվել այդ շրջանում ընթացող մորու բերքահավաքից։ Երբ ցանկապատի դռնից ներս մտանք, մի քանի կին իրենց երեխաների հետ հավաքված էին մուտքի մոտ դրված փոքրիկ սեղանիկի մոտ։ Մտածեցինք՝ երևի պիտի իրենց մոտենանք, ասենք՝ ինչքան ենք ուզում քաղել, քաղելուց առաջ կամ հետո գումարը վճարենք, գնանք։ Բայց նրանք ոչ միայն մեզ վրա ընդհանրապես ուշադրություն չդարձրին, այլև շուտով ամաններն առան ու հեռացան դեպի մորու թփերը։ Շվարած կանգնել էինք՝ չիմանալով, թե ում դիմենք, ինչ անենք։ Հետո նկատեցինք փակցված ցուցանակը, որի վրա գրված էր, թե որ մասերից պիտի քաղենք, որքան բերքի համար որքան պիտի վճարենք, որտեղ են դրված քաղելու համար նախատեսված ամանները և թե որ  ամանում է պետք դնել... փողը... Այսինքն՝ մեզ ոչ ոք չէր էլ ստուգելու. ինչքան կքաղես, ինչքան կվճարես, կամ ընդհանրապես կվճարես, թե ոչ՝ թողնված է քո խղճին։


Ինձ թվում է՝ ամենահաճելի զգացումներից մեկն այն է, երբ քեզ վստահում են՝ առանց ճանաչելու։ Մի կողմից դու գիտես, որ չես չարաշահի այդ վստահությունը, մյուս կողմից գիտակցում ես, որ քեզ վստահողն, ախր, չգիտի դրա մասին, ու որ իրականում ոչ բոլորն են արժանի նման վստահության, վստահողը նույնիսկ չգիտի՝ ում է վստահում, բայցևայնպես, վստահում է։ Եվ հենց այդ «բայցևայնպեսի» մեջ է ամբողջ հմայքը։ Ու քաղաքակիրթ թոհուբոհից կտրված այս փոքրիկ դրախտում գտնվելով՝ մի տեսակ չես էլ կարողանում պատկերացնել, որ որևէ մեկը կարող է հանդգնել դավաճանել այդ վստահությունը՝ խախտելով համատարած ներդաշնակության մթնոլորտը։

Էկոավանում գրեթե բոլոր տղամարդիկ մորուքով են, կանայք՝ որպես կանոն, երկար մազերով։ Բոլորն ուրախ են, խաղաղ ու բարեհամբույր։ Երեխաներն արտասովոր ճարպիկ են ու կոփված, նաև՝ շատ հանգիստ ու հետաքրքրասեր։
Էնտեղ կյանքի ռիթմը լրիվ այլ է։ Ակամա մոռանում ես էն տենդագին շտապողականության մասին, որ Նյու Յորք Սիթիի բնորոշ դեմքն է։ Մարդիկ էստեղ ապրում են իսկապես մարդկային կյանքով՝ առողջ, ակտիվ, միաժամանակ՝ հանգիստ, իրենք իրենց ու բնության հետ ներդաշնակ, ու կարծես իրենք իրենց կամ աշխարհին ապացուցելու բան չունեն։ Անհրաժեշտության դեպքում օգտվում են իրենց ապրելակերպի սկզբունքներին չհակասող ժամանակակից տեխնոլոգիաներից՝ միաժամանակ դրանց գերին չդառնալով։
Էկոավանը հիմնվել է տասնյոթ տարի առաջ և կազմված է երեք առանձին թաղամասերից, որոնցից ամեն մեկն իր Ընդհանուր տունն ունի և մի շարք փոքրիկ առանձնահատկություններ։ Երրորդ թաղամասը նոր է կառուցվում ու մի փոքր տարբերվում է մյուս երկու թաղամասերից և՛ արտաքին տեսքով, և՛ տների կառուցման սկզբունքներով.

Էկոավանում մշտապես զանազան ուսումնական ծրագրեր, դասընթացներ ու վորքշոփներ են կազմակերպվում ավանի ամենատարբեր մասնագետների կողմից, որոնց կարող են մասնակցել ինչպես բնակիչները, այնպես էլ ցանկացած մարդ։
Ավանը ամսական ժողովներ է գումարում, որոնց ժամանակ ցանկացած բնակիչ կարող է առաջարկ անել։ Առաջարկները դրվում են քվեարկության, բայց նույնիսկ եթե մի հոգի դեմ է լինում, այն չի ընդունվում։ Նման դեպքերում առաջարկը սկսում են մշակել, բարեփոխել՝ փորձելով ընդունելի դարձնել բոլորի համար։ Ու հաճախ վերջնական տարբերակն ընդունվում է։
* * *
Էնտեղ եղած ժամանակ նկատեցինք, որ Իտակա քաղաքում ընդհանրապես էլ, անկախ էկոավանից, էկոգիտակցությունը բավական բարձր մակարդակի վրա էր, համենայնդեպս, Նյու Յորքի հետ էինք համեմատում, ու սարեր–ձորերի տարբերություն էր։ Ամեն քայլափոխի դա վկայող մի բան կար։ Հետաքրքիր էր նաև, որ կրեատիվ առումով էլ էր աչքի ընկնում քաղաքը. բացի յուրօրինակ ձեռքի աշխատանքների լայն ընտրանի առաջարկող բազմաթիվ խանութներից, նաև փողոցներում ամեն քայլափոխի աչքովդ մի հետաքրքիր դիզայնով քանդակ, նկար, ձեռքի աշխատանք էր ընկնում։ Ընդհանուր առմամբ մաքուր, ուրախ ու գունեղ քաղաք էր։ Նյու Յորքն էլ է գունեղ քաղաք համարվում, բայց Նյու Յորքի գույները ագրեսիվ ու հոգնեցնող են։ Մեկ էլ նկատեցինք, որ ծխողներն էլ են շատ քիչ։ Ես դեռ Նյու Ջերսիում ապրելիս էի նկատել, որ Նյու Յորքն էդ առումով խիստ տարբերվում է. ամեն անգամ, երբ Նյու Յորք էինք գալիս, ծխողների կտրուկ աճը աչք էր ծակում։ Իսկ Նյու Ջերսիում հազարից մեկ կտեսնեիր որևէ ծխողի։
* * *
Էկոավանից վերադառնալուց հետո ամեն անգամ ձեռքս խոհանոցի անձեռոցիկին տանելիս տատանվում եմ. ինձ իսկապես անհրաժե՞շտ է էս պահին էդ թղթի կտորը, թե՞ կարող եմ առանց դրա յոլա գնալ։ Պարզվում է՝ մեծ մասամբ լրիվ հանգիստ կարող եմ ու կարող էի յոլա գնալ, մինչդեռ տարիներով ապրել եմ՝ խոհանոցումս երկու տարբեր հաստության թղթի ռուլոններ պահելով ու երկուսն էլ միշտ անխնա, առանց մտածելու օգտագործելով ամեն ստից բանի համար՝ չգիտակցելով, թե ինչքան ռեսուրսներ եմ անտեղի վատնում։ Ինչպես էս թղթի, էնպես էլ մի շարք այլ կենցաղային պարագաների առատությունն ու հասանելիությունը, բացի բնության ու մեր անձնական ֆինանսական ռեսուրսները սպառելուց, նաև մեզ սարսափելի անճար, ալարկոտ ու անփույթ է դարձնում։ Բոլորովին էլ կենսական անհրաժեշտություն չներկայացնող բազմաթիվ իրեր կամաց–կամաց դառնում են էդպիսին։ Մենք ինքներս ենք դա թույլ տալիս՝ ակամա դրանց գերին դառնալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել