«Հրապարակի» զրուցակիցն է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

- Տեղեկացանք, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնություն է ստեղծվել, եւ դրանում մեծ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի դերակատարումը։ Տեղեկություններ կան, որ մյուս մարզերում էլ են ստեղծվելու նման նախաձեռնություններ։ Հնարավո՞ր է եկեղեցին գլխավորի, կազմակերպի այս շարժումները։

- Մյուս մարզերից ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել ոչ մի բան։

- Եկեղեցու ներսում նման նախաձեռնություն սկսելու քննարկումներ չե՞ն եղել։

- Ոչ, չկա այդպիսի բան։ Տեղական մակարդակով ամեն տեղ էլ կարող է ձեւավորվել՝ խնդիր չէ, բայց ինչ-որ հատուկ որոշում չկա։

- Եթե նախաձեռնություն ձեւավորվի նաեւ մյուս մարզերում, եկեղեցին կաջակցի՞, պատրա՞ստ է նման հայապահպանական շարժումներ առաջնորդել, որքան էլ որ իշխանությունները դա քաղաքական կամ նույնիսկ հեղափոխական որակեն։

- Եթե ձեւավորվի՝ իհարկե։ Եթե ձեւավորվի, ամեն տեղ էլ եկեղեցվո առաջնորդությունը փնտրեն մարդիկ կամ թեմի առաջնորդի, իհարկե, թեմի առաջնորդը պասիվ չի մնա։ Մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք։

- Մայր Աթոռի՝ երեկ տարածած հաղորդագրությունը, Տավուշի մարզից տարածքներ հանձնելու մասով, շատ ծանր է տարել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը՝ Փաշազադեն, եւ դա որակել է ռեւանշիզմի դրսեւորում։

- Եվ ի՞նչ, պիտի հուզվե՞մ իր ասածից։ Ինչպես ինքը չի ամաչում թուրք կոչվելուց, մենք էլ չենք ամաչում ռեւանշիստ կոչվելուց։ Ի՞նչ կա դրա մեջ։ Մեզ համար պատիվ է ռեւանշիստ լինելը, ես ռեւանշիստ լինելու մեջ վատ բան չեմ տեսնում։ Այո, մենք երբեք չենք զիջում մերն ուրիշին, եւ այն, ինչը որ խլված է, միշտ վերադարձնելու կողմնակից ենք ու միշտ պետք է աշխատենք այն վերադարձնելու ուղղությամբ։ Եթե դա ինքն անվանում է ռեւանշիզմ, ուրեմն դա ռեւանշիզմ է։

- Փաշազադեն հայտարարել է նաեւ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ կաթողիկոսի գլխավորությամբ, ռեւանշիզմ է քարոզում աշխարհով մեկ։ 

- Եթե անում է՝ շատ լավ է անում, իրենից չպիտի թույլտվություն վերցնի։ Հենց դրա համար իրենք թող իրենց ստեղծածի գերին դառնան եւ իրենց ստեղծածի զոհը դառնան։ Պետությունը բաժանված է եկեղեցուց, եկեղեցին բաժանված է պետությունից եւ եկեղեցին պարտավոր չէ հնազանդվել պետական օրակարգին եւ ծառայել պետական օրակարգին, մանավանդ՝ այս պահին՝ ոչ թե պետական, այլ հակապետական։ 

- Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է նաեւ, որ քննարկում են Բաքվում կայանալիք կրոնական համաժողովին Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրելու հարցը։ Հրավերի դեպքում Գարեգին Բ-ն կմասնակցի՞ այդ համաժողովին։

- Դա արդեն իմ պատասխանելիք հարցը չէ, դա Վեհափառի հարցն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել