Ապրիլի 5-ին, Բրյուսելում, ԱՄՆ պետքարտուղարության Brussels Media Hub-ում, ԵՄ-ԱՄՆ-ՀՀ եռակողմ հանդիպմանը համարյա զուգահեռ, ասուլիսով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը։ Այդ ասուլիսից ինչ-որ կիսատ-պռատ հատվածներ Հայաստանի լրատվադաշտում շրջանառվեց նույն օրը երեկոյան։ Սակայն երեւի ասուլիսի կենտրոնական հարցը, որից Օ՛Բրայենը սկսեց հարցերին պատասխանել, «Հրապարակ» օրաթերթի հարցն էր։ Հարցն իր ձեւակերպմամբ` ուշագրավ էր։ Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մեր հարցը եւ պրն Օ՛ Բրայենի պատասխանը։ 

ՄՈԴԵՐԱՏՈՐ․ ...Թույլ տվեք գնալ Լուսինե Պետրոսյանի հարցին` «Հրապարակ» օրաթերթից, Հայաստան։ Հարցը հետեւյալն է․ «Շարունակաբար հայտարարվել է, որ ապրիլի 5-ին քննարկվելու է Հայաստանի տնտեսական դիմադրողականության հարցը։ Ակնբախ է, որ Հայաստանի տնտեսության դիմադրողականության, զարգացման, բարգավաճման ճանապարհին մեծագույն խոչընդոտը Հայաստանի՝ թշնամաբար եւ անօրինականորեն փակված սահմանն է Թուրքիայի կողմից։ Ի՞նչ դեր կարող է խաղալ ԱՄՆ-ն այս խոչընդոտը վերացնելու եւ այնուհետ Արեւելյան Միջերկրականի ափերին տարածվող պատմական հայկական Կիլիկիայից դեպի մերօրյա Հայաստան տրանսպորտային միջանցք հաստատելու գործում։ Նման միջանցքը բեկումնային փոփոխություն կլինի Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ անդին»։ Խոսքը փոխանցում եմ պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենին։

Պետքարտուղարի տեղակալ ՕԲրայեն. Շնորհակալություն Էրին...Սկսեմ վերջին հարցից։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի, ճկունության եւ սահմանների վերաբերյալ մենք ծավալուն քննարկումներ ենք ունեցել, անկեղծ ասած, տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա՝ հզոր տրանսպորտային միջանցք կառուցելու կարեւորության վերաբերյալ: Եվ ես հավատացած եմ՝ մեծ պատրաստակամություն եւ հետաքրքրություն կա՝ այդ ուղղությամբ շարժում տեսնելու: Այսօր երկու որոշակի հարց է քննարկվել. մեկը՝ USAID կառավարիչ Սամանտա Փաուերն այսօր հայտարարեց նման առեւտրային միջանցքի հնարավորությունների ուսումնասիրման մասին: Այն կարող է ապրանքներ բերել Կենտրոնական Ասիայից՝ հացահատիկ, էներգիա, տեքստիլ եւ այլն, եւ այդ ապրանքները, ինչպես ասվեց, տարանցվեն մինչեւ Միջերկրական ծով։ Կա եւս մի հնարավոր երթուղի, որով ապրանքները հասնեն Սեւ ծով։ Այսպիսի կենտրոնում գտնվող, տարանցիկ միջանցքը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, նրանց թույլ կտա զարգացնել արդյունաբերություններ, որոնց արտադրանքը կշահի նման փոխադրումներից։ Հետեւաբար, մենք կսկսենք ձեւավորել տնտեսական տեսլականը, եւ այնուհետեւ յուրաքանչյուր պետություն, ներառյալ հատկապես Հայաստանը, պետք է որոշի, թե ինքն ինչպիսի ներդրում է ցանկանում ունենալ նման միջանցքի նախագծում, դրա շուրջ, եթե այն կառուցվի:

Եվ մենք միայնակ չենք այս գործում: Եվրոպացիները՝ եվրոպական տարբեր կառույցներ նույնպես սկսել են ուսումնասիրել այս նախագիծը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հանդիպում է անցկացրել հենց այդ հարցով համաժողովի վերաբերյալ, եւ ես կարծում եմ, որ դեսպան ՄակՔին եւ այլք AID-ից մասնակցել են դրան եւ առջեւում կշարունակեն այս թեման։ Սակայն նման ներդրման եւ ծրագրի վճռորոշ պայմանը տարածաշրջանում խաղաղություն ունենալն է։ Սա սերունդների նախագիծ է, որը կփոխի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները, քանի որ նրանք կունենան նաեւ այլ տարանցիկ ելքեր, Ռուսաստանի կամ Չինաստանի միջով անցնողներից բացի, դեպի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա: Այս տեսակի հանձնառությունները պահանջում են կայունություն եւ խաղաղություն: Այսպիսով, մենք հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այս նախագծի զարգացմանը մեզ հասանելի ամեն կերպով, եթե տարածաշրջանի երկրները կարողանան համաձայնել եւ ինքնիշխան կերպով որոշել, որ ցանկանում են տեսնել այսպիսի միջանցքը կառուցված: Ես գտնում եմ՝ սա բացառիկ նախագիծ է, որը հսկայական ներուժ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար, եւ մենք ամեն կերպ դրան աջակցելու ենք, ինչպես այսօր ասել են քարտուղար Բլինքենը, նախագահ ֆոն դեր Լեյենը, կառավարիչ Փաուերը եւ բարձր ներկայացուցիչ Բորելը։

Ինչ խոսք, պետքարտուղարի հայտնածը կատարյալ նորություն էր։ Մինչ այժմ ոչ ոք հրապարակավ չէր խոսել Արեւելյան Միջերկրականի ափերից դեպի Հայաստան տրանսպորտային միջանցքի՝ օրակարգային թեմա լինելու եւ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ ընթանալու մասին։ Գերագնահատել նման թեման ու դրա կարեւորությունը՝ անհնար է, որովհետեւ դեպի Միջերկրական ծով ելքը կարող է բեկումնային լինել Հայաստանի տնտեսության զարգացման եւ պետության դիմադրողականության համար։ Եթե ապրիլի 5-ին Բրյուսելում այս թեման է քննարկվել, եւ, ինչպես Օ՛Բրայենն է ասում, ԱՄՆ-ն եւ Եվրոպան հետամուտ են տրանսպորտային միջանցք ստեղծելուն, որտեղ Կիլիկիայից Հայաստան տարանցիկ միջանցք լինի, ապա դա դարակազմիկ տեղաշարժ է։  

Չի կարելի մոռանալ, որ հարյուր տարի առաջ Վերսալյան վեհաժողովում Պողոս Նուբար փաշան պահանջում էր Կիլիկիան ճանաչել Հայաստանի մաս, որովհետեւ «Կիլիկիան Հայաստանի թոքերն են, առանց Կիլիկիայի եւ Միջերկրական ծովի չի կարող լինել Հայաստան»։ Սեւրի դաշնագիրը նախապատրաստելիս էլ, երբ արդեն պարզ էր, որ Հայաստանի մանդատը տրվում է ԱՄՆ-ին, տեղում իրերի վիճակին ծանոթանալու համար Հայաստան ժամանած ամերիկյան պատվիրակություններին ամենից շատ հետաքրքրել է հենց Կիլիկիայից Վան, ապա Վանից Երեւան երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիներ ստեղծելու հնարավորությունը։ Նման երթուղին Հայաստանը վերադարձնում է  իր հազարամյակների՝ Ասիայի դարպասը լինելու դերին, դրանից արտածվող կարեւորությամբ։
Կոնկրետ այսօրվա կտրվածքով Կիլիկիայից Վան, ապա Երեւան ձգվող երթուղին գործնականում նշանակում է, որ ցանկացած ապրանք Միջերկրականում նավարկող առեւտրային նավերով մի քանի օրում կհասնի Մերսին, այնտեղից էլ՝ 12-24 ժամում Հայաստան։ Դա՝ այն դեպքում, երբ հիմա մեկ ամիս, եթե ոչ ավելի, կտեւի Եվրոպայից որեւէ ապրանք ծովային ուղով Հայաստան հասցնելը։ Պատճառն այն է, որ ցանկացած մեծ նավային ընկերություն շաբաթական առնվազն երկու նավարկություն է կատարում Միջերկրականի ափերով՝ Ջիբրալթարից Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Բալկանների ափերով  ետ դեպի Իտալիա, մինչդեռ ամսվա ընթացքում հազիվ մեկ նավ են ուղարկում Սեւ ծովի վրացական նավահանգիստներ։ Միանալ Միջերկրական ծովին՝ նշանակում է վերադառնալ համաշխարհային առեւտրի ու ապրանքաշրջանառության զարկերակ, ինչը հայերի տարերքն է եղել առնվազն 4 հազար տարի  եւ 20-րդ դարում էլ կշարունակեր լինել, եթե ռուս-թուրքական տանդեմը 100 տարի առաջ չվիժեցներ Սեւրի դաշնագրի գործադրումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել