Ոչ ոքի համար զարմանալի չէր այդ ծեր նկարչին օրվա մեջ մի քանի անգամ իր փոստարկղը ստուգելիս տեսնելը: Իսկ պատճառը կարելի էր միայն գուշակել, քանի որ նա խուսափում էր մարդկանց իր գաղտնիքները պատմելուց. բնավորության մի գիծ, որը բնորոշ է գրեթե բոլոր արվեստագետներին: Նման էր մի մոլորակի, որի մասին կարելի էր լսել, տեսնել, բայց շատ դժվար կլինի նրան մոտենալ:

Բոլորի համար առեղծվածային տխրությամբ համակված այդ ծերունին յոթանասունվեց տարեկան էր: Շատերը նրան նմանեցնում էին Վան Գոգին` նույն թախծալի աչքերով, երկար քթով ու հետ սանրած մազերով: Իսկ քայլվածքը նման էր այն մարդկանց քայլվածքին, որոնք անընդհատ ինչ-որ բանի են սպասում:

 Այս ծերունին արդեն երկար տարիներ սպասում էր նամակի ժամանելուն, բայց ի տարբերություն Վան Գոգի` դրանք երբեք չէր ստանում: Չնայած համոզված էր, որ փոստարկղը դատարկ է լինելու, օրվա մեջ մի քանի անգամ անվստահ քայլերով մոտենում էր, նայում և կրկին հեռանում: Ինքն էլ չգտեր` կստանա՞ արդյոք այդքան երկար սպասված նամակը իր միակ որդուց, որի կյանքում կարևորել էր կրթությունը և ցանկացել, որ նա կյանքում կարողանա հասնել մեծ բարձունքների: Ձգտել էր որդու մեջ սերմանել մարդկային այնպիսի հատկանիշներ, որոնք ձեռք են բերվում դժվար, բայց չեն լքում մեզ մեր ամբողջ կյանքի ընթացում: Նրա որդին, իրոք, հասավ սպասված արդյունքի` դառնալով իրավաբան: Իհարկե, այդ մասնագիտության տեր մարդիկ շատ են, բայց նա բոլորովին նման չէր այն արգահատելի իրավաբաններին, ովքեր իրենց գործը կատարում են կեղծավորությունը խրախուսելով: Ազնվությունն էր, որ օգնեց այս ներհուն երիտասարդին լինել սիրված և գնահատված բոլորի կողմից: Շուտով ստացավ աշխատանքի շահավետ առաջարկ. ստիպված էր մեկնել: Նա հասկանում էր, որ այդ որոշումը իր կյանքի ամենակարևոր որոշումներից է:

- Ես հավատացած եմ, որ սա շատ մեծ հնարավորություն է քեզ համար, տղա՛ս: Դու պետք է օգտագործես այն:

- Բայց ես չեմ ցանկանում քեզ մենակ թողնել: Ես կկարողանամ լավ աշխատանք գտնել նաև այստեղ:

Հայրը, այնուամենայնիվ, կարողացավ համոզել որդուն, որ նա ընդունի առաջարկը: Մի քանի օր անց հայրը տեղեկացավ որդու նամակից, որ նրա մոտ ամեն ինչ հրաշալի է: Դա էլ հենց եղավ առաջին և վերջին նամակը: Հայրը տարիներ շարունակ փորձում էր արդարացնել որդուն` համոզված լինելով, որ նա իրեն չէր կարող մոռանալ: Նրա համար ցավալի էր մտածել, թե իր միակ զավակը, որին սիրել էր այն սիրով, որին ընդունակ է միայն ծնողը, կարող էր այդքան շուտ մոռանալ իրեն:

 ***

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել