Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ն հավանություն է տվել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությանը, որի դիմաց Իսրայելը չպետք է հակահարվածներ հասցնի Իրանին։

Ըստ հրապարակման՝ բարձրաստիճան մի պաշտոնյա Կատարի The New Arab պարբերականին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ԱՄՆ-ի հավանությունը ստանալ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու համար, որի դիմաց Իսրայելը պետք է զերծ մնա լայնամասշտաբ ռազմական գործողությունից Իրանի դեմ՝ ի պատասխան Թեհրանի վերջին հարձակման։

«Իրանին իսրայելական պատասխանի դիսկուրսը հակասում է ամերիկյան վարչակազմի ցանկություններին և իրատեսական չէ՝ հաշվի առնելով Իսրայելի պնդումները, որ Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղացել Իրանի հարձակումը հետ մղելու և դրա հաջողությունը կանխելու գործում», – նշել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը լույս ապրիլի 18-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանին հարող հատվածին, որի մասին Եգիպտոսի իշխանությունները նախապես տեղեկացվել են։

The New Arab-ի հրապարակման մեջ նաև նշվում է, որ Եգիպտոսը լիակատար պատրաստության վիճակի է բերել Հյուսիսային Սինայում տեղակայված ուժերը Գազայի հատվածի հետ 14 կմ-անոց սահմանի երկայնքով՝ որպես Ռաֆահում Իսրայելի ցամաքային գործողությանն արձագանքելու պլանի մի մաս։

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել