Սոթք, Վերին Շորժա, Կութ, Արավուս, Իշխանասար, Չինարի, Մովսես․ վերջին օրերն անհանգիստ են Գեղարքունիքի, Սյունիքի ու Տավուշի սահմանամերձ գյուղերի համար։ Թշնամին կրակում է։ «Զուգարանով մտել ա, բաղնիքի պատը լրիվ պոկել, բաղնիքի մեջին ա տրաքել»,- ապրիլի 5-ի լույս 6-ի գնդակոծության մասին պատմում է Մովսես գյուղի բնակչուհի Կարինե Ավալյանը։ Գիշերն 4-ն անց 50 րոպեին էր, իր բնակարանի երկրորդ հարկում քնած տիկին Կարինեն ուժեղ ձայնից արթնացել է, ասում է՝ այդքան կրակել են իրենց գյուղի ուղղությամբ, չի վախեցել, բայց այս անգամ տագնապում էր։ «Կրակոցները 11-ին սկսեցին, 2-ն անց քանիս էլ կրակեցին, վախում էի, մի մոմենտ աչքս կպավ՝ ուժեղ դմփոց, ծուլ ելա տեղիցս, ասի՝ վայ, էս որտե՞ղ կպավ։ Մեկ էլ էն էի վախենում, որ կարո՞ղ ա մտնեն»։ Այս մտքերով մի կերպ լուսացրել է նա ու միայն առավոտյան տեսել, որ գնդակը հենց իր տուն է մտել։ Ադրբեջանի հետ սահմանի հենց առաջին տանն է ապրում տիկին Կարինեն։ Ասում է՝ իր տունը փոսի մեջ է, նախկինում, երբ կրակոցներ էին լինում, տունը չէր վնասվում, թե այս անգամ ինչպես թիրախ դարձավ, չգիտի։ «Էսքան տարի կրակել են, մեր տանը չի կպել, գլխովն ա գնացել, բայց էս անգամ կպավ։ Երեւի թե մի նոր պոստ են սարքել թուրքերը։ Ես չէի պատկերացնում, որ կկրակեն, բայց կրակեցին»,- ասում է նա։ 

Վերջին 3-4 տարիներին թշնամին Մովսեսի ուղղությամբ չէր կրակել։ Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց՝ այս պահին գյուղում հանգիստ է, վերջին կրակոցը լսել են ապրիլի 6-ի առավոտյան՝ 5-ն անց կեսի սահմաններում, հետո թշնամին լռել է։ «Թիրախավորել են գյուղը, նախնական տվյալներով՝ 6 բնակարան է վնասվել, բայց հնարավոր է՝ թիվն աճի։ Գյուղում բնակարաններ կան, որ փակ են, տերերը գյուղում չեն, պետք է բացեն, որ հասկանանք։ Գերեզմանոցի ուղղությամբ նշանառու կրակոց է եղել, երկու գերեզմանաքար է ջարդվել»,- պատմում է Փոլադյանն ու ավելացնում, որ գյուղում խուճապ չկա։ Նրա կարծիքով, թշնամին փորձում է սադրել, որ պատասխան լինի հայկական կողմից։ Պատճառն Ադրբեջանի ախորժակն է, բայց, ինչպես վստահեցնում է Մովսեսի վարչական ղեկավարը, «գյուղից ոչ ոք դուրս չի գալու, եթե կռիվ եղավ, կռվելու ենք»։ Արմեն Փոլադյանը 1992 թվականն է հիշում, երբ թշնամուց չվախեցան։ Այն ժամանակվա համեմատ գյուղի բնակչության թիվն անգամ ավելացել էր։ «Այս պահին հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, բայց մենք մի անգամ էդ ագրեսիան տեսել ենք, 2022 թվականին բնակավայրը հարձակման ենթարկվել է, ասել, որ մտավախություն չկա, ճիշտ չէ, բնականաբար՝ կա, որովհետեւ գործ ունենք թուրքի հետ։ Ինչպես ՀՀ հերոս Մոնթեն էր ասում՝ խաղաղություն կարող է լինել միայն մեր հաղթանակով»,- «Հրապարակ»-ին մտահոգություններն է փոխանցում Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Քաղաքական իշխանությունը «հիստերիկ դրսեւորումներ» է անվանում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքները։ «Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նաեւ՝ եվրադիտորդների մակարդակով։ Եվ կհասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- նախօրեին ասել էր ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

Ադրբեջանական կողմի սադրանքներից հետո, ի դեպ, ԵՄ դիտորդները Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի եւ Մովսեսի հատվածներն են գնացել՝ դիտարկման։ Ապրիլի 6-ին X–ում նրանք գնահատել են սահմանային իրավիճակը: Գրել են, որ ոչինչ չեն նկատել. «Կայուն է եւ հանգիստ»: «Սահմանի ձեւավորումից հետո պաշտպանելը շատ հեշտ է լինելու», ըստ ՔՊ-ականի` «արդեն մեկնարկել է պետական սահմանի իրավական ձեւավորման գործընթացը»։  
Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղի համայնքապետը, որի խնդրանքով անունը չենք հրապարակի, ի պատասխան այս հայտարարության, ասաց․ «Եթե դեմարկացիա են անում, թող Բագրատաշենից սկսեն, ոչ թե միակողմանի զիջումներ անեն։ Որպես հայ, որպես տավուշեցի, որպես իմ  հողուջրի մարդ՝ ես դեմ եմ, բայց մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, ո՞վ է մեզ հարցնում»։ Մեր զրուցակիցը դեմ է, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, որից այդքան խոսում են իշխանությունները, Տավուշի հայտնի 4 գյուղերից սկսվի, որոնք Ադրբեջանը պահանջում է։ 

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով, հենց այս վերջնագիրն է սահմանային լարվածության պատճառը։ «Այդ վերջնագիրն ստանալուց հետո Փաշինյանը շտապեց Տավուշի մարզ՝ մարդկանց համոզելու՝ դուրս գալ այդ բնակավայրերից եւ դրանք հանձնել Ադրբեջանին։ Ստանալով թե՛ տավուշցիների, թե՛, առհասարակ, ՀՀ բնակչության ոչ բարեհաճ արձագանքը, հավանաբար, Փաշինյանը որոշել էր մի քիչ ավելի մեղմ ու դանդաղ իրագործել այդ գործընթացը, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանին դա չի բավարարել, եւ այս սահմանային կրակոցներով Ալիեւը փորձում է արագացնել գործընթացը»,- ասում է Խաչատրյանն ու հարցնում․ «Որ Անդրանիկ Քոչարյանի տան վրա անկանոն կրակեն, եւ ապակիներ փշրվեն, ինքն այդքան հանգիստ կլինի՞, կամ՝ Կոնդի ամառանոցների վրա անկանոն կրակոց լինի, եւ ապակիները փշրվեն, կառավարությունը եւ իշխող խմբակցությունը հանգիստ կլինե՞ն»։ Ընդդիմության ներկայացուցիչը չի բացառում, որ Ադրբեջանին ոգեւորել են նաեւ բրյուսելյան բանակցությունների արդյունքները։ Այս պայմաններում, երբ թշնամին կանգ չի առնում, իսկ իշխանությունը կոտրում է ժողովրդի ոգին, ո՞ւմ վրա հույս դնի թշնամու կրակի առաջ մենմենակ մնացած սահմանամերձ գյուղի բնակիչը։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ կա պետություն, ու հենց նրան պիտի ապավինել․ «Եթե պետությունը չի կատարում իր պարտականությունը, եթե իշխանությունը չի կատարում իր պարտականությունը, նրան պետք է փոխել։ Այդ Նիկոլ Փաշինյանը բանակը քանդեց ու դարձրեց ջոկատներ»։

Իսկ ի՞նչ ակնկալել ընդդիմությունից, որը շարունակ նոր աղետների մասին է զգուշացնում։ «Ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ ընդդիմությունը կոչ անի՝ իջնել փողոց, ակնկալիք ունեցողները նաեւ կգան եւ ընդդիմությանը կաջակցեն ոչ միայն խոսքով եւ հեռվից, այլեւ անմիջապես եւ միասին»,- այսպես է արձագանքում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը՝ շեշտելով, որ ընդդիմության գործը կառավարության բացթողումները վերհանելն ու  այլընտրանքային լուծումներ առաջարկելն է։  «Այս մարդիկ կարծում էին, որ կզիջեն Արցախը եւ Հայաստանը կդարձնեն ապահով, մենք ասում էինք՝ հենց Արցախի էջը փակեն, կհարձակվեն Հայաստանի վրա, այդպես էլ եղավ։ 2020թ․ արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց թիրախում, եւ մխրճումները տեղի են ունենում նոր կահավորված սահմանի վրա։ Խնդիրը միանշանակ է՝ բանակն ամրացնել, արդյունավետ դիվանագիտություն վարել եւ կայուն տնտեսություն ունենալ»,- եզրափակում է Խաչատրյանը։

Մարիաննա Ղահրամանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել