Մենք խոսում ենք 2038թ-ի մասին, այսինքն ապագային հարմարեցված ենթակառուցվածքների մասին:

Այս մասին «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացուման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Գույքի մասով բազմիցս հայտարարվել է, որ գույքը չի օտարվում: Այն գույքը, որը կմնա քաղաքում աշխատելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար: Գույքը պետք է տարանջատենք և որոշ շենքեր իրենցից ճարտարապետական և մշակութային արժեք են ներկայացնում և որոշ գույք կա, որ արդեն իսկ մաշված է և արժեք չի ներկայացնում:

Տեղափոխություն սկսվելու է միայն այն ժամանակ, երբ գույքը պատրաստ կլինի ընդունել տվյալ կազմակերպությանը: Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ։ Երեկվանից ինչ որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա։ Որտեղ մենք գիտաժողով անենք, այդ շենքը, ենթադրելու են, որ վաճառելո՞ւ ենք, Մատենադարանի շենքը չի վաճառվելու»,- նշեց նա:

Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:

Ըստ էության, դրանից հետո քաղաքի զարգացմանը զուգահեռ՝ որոշ գիտահետազոտական ինստիտուտներ ընդլայնվել և տեղափոխվել են ավելի հեռու՝ Զեյթուն թաղամաս, որը կլաստերիզացիայի կոմպոնենտ է ունեցել:

Այդ թաղամասում մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ են հավաքվել: Այնպես որ, այս երեւույթը մեզ անծանոթ չէ: Հիմա էլ դրա երրորդ փուլն է տեղի ունենում: Մենք քաղաքային կյանքից մի քիչ հեռու ենք տեղափոխվում՝ 17-րդ թաղամաս, որտեղ էլի ձևավորվելու է կլաստերային գիտության, կրթության կազմակերպման գործընթացը:

«Ծրագրի հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է: Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի»,- ասաց Սարգիս Հայոցյանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել