Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումները տարբեր ասպեկտներ են ներառում: Եվրոպական կուրսի կողմնակիցների մոտ ,հատկապես, գերակայող է տեսակետը, որ Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելու ցանկություն է հայտնել Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ճնշման ներքո: Նման տեսակետ հաճախ հանդիպում ենք Եվրոպական պաշտոնյաների և փորձագետների մոտ: Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրված տնտեսական ճնշումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ նմանատիպ ճնշումների կիրառման մասին խոսակցություններն իրականությունից հեռու չեն: Ակնհայտ է, որ Եվրոմիությունը և նրա պաշտոնյաները պետք է, որ տեղեկացված լինեին այս մասին և ձեռնարկեին որոշակի քայլեր և այս ամենով հանդերձ անհասկանալի է,թե ինչով էր զբաղված ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման պայմանգրի բանակցությունների ամբողջ 4 տարիների ընթացքում:

Բանակցությունները սկսել են դեռևս 2010թ.-ի և ակնհայտ է, որ բանակցային յուրաքանչյուր փուլում եվրոպացիների համար պետք է, որ լիարժեք բացահայտված լիներ (եթե մինչև այդ արդեն տեղյակ չէին) այն սպառնալիքները, որոնք կան Հայաստանի առջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, և ճնշման այն լծակները, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի ձեռքում՝ Հայաստանին ԵՄ Ասոցացման գործընթացից հետ պահելու համար: Հաշվի առնելով այդ ամենը՝ ԵՄ-ն պետք է Հայաստանի հետ առաջ շարժվեր ոչ թե «more for more» (ավելին ավելիի դիմաց) սկզբունքով կամ միայն դրա շրջանակներում, այլ երբեմն-երբեմն լիներ նախաձեռնող ՝ ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար, իսկ 4 տարին բավական ժամանակահատված էր նման գործընթացը զուգահեռ տանելու համար:

Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո եվրոպական դանդաղաշարժ բյուրոկրատիան կարծես ուշքի եկավ: Եվրամիությունում հասկացան, որ եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն Արևելյան գործընկերության անդամ պետություններին, հատկապես, տնտեսական աջակցության գործում, ապա Հայաստանի ճակատագիրը կարող են կիսել նաև Մոլդովան և Ուկրաինան: Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը որոշել է վերացնել մոլդովական գինու ներկրմանն առնչվող բոլոր սահմանափակումները: Այս քայլով, ըստ էության, ԵՄ-ն չեզոքացնում է ռուսական շուկա մուտք գործելու մոլդովական գինների արհեստական արգելափակման հնարավոր բացասական հետևանքները մոլդովական տնտեսության վրա: Ավելին՝ ԵՄ-ն հայտարարել է, որ մաքսիմալ աջակցություն է ցուցաբերելու Ասոցացման գործընթացի պետություններին ռուսական տնտեսական-քաղաքական ճնշմանը դիմակայելու համար: Հետևելով Եվրամիության այս գործողություններին, հարց է առաջանում, ի՞նչն էր խանգարում Եվրոպային Ասոցացման բանակցությունների այս 4 տարիների ընթացքում հնարավորինս բացել շուկան Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ապրանքների համար, ի՞նչն էր խանգարում այս երկրների հետ վիզային ռեժիմը, մարդկային տեղաշարժերը դյուրացնելուն, ի՞նչն էր խանգարում առավել ինտենսիվ և ագրեսիվ ներդրումներ կատարելուն և ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն, եթե ԵՄ-ում իսկապես այս երկրներին ցանկանում էին տեսնել ԵՄ-ի հետ առավել սերտ ինտեգրացիոն գործընթացներում, չէ որ տվյալ երկրները և´ տնտեսական, և´ քաղաքական առումով բավականին ռեսուրսներ չունեին դիմակայելու ռուսական ճնշումներին:

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ դեռևս ուշ չէ և դեռևս ամեն ինչ կորցված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել