Հայաստանում առկա անվերջ խնդիրների պարագայում բնական է, որ հայ մարդն ամեն օր պայքար է մղում սոված չմնալու համար: Մեր երկրի տնտեսական այս վիճակն է հանդիսանում արթագաղթի անասելի տեմպերի հիմնական պատճառը: Մարդ գերադասում է լքել իր հայրենի հողը` մի կողմ դնելով կարոտի զգացումը և վաղվա լավ օրվա հույսը: Աշխատանք գտնելն այդքան էլ դժվար չէ, բայց գտնել այնպիսի աշխատանք, որով կարող ես հոգալ քո և ընտանիքիդ մինիմալ պահանջները, գրեթե անհնար է: Միջին խավը, որպես այդպիսին, ըստ իս, Հայաստանում բացակայում է կամ կազմում է բնակչության չնչին մասը: Մարդ չի կարող իր աշխատավարձով հոգալ կոմունալ վճարումների, սննդի և հագուստի ծախսերը: Արդեն վիրավորական կլինի խոսել շքեղության առարկաներ ձեռք բերելու, լավ հանգիստ կազմակերպելու մասին: Այս մարդիկ ամեն օր գոյության պայքար են մղում:

Մի՞թե այդքան բարդ է 29743 կմ² տարածքում ապրող բնակչությանն ապահովել բարեկեցիկ կյանքով: Ցանկության և աշխատասիրության դեպքում ընդհանրապես բարդ չէ, նույնիսկ հաշվի առնելով մեր երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններն ու չավարտված պատերազմը: Չունենք նավթ, գազ, ելք դեպքի ծով: Բայց դրա փոխարեն ունենք ահռելի քանակությամբ բնական պաշարներ, որոնց ճիշտ օգտագործման դեպքում Հայաստանի տնտեսությունը կծաղկի արագ տեմպերով: Ունենք նաև բերրի հող, որը նույնպես կարող է հզորացնել մեր տնտեսությունը արդյունավետ ծրագրերի իրականացման դեպքում: Շատ պաշոնյաների խոսքերի համաձայն` ունենք նաև մարդկային այն ռեսուրսը, որին կնախանձեն շատ երկրներ: Այդ դեպքում ինչու՞ ենք «մատի փաթաթան» դարձնում ելք դեպի ծով չունենալը, հարևանների հետ փակ սահմաններն ու չկարգավորված տարածքային խնդիրները:

Մեղավորներն այն ծույլ, կաշառակեր մարդիկ են, ովքեր ինչ-որ կերպ հայտնվել են ինչ-որ աթոռի և անհագուրդ ձևով մեծացնում են իրենց ունեցվածքի չափը քաղաքացու վճարած հարկի, Հայաստանի բնական պաշարների հաշվին: Մեկ-երկու կաշառակեր ձերբակալելով` այս խնդիրը լուծում չի ստանա: Խնդրի հիմքում ընկած է սխալ համակարգը, որն արդեն ճեղքեր է տալիս:

Իսկ ի՞նչ, եթե հայ մարդու վատ ապրելու պատճառն այն է, որ երբ մարդ հազիվ է կարողանում հոգալ իր ստամոքսի պահանջները, նրան ավելի հեշտ է մանիպուլացնել:

Ենթադրենք, աշխատող մարդը ստանում է 130.000 դրամ աշխատավարձ: Ամուսնացած է, ունի երեխա: Կինը չի աշխատում, քանի որ խնամում է փոքրիկին: Այդ 130.000 դրամից մոտ 60.000-ը կծախսվի կոմունալ վճարումների և այլ հարկերի վրա: Իսկ մնացած 70.000 դրամով երեք հոգի պետք է սնվեն: Այն դեպքում, երբ ամենամսյա գնաճը կազմում է միջինը 5%, իսկ աշխատավարձի ոչ մի աճ էլ տեղի չի ունենում: Հավատացեք, որ այսպիսի վիճակում են մեր երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը: Ի՞նչ անի այդ երիտասարդը: Ինչպե՞ս օգնել այսպիտի վիճակում գտնվող մարդկանց, երբ մեր այս վիճակի համար պատասխանատուները, էկրանի այն կողմից ժպտալով, ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հ.Գ. Քանի դեռ ոլորտի պատասխանատուները մտածում են իրենց սեփական շահի մասին, այս հարցերն այդպես էլ մնալու են անպատասխան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել