Սառն եմ: Ամբողջ մարմինս տնքում է սառնությունից, իսկ մարդիկ նորից ջերմաչափ են խցկում թևիս տակ... Հերթական անգամ սառը ապակու հպումից դողալով` բոլորին դուրս եմ հրավիրում սենյակից: Լավ է: Նայում եմ աջ` մրգեր են, ինչ-որ հաբեր ու սրվակներ... Նայում եմ ձախ` գրքերով ու տետրերով ծանրաբեռնված պահարանիկ է` գիշերվա հազարին հաճախ ավերվելու մի բախտով: Կյանքս, փաստորեն, մնացել է այս երկուսի արանքում... Իսկ մարդիկ գնում-գալիս են, ջերմաչափի ու դեղերի զզվելի լրացումով շարունակում ապացուցել, որ ես դեռ կամ, շարունակում եմ գոյությունս:

  Դեռ երեկ մտքովս չէր անցնում, որ այսօր հազիվ եմ քարշ տալու ոտքերս, որ մատնվելու եմ ինչ-որ հոռետես տրամադրության, տետրերս գրկելով` գամվելու եմ անկողնուն: Իսկ հիմա մտքովս չէ, կյանքովս է անցնում այս ամենը: Ձեռքս տանում եմ ճակատիս` սառն է: Իսկ մարդիկ շարունակ ստուգում են "տաքությունս": Էհ, գրողը տանի, ատում եմ ես ջերմաչափ կոչվող այս սառնությունը:



  Բայց բավական է: Ես դեռ կամ: Ֆսֆսացնող քթիկով ինչ-որ դողդողացող աղջիկ` սա ես եմ: Ես, որ ամեն տարի ցանկանում եմ իմ աչքով տեսնել, իմ մաշկի վրա զգալ աշնանային առաջին անձրևները, ու բախտ չի վիճակվում: Ընդամենը նայում եմ պատուհանիս հարվածող կաթիլներին ու ֆսֆսացնում բաժակի միջից: Չէ, անձրևը մի տեսակ չարախնդում է: Դեղերի դառնությունը կամաց-կամաց խառնվում է հոգուս դառնությանը: Էհ, գրողը տանի...

  Երկու օրից ես ոտքի կկանգնեմ, ու մայրիկս նորից կտրտնջա, որ ես հիվանդանալու անտանելի մեխանիկա ունեմ: Երկու օրից դասի կգնամ,  ու տատիկս կբարկանա, որ ես թեթև հագնվելու անուղղելի հիմարություն ունեմ: Իսկ ես կթերթեմ տետրի գրոտված էջէրն ու կկատաղեմ սեփական հոռետեսությանս վրա: Կկատաղեմ ու տետրս կխցկեմ ամենա-ամենախորքը: Էհ, գրողը տանի:
 
  Բայց, կարծեմ, ժամանակն է ջերմաչափը հանելու: Հիմա կգան, կնայեն այդ զզվելի առարկային ու ինչ-որ անիմաստ թվեր կշշնջան` "Տաքություն ունես": Տաքությու՞ն: Սառն եմ, մարդիկ...

  Էխ, ատում եմ ես այս ջերմաչափ կոչվող թյուրիմացությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել