
Lurer.com-ը գրում է․
«Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վիճակի մասին, որը հունվարից կոմայի մեջ է։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։
Նրա խոսքով՝ Տիգրանն սկսել է արձագանքել արտաքին խթաններին՝ սեղմում է մատները, թարթում է ի պատասխան իրեն ուղղված խոսքի, իսկ երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։
«Նա չի խոսում, բայց պատասխանում է։ Ես ասում եմ՝ «Սիրելիս, եթե լսում ես ինձ, թարթիր», և նա թարթում է։ Ես ասում եմ՝ «Գնանք տուն», և նա բացում է բերանը, շարժվում, ձեռքերը մեկնում։ Մենք շփվում ենք, չնայած նա լուռ է։ Ես համբուրում եմ նրա ոտքերը, և նա ի պատասխան ծալում է մատները», - կիսվել է Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով Բորիս Կորչևնիկովի հետ «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում։
Նա նշել է, որ հունվարի սկզբից, երբ Քեոսայանը կլինիկական մահ տարավ և կոմայի մեջ ընկավ, մինչև ամսվա վերջ որևէ ռեակցիա չի ցուցաբերել։ Միայն մի քանի շաբաթ անց հայտնվեցին արձագանքի առաջին նշանները՝ ձեռքերի շարժումներ, աչքերի ռեակցիա։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր ամուսնու առողջության համար և հույս է հայտնել, որ հենց նրանց աջակցության և աղոթքների շնորհիվ է, որ Տիգրանը սկսել է բացել աչքերը։
«Առաջին ամիսը ես հիվանդանոցում ապրեցի՝ բառացիորեն այնտեղ էի հաստատվել։ Առաջին շաբաթը ոչինչ չէի ուտում, ոչ մի փշրանք։ Ես նույնիսկ չգիտեի, որ դրան ընդունակ եմ», - ասել է Սիմոնյանը։
Նա նաև հավելել է, որ բժիշկները կանխատեսումներ չեն անում։
«Սա բժշկության շրջանակներից դուրս է։ Ոմանք կոմայից դուրս են գալիս մեկ ամսում, ոմանք՝ վեց տարում, ոմանք՝ երբեք», - ասել է նա։
RT-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ Քեոսայանը լուրջ սրտի խնդիրներ ունի՝ նա երեք անգամ սրտի կաթված է տարել։