Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ.

- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։

- Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։

Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։

Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում:

Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։

 - 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։

- Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել