Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

-Լսեք, Իոհան,- Ասաց Հեմինգուեյը,- ես էլ մշտական մեղադրանքներից պրծում չունեմ։ Փոխանակ իմ գրքերը կարդան, իմ մասին են գրում։ Իբր չեմ սիրել իմ կանանց։ Իբր մի հիմարի մռութին հասցրել եմ։ Իբր սուտ եմ խոսել, անկեղծ չեմ եղել։ Իբր հպարտ եմ եղել, մաչո եմ եղել։ Իբր հայտարարել եմ, որ ունեմ երկու հարյուր երեսուն վերք, այն դեպքում, որ դրանք ընդամենը երկու հարյուր տասն են։ Իբր ձեռնաշարժությամբ եմ զբաղվել, մորս եմ կոպտել։ -Դա անմահությունն է,- ասաց Գյութեն։ – Անմահությունը հավերժ դատ է։ 
-Եթե դա հավերժական դատ է, պիտի ուրեմն էնտեղ արժանավոր դատավոր լինի, ոչ թե սահմանափակ ուսուցչուհին՝ փայտը ձեռքին։
-Սահմանափակ ուսուցուհու ձեռքի փայտ. հենց դա է հավերժական դատը։ Ուրիշ ի՞նչ էիք պահկերացնում, Էռնեստ։ -Ոչինչ էլ չէի պատկերացնում։ Հույս ունեի, որ գոնե հանգիստ կապրեմ։
-Դուք ամեն ինչ արել եք, որ անմահ լինեք։
-Ապսուրդ է. ես ընդամենը գիրք եմ գրել։
-Հենց՝ դա, ծիծաղեց Գյոթեն։
-Ես բոլորովին էլ դեմ չեմ, որ իմ գրքերը անմահ լինեն։ Ես դրանք այնպես եմ գրել, որ ոչ մի բառ ոչ ոք չկարողանա փոխել, որ դրանք դիմանան շոգին ու ցրտին։ Բայց ես՝ ինքս, որպես մարդ, որպես Էռնեստ Հեմինգուեյ, թքել եմ անմահության վրա։
-Ձեզ հրաշալի հասկանում եմ, Էռնեստ։ Բայց պիտի կյանքի ընթացքում ավելի շրջահայաց լինեիք։ Հիմա արդեն ուշ է։
-Ավելի շրջահայա՞ց։ Դա ակնարկ է իմ պարծենկոտության մասի՞ն։ Հա, ջահել ժամանակ սարսափելի սիրում էի գլուխ գովել, ինձ ցույց տալ հասարակության առաջ։ Բայց հավատացեք, ես այդքան հրեշ չեմ եղել, որ դրա հետ մտածեմ անմահության մասին։ Մի անգամ, հենց գլխի ընկա, որ խոսքը դրա մասին է, տագնապն ինձ պատեց։ Դրանից հետո հազար անգամ խնդրել եմ բոլորին քթներն իմ կյանք չխոթել։ Բայց ինչքան շատ էի խնդրում, էնքան ավելի վատ էր լինում։ Որ դրանց աչքին չերևամ, հեռացա Կուբա։
Իսկ Նոբելյան մրցանակ ստանալով՝ հրաժարվեցի Ստոկհոլմ գնալուց։ Ասում եմ՝ թքած ունեմ անմահության վրա։ Ու կրկնում եմ. երբ մի անգամ գիտակցեցի, որ ինձ իր բռում է պահում, ես ավելի մեծ սարսափ ապրեցի, քան մահվան մասին մտքից կապրեի։ Մարդ կարող է կյանքին վերջ տալ, բայց անմահությանը վերջ տալ չի կարող։ Հենց անմահությունը ձեզ նավ տանի, էլ չեք կարող իջնել նավից։ Եթե անգամ ձեզ գնդակահարեք էլ, նավի վրա կմնաք ձեր ինքնասպանությամբ հանդերձ։ Իսկ դա մղձավանջ է, Իոհան, իսկական մղձավանջ։ Ես մեռած՝ պառկած էի տախտակամածին ու շուրջս իմ չորս կանանց էի տենում։ Նրանք կքանստել էին ու մի մարդու պես իմ մասին ինչ գիտեին, գրում էին։ Նրանց հետևում տղաս էր կանգնած, ու նա էլ էր գրում։ Ու ջադու պառավ Գերթրուդա Սթայնն էլ էր այնտեղ ու գրում էր։ Իմ բոլոր ընկերներն էին այնտեղ ու բարձրաձյան իմ մասին իրենց ինչ-որ ժամանակ լսած ամեն տեսակ ստոր բաներն ու բամբասանքներն էին պատմում։ Եվ հարյուրավոր լրագրողներ խռնվում էին նրանց շուրջը միկրոֆոններով։ Իսկ ողջ Ամերիկայի համալսարանական պրոֆեսորների բանակն էլ այդ ամենը դասակարգում էր, ուսումնասիրում, զարգացնում՝ հազարավոր գիրք ու հոդված շաղ տալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել