Մինչև սեպտեմբերի 3-ը, երբ Մոսկվայում պարզ դարձավ, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ օրեցօր աճող «քաղաքացիական ակտիվության» օջախները սպառնում էին վերածվել գլոբալ շարժման՝ հեղափոխական ելքով: Այդ ամենը սկսվեց քաղաքային տրանսպորտի վարձավճարների դեմ թանկացման ակցիայով և դրա հաջողությամբ: Ապա քաղաքապետարանի առջև նստացույց, Կոմիտասի 5 և հնարավոր այլ վայրերում սպասվող «քաղաքացիական» միջոցառումներ:

Նույնիսկ որոշ «համարձակներ» հայտարարեցին, որ Հայաստանում վերջապես ձևավորվեց քաղաքացիական հասարակությունը, վերջապես Հայաստանի ակտիվ քաղաքացին սկսել է պայքարել իր իրավունքների համար: Այս ոգևորության ֆոնին բավականին աչքի զարնող էին սեպտեմբերի 3-ի՝ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունից հետո հայաստանյան «քաղաքացիական հասարակության ակտիվիստների» մոտ ակտիվության իսպառ բացակայությունը: Իհարկե, հասարակության առջև ծառացած խնդիրները չեն լուծվել, սակայն, միգուցե լուծվել են «քաղաքացիական ակտիվիստների» և հասարակության իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկողների առջև դրված խնդիրները: Վերջերս բավականին հաճախ խոսվում է Հայաստանի վրա արտաքին ճնշումներ կիրառելու հնարավորության մասին, իսկ միգուցե այդ «ակտիվիստների» մեծամասնությունը համաձայնվել էր դառնալ սեփական երկրի վրա ճնշում գործադրելու կեղտոտ գործիքակազմի կարևոր բաղկացուցի՞չ:

Եվ այստեղ կարևոր չէ, թե այդ «ակտիվիստները» ու՞մ շահերն են սպասարկել Արևելքի, թե´ Արևմուտքի, Ռուսաստանի, թե´ ԵՄ-ի, կարևորն այն է, որ նրանց գործողություններում բացակայում է Հայաստանի շահը:

Հ.Գ Հայաստանում հաճախ ենք հանդիպում կեղծ քաղաքական գործընթացների, կեղծ քաղաքական ուժերի, կեղծ ընդդիմության և կեղծ երևույթների այս ամբողջ շղթայում բացակայում էր մի օղակ՝ կեղծ քաղաքացիական ակտիվությունը՝ ակտիվություն, որն իր բնույթով ոչ թե քաղաքացիական, այլ հակաքաղաքացիական է: Վերը նշված շղթայի ամբողջական դառնալուց հետո պարզ դարձավ, որ մեզանում վերաիմաստավորելու խնդիր կա ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում, իսկ քաղաքացիական հասարակության ծնունդով ոգևորողներին մնում է ևս մեկ անգամ հիասթափվել և սպասել քաղաքացիական շարժման իսկական երկունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել