Հարցրեք, միշտ հարցրեք, և Ես ձեզ Իմ պատասխանը կտամ: Հարցրեք` պատասխան լսելու ակնկալիքով: Հարցրեք և լսեք: Ինչպես ձեզ բերան Եմ տվել խոսելու, այդպես էլ ականջ` լսելու: Միայն թե` ճանապարհը լսելիքի և խոսելիքի մեկն է` սիրտը: Սրտով խոսեք և սրտով լսեք: Խոնարհ եղեք հարցնելիս, որովհետև Իմ պատասխանները խոնարհում են պահանջում: Եթե կամենում եք Բարձրյալի պատասխանը լսել, ապա այն փնտրեք ամենացածր ու խոնարհ տեղերում: Եթե Իմ պատասխանի ճանապարհին որևէ խոչընդոտ է հանդիպում, այն լռում է: Իմ Ձայնը երբեք չեմ խառնում աշխարհի ձայների աղմուկին: Եղեք Ինձ հետ առանձնացած` խոսելիս, և լսեք Իմ Ձայնը առանձնության մեջ:

Ես միշտ Եմ խոսում, միայն թե դուք Ինձ չեք լսում: Աշխարհի քաոսն ու աղմուկը մի նպատակ ունեն` խլացնել Իմ Ձայնը: Պետք է այնքան խորագիտություն ունենայիք` հասկանալու համար, որ աշխարհում ոչինչ աննպատակ չի արվում: Երբ աշխարհը կխոսի ինչ-որ բանի մասին, նախքան նրան լսելը, ակնկալեք Իմ պատասխանը: 

Աշխարհը կխոսի հուսահատությունից, իսկ Ես կասեմ, որ Իմ մեջ այդ արտահայտությունը տեղ չունի, բայց Ես կարող Եմ ասել, թե դա ինչ է: Հուսահատությունը Ինձանից հեռու գտնվելու արդյունք է: Ես Եմ Հույսը, Ինձ հուսացողը ամոթով չի մնում: 
Աշխարհը կասի <<դատարկություն>> և <<անիմաստություն>>, այո, որովհետև ոչինչ չի կարող իմաստ պարունակել առանց Ինձ: Իմ մեջ է ձեր կյանքի իմաստը: 
Աշխարհը կասի <<աններդաշնակություն>>, բայց չէ՞ որ այդ Ես Եմ, որ ներդաշնակության մեջ Եմ պահում ամեն բան: Իմ արարչագործության մեջ այդպիսի երևույթները բացակա են. դրանք առաջանում են Ինձանից հեռանալու և Ինձ հետ չապրելու պատճառով: 
Հիշե՛ք, քանի դեռ ապրում եք, աշխարհը, որ չարի ներկայացուցիչն է, պիտի կռվի ձեզ հետ` խոսելով իր լեզվով: Նա ամեն օր, շարունակ պետք է հիշեցնի իր բառերը` ձեզ ընկճելու համար, և հենց ընկճելն էլ չարի զենքերից մեկն է: Ջանք արեք զանազանել Իմ բառերը աշխարհի տված բառերից, Դրանց էությունից և պտուղներից ճանաչեք, թե ինչ եք լսում:

Աշխարհը խոսում է ատելությունից դրդված, Ես խոսում Եմ սիրուց դրդված: 
Զանազանեք դրդապատճառները: 
Մի՛ խաբվեք, աշխարհի ուժերը դրանք իրական ուժեր են` չար ու կատաղի ոգիներ, որ սատանայից ու գեհենից են բորբոքված:
Ես ձեզ սովորեցնում Եմ վերցնել ջնջոցը` Սուրբ Հոգին, և ջնջել նրանցից ուղարկված բոլոր բառերը: Ջնջեք Իմ բառերով` ամեն չար արտահայտություն փոխարինելով սիրո Իմ արտահայտությամբ: Չարին չարով մի պատասխանեք, որովհետև Ես չարություն չեմ ճանաչում: Ամեն չար հարվածի դիմաց կա Իմ հակադարձ Զորությունը: Խոսելուց առաջ լսեք Ինձ, գործելուց առաջ նայեք Ինձ: Ձեր արարքները փոխարինեք Իմ արարքներով: Ես կտամ իմաստություն ամեն պարագայի մեջ: Սովորեք Իմ Խոսքի մաղով անցկացնել յուրաքանչյուր խոսք: Մաղեք և դեն նետեք աղբը, որ այն ձեզ չխմորի: Սատանան անտեսանելի է ֆիզիկապես, բայց շատ տեսանելի է իր գործերով, իր բառերով, ցանկություններով: Խոսեք միայն Իմ լեզվով, ապրեք միայն Իմ Հոգով: Ահա ամենամեծ վահանը հավատքի: 

Աշխարհը կասի` մահ, Ես կասեմ` Կյանք:
Կասի` հիվանդություն, Ես կասեմ` բժշկություն:
Նա կասի` ատելություն, Ես կասեմ` Սեր:
Կասի` թշնամանք, Ես կասեմ` համերաշխություն:

Աշխարհը բերում է խառնակություն և քաոս, Ես` ներդաշնակություն և խաղաղություն:
Աշխարհը կխոսի վախի մասին, Ես` վստահության:
Նա կմղի փառասիրության, Ես կտանեմ խոնարհության: Քննեցեք աշխարհի փառասերներին և կտեսնեք, որ նրանց փառքը ատելության հիմքի վրա է կառուցված` բազում մարդկանց ոսկորների:
Աշխարհը կասի` փող և կարիերա` մամոննա, Ես կասեմ` լեցունություն և օրհնություն: Քննեցեք և տեսեք, որ աշխարհի հարստությունը անօրենության և դաժանության վրա է հիմնված` աղքատ և ընչազուրկ ժողովրդի հաշվին: Մինչդեռ Ես աշխարհը օրհնեցի յուրաքանչյուրի համար:
Աշխարհը կասի` անառակություն, Ես կասեմ` սրբություն:

Նա կասի` գողություն, Ես կասեմ` ողորմածություն և գթասրտություն: Այս գողությունը առավել ահավոր է, քան կողոպուտը: Սա հոգեորսություն է, որ եկել է գողանալու և սպանելու:
Աշխարհը կասի` հաճույք, Իսկ Ես կասեմ` ուրախություն: Որովհետև աշխարհի հաճույքը իր հրեշավոր գլուխն է բարձրացրել, որպեսզի գողանա մարդկանցից Տիրոջ ուրախությունը: Նայեցեք հաճույքամոլության վախճանին: Դա մի դառը արմատ է, որ օր- օրի որդի պես ուտում է օրհնությունը:
Աշխարհը կտա դառնություն, Ես` քաղցրություն:

Նա կասի` պարտություն, Իսկ Ես` հաղթություն: Որովհետև Ես հաղթել Եմ աշխարհին և տապալել նրա տակ գտնվող բոլոր ուժերին: Զգույշ եղեք, որ չարի խորամանկ թակարդների մեջ չընկնեք: 
Ուշադիր եղեք, թե որտեղից են գալիս ձայները. վերը` երկնքի՞ց, թե՞ ներքևը` դժոխքից: Արդյո՞ք այդ բառերն իջնում են վերին Երուսաղեմի աղբյուրներից, թե՞ խմում են դժոխային գարշահոտ ջրերից: Այսուհետ ուշադիր եղեք, որովհետև թշնամին մեծ զինանոց ունի ձեզ տապալելու: Ահա Ես Իմ Խոսքը ուղարկել Եմ ձեզ որպես Վահան, պինդ բռնեք Նրանից: Արթուն եղեք և ուշադիր` Իմ բերանից դուրս եկած յուրաքանչյուր Խոսքի հանդեպ: 
Ես` ձեր Տերը, սիրում Եմ ձեզ: ԱՄԵՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել