Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ

- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը ստանձնեց Տավուշի Կիրանց գյուղից սկսված շարժման ղեկավարումը, որի նպատակն է՝ հասնել սահմանազատման կասեցման: Քաղաքական ուժերն ակտիվ դերակատարում չեն ստանձնել, թեպետ իշխանական պրոպագանդան առաջ է տանում այն թեզը, թե ստվերային կառավարում են իրականացնում։ Առանց քաղաքական ղեկավարման, գործողությունների հստակ ծրագրի, առանց վարչապետի իրենց թեկնածուի եւ ժամանակավոր կառավարության կազմի հրապարակման, այս շարժումը կարո՞ղ է, ըստ Ձեզ, հաջողության հասնել։

- Ճիշտ ուղի է ընտրված, չէի ասի, որ շարժումը քաղաքական չէ, պարզապես մենք քաղաքականությունն ուրիշ ձեւով ենք հասկանում՝ եթե վարչապետի հրաժարականի պահանջն ակնհայտ ձեւով չի արտահայտվում, ուրեմն քաղաքական չէ։ Մինչդեռ այն քաղաքական է խորքային առումով․ դրված է իրական գործողությունների՝ Հայաստանի փրկության խնդիրը։ Մենք հասկանում ենք՝ չորս գյուղ այսօր է տալիս, չկա որեւէ երաշխիք, որ չորսն էլ 7 օր հետո չի պահանջվելու, եւ այլն։ Այսինքն՝ ամենալուրջ քաղաքական խնդիրն է դրված, որ ոչ թե ով պիտի լինի վարչապետը, այլ լինելո՞ւ է արդյոք Հայաստանը որպես պետություն, անգամ՝ որպես ծայրամաս, վիլայեթ էլ գուցե չլինի, ինչպես Արցախն այսօր չկա։ Ուստի՝ սահմանազատման գործընթացը դադարեցնելու պահանջն ամենախորքային քաղաքական պահանջն է։ Ճիշտ է, որ չեն խորանում՝ ով պետք է լինի վարչապետը եւ այլն, դա, վստահաբար, նսեմացնելու է այս շարժումը, իսկ այսօր խնդիրը դրված է՝ լինելո՞ւ է Հայաստանը եւ ինչպիսի՞ն է լինելու, արդյոք ի վիճակի՞ է շարունակել, որովհետեւ վտանգներ երկու կողմից էլ կան, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը մենք հասկանում ենք, թե ինչի է հանգեցնելու, մյուս կողմից՝ եթե իշխանափոխության հստակ պահանջ ներկայացվի, ապա Փաշինյանը ստեղծել է բոլոր «պատրվակները» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա ագրեսիայի համար, այսինքն՝ նրանք կարող են օգնության գալ Հայաստանի իշխանություններին: Այդ վտանգը կա, որ Փաշինյանի կողմից չմտածված այս գործողությունները կարող են հանգեցնել նոր հարձակման, պետք է զգույշ աշխատել: Գիտեք` 1992 թվականին Ադրբեջանում երբ հակասություններ կային Նախիջեւանի իշխանիկ Հեյդար Ալիեւի ու այն ժամանակվա նախագահ Էլչիբեյի միջեւ, Ալիեւը շատ ջերմ հարաբերություններ ուներ ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ եւ ինչ-որ բան էր ծրագրում՝ Էլչիբեյի վարչակարգը տապալելու համար, արդյունքը եղավ Էլչիբեյի տապալումը․․․ Բոլորովին չեմ բացառում, որ այս իրավիճակում էլ կան գաղտնի պայմանավորվածություններ, ենթադրում եմ, չեմ պնդում, որ այս իշխանություններն էլ պետք է ունենան․․․ Այսինքն՝ չափազանց վտանգավոր իրավիճակում դուրս գալ` գուցե արդար, բայց շատ հստակ ձեւակերպումներով, ճիշտ չեմ համարում, դրա համար ընտրվածը թերեւս ամենաօպտիմալ ձեւաչափն է, որը հնարավորություն չի տալիս ո՛չ արտաքին ագրեսիայի համար, ո՛չ էլ ներսում բռնի ճնշումների, ինչպես նաեւ մեկ այլընտրանք էլ կա, որը չպետք է անտեսել, դրանից խուճապային իրավիճակ եւ քաոս կարող է լինել:

- Այսինքն՝ ճի՞շտ եք համարում, որ քաղաքական տիտղոսակիր ուժերը, որոնց Ալիեւի վարչակարգը ռեւանշիստներ է անվանում, դերակատարում չունեն, սրբազանի առաջնորդած շարժումն էլ հստակ չի ձեւակերպվում։

- Գիտեք՝ շատ շուտով ամեն ինչ պարզ կերեւա. կա՛մ քաղաքական ուժերն ունեն հստակ ծրագիր եւ գիտեն ինչ են անում, դրա համար են հետ մղվել, կա՛մ էլ չունեն հստակ ծրագիր ու այդ պատճառով էլ ետ են քաշվել։

- Դուք է՞լ եք կարծում` որ պահից քաղաքական առաջնորդները գան առաջին պլան, շարժումը կձախողվի։

- Ես չեմ կարծում, եթե խոսքը կոնկրետ անձերի մասին է, եկեք չխորանանք, բոլոր դեպքերում Կիրանցի դեպքերին մենք տեսանք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ թե՛ հին, թե՛ նոր ձեւավորվող՝ ի դեմս Սուրեն Պետրոսյանի, ով արդեն աչքի է ընկել ավագանու ընտրություններին, իհարկե, քիչ ձայն հավաքեց, որովհետեւ հանրությանն անծանոթ էր։ Որեւէ մեկը չի կարող խնդիրը չտեսնել` հին դեմքերը ոչ թե վատն են, այլ նրանց մոտ չհաջողվեց, մի քանի անգամ փորձել են, չի հաջողվել, եւ այս «անհաջողակի» պիտակը շատ ինտենսիվ կերպով օգտագործում է «Քաղպայմանագիրը». որ դուք պարտվել եք, ինչքան էլ դուրս գաք` պարտվելու եք, եւ այլն, ուստի պետք է կարողանան ազատվել այդ «խարանից»։ Այո, գալու է պահը, որ ներկայացվելու է ցանկ` քաղաքական խնդիրների եւ անձերի, թե ովքեր պետք է պատասխանատվություն վերցնեն՝ դա իրականացնելու համար: Դա լինելու է ժամանակավոր կառավարություն` հստակ ժամկետով եւ հստակ ծրագրով, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասով, եւ ներքին։ Այդ պահին, այո, կարեւոր է, թե ում կներկայացնեն` պետք է կարող ուժերի ներկայացնել, ոչ թե ինչ-ինչ պատճառներով հաջողության չհասածների։

- Իշխանության քարոզչական թեզերից մեկն էլ այն է, որ Հայաստանը կրոնապետություն չէ, ու հոգեւորականները չեն կարող քաղաքականությամբ զբաղվել, առավել եւս՝ իշխանություն փոխել։

- Դա շուլերություն է, բառախաղ, տգիտություն։ Եթե հոգեւոր դասն է ներգրավված շարժմանը, դա չի նշանակում, որ կրոնապետություն է: Հիշենք Մարտին Լյութեր Քինգին, ով եկեղեցական էր, բայց նրա ղեկավարած շարժումը մարդու իրավունքների համար էր, ում հետո գնդակահարեցին: Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչ պահանջներ է դնում, եթե սրբազանը կրոնապետական պահանջ է դնում, որ, ենթադրենք, եպիսկոպոսները պետք է դառնան գլխավոր դատախազ կամ այլ պաշտոնյաներ` կհասկանանք, բայց ի՞նչ է հիմա անում Բագրատ սրբազանը։
Իսկ ո՞վ ասաց, որ հոգեւորականը չպետք է քաղաքական պայքարի մեջ մտնի, եթե կուզեք՝ եկեղեցական գաղափարախոսությունը նույնպես քաղաքականություն է` բարոյականության, ոչ թե աշխարհից դուրս գալու, այլ աշխարհում արժանապատիվ ապրելու եւ համերաշխության։ Եկեղեցին միշտ է ունեցել քաղաքականություն, եւ մենք տեսնում ենք՝ ե՛ւ ուղղափառ եկեղեցին, ե՛ւ կաթոլիկ եկեղեցին, Հռոմի պապը հիմա կիրակի օրերին համաշխարհային մասշտաբով քաղաքական ուղերձներ են հղում, եւ, ինչ է` նրանց պետք է արգելե՞լ։ Այդ պնդումներն անողները տգետ են, հիմա եթե Ռուսաստանում մեկն ասի՝ եկեք մեր զինանշանից հանենք երկգլխանի արծիվը, որովհետեւ ՌԴ-ում չկան երկգլխանի արծիվներ, այդ մարդուն ոչ թե վարչապետ կընտրեն, այլ կուղարկեն հոգեբուժարան, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դա անցնում է:

- Վերադառնալով պատերազմի վտանգին, որով կրկին սպառնաց Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում։ Դուք ասացիք` պատերազմ կարող է լինել միայն պայմանավորվածության դեպքում, երբ Փաշինյանի իշխանությանը փորձեն դրանով օգնել։

- Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ինչ-որ չափով համընկնում են, իսկ այդ պարագայում անգամ հակառակ բեւեռները միշտ կարող են իրար հետ պայմանավորվել՝ ընդհանուր թշնամուն չեզոքացնելու համար։ Դրա համար պետք է զգույշ գործել։

- Այսինքն, եթե Փաշինյանն ուժով չպահի իր աթոռը, ոչ մի պատերազմ էլ չի լինի։

- Այո, շատ կարեւոր է, թե նա ինչպես կցանկանա գնալ, ինքը կարող է անցնցում հեռանալ, բայց վստահ եմ, որ չի անի, դա անհավանական ժանրից է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել