
Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածք ստացած քաղաքացի։
«Արմենպրես»-ին «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։
«Գյումրի» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածք ստացած անձը 2002 թվականին ծնված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ալիքսեյ Կ.-ն է՝ ծնված 2002 թվականին:
Նախնական տեղեկություններով ռուսական ռազմաբազայի զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել հրազենով։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել «Գյումրի» ԲԿ-ից։