Երևանի փողոցներում, հատկապես ամառվա օրերին, հաճախ կարելի է հանդիպել տարեց օտարերկրացի զբոսաշրջիկների՝ "շորտիկներով", լուսանկարչական ապարատով, քարտեզը՝ ձեռքներին և ժպիտը՝ դեմքներին։ Այս մարդկանց տեսնելով միշտ մտածում եմ՝ տեսնես կլինի՞ այնպես, որ մեր տատիկ-պապիկներն էլ այդպես շրջեն այլ երկրներում, անհոգ վայելեն իրենց հանգիստը։ Իհարկե, դա դժվար է պատկերացնել։ Մեր տատիկ-պապիկները, որպես կանոն, կգերադասեն օտար երկրներում շրջելու փոխարեն այդ գումարը տրամադրել իրենց երեխաներին կամ թոռներին։ "Շորտիկ" հագնելու մասին էլ չեմ խոսում։ Սակայն, իհարկե, ամենամեծ խոչընդոտը նյութական հնարավորություններն են։ Բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրում էլ այնպես կլինի, որ մեր տարեցները հնարավորություն ունենան լիարժեք վայելել վաստակած հանգիստը։ Ինչպես կվայելեն, որտեղ, ում հետ՝ դա իրենք կորոշեն։ Սակայն կարևորը՝ հնարավորությունը լինի։ Եվ որ ավելի կարևոր է՝ ունենան տրամադրություն ու առողջություն՝ աշխարհը ոտքի տակ տալու համար։ Անկեղծ ցանկանում եմ, որ այդ օրվան շուտ հասնենք։
Սիրելի Տատիկ-Պապիկներ, այսօր ձեր տոնն է` Տարեցների միջազգային օրը։ Շնորհավորում եմ ու ցանկանում, որ ձեր յուրաքանչյուր օրը տոն լինի։ Թեկուզ այլ երկրներում չշրջեք, բայց գոնե անհոգ լինեք, առողջ, շրջապատված ձեր թոռնիկներով ու ժպտաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել