Tert.am-ը գրում է.

Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

«Հայաստանի 29,743 քկմ տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից և անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այսօր արդեն Հայաստանն իր ինքնիշխանության ընկալմամբ միջազգային մակարդակով ընկալման էական փոփոխություն է ունեցել:

«Եթե դուք նկատեցիք, երեկ արդեն «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց նա:

Անդրադառնալով Տավուշում ռուսական հենակետերի առկայությանը՝ Փաշինյանն ասաց, որ ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է և դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով:

«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է և դա նշանակելու է ու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը: Սահմանազատման արդյունքում սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում: Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Ես խնդրում եմ՝ սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք, բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել