Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

- Իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վճռական փուլ է մտել, Ձեր կարծիքով՝ Արեւմուտքը կարողանալո՞ւ է զսպել Ադրբեջանի ախորժակը՝ ՀՀ-ից տարածքային պահանջների առումով, երաշխավորելո՞ւ է, որ պատերազմ չի լինելու, միջանցք չենք տալու, փոխհատուցելո՞ւ է Ռուսաստանի տնտեսությունից կտրվելը։

- Նախ սկսենք վեկտորից․․․ ես գիտեմ, որ Ձեր կրթությունը հումանիտար է, հետեւաբար՝ պարտադիր չի, որ վեկտորի մասին ամբողջական պատկերացում ունենաք։ Ես պիտի նորից ասեմ՝ ինչ է վեկտորը, շատ կարեւոր բան ա` վեկտորը ֆիզիկական մեծություն է, որն ունի ե՛ւ ուղղություն, ե՛ւ մեծություն։ Հետեւաբար, մենք ոչ թե վեկտորի փոփոխություն ենք կատարում, այլ վեկտորի մեծության փոփոխություն։ Աշխարհի բոլոր երկրներին ուղղված վեկտոր ունենք, օրինակի համար, Պակիստանի ուղղությամբ էդ վեկտորի ուղղությունը զրո է, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ գոյություն ունի Պակիստան, Մոզամբիկ, Ֆրանսիա, Ռուսաստան։ Մինչեւ էս պահը Ռուսաստանի կողմն ուղղված վեկտորն է ամենամեծը, բայց աշխարհաքաղաքական էս իրավիճակում, այո, ՌԴ-ի կողմն ուղղված վեկտորի մեծությունը պակասում է, մեծանում է դեպի Եվրոպա ուղղված վեկտորի մեծությունը, որովհետեւ մի կողմից Ռուսաստանն էսօր գտնվում է պատերազմական իրողությունների մեջ, մյուս կողմից էլ մենք գտնվում ենք անվտանգային լուրջ խնդիրներով հագեցած տարածաշրջանում: Հետեւաբար, մենք մեր անվտանգային խնդիրները պետք է լուծենք, իսկ այդ խնդիրների հիմքում ընկած է տնտեսությունը, որովհետեւ ճակատամարտերը հաղթում են բանակները, իսկ  խաղաղությունը հաստատում են տնտեսության ուժի շնորհիվ։ Հիմա, այո, մենք մեր կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից պիտի դիվերսիֆիկացնենք, փոքրացնենք՝ ինչքան հնարավոր ա, դրա համար է մեր արտաքին քաղաքականությունը միտված էդ ուղղությանը, որը կբերի պաշտպանունակության բարձրացման։

- Արդեն քանի տարի է՝ Արեւմուտքը փորձում է մեզ պոկել Ռուսաստանից, բայց փաստն այն է, որ երաշխիքներ չեն տալիս մեզ։

- Ապրիլի 5-ի հանդիպումը ոչ միայն աննախադեպ է իր ձեւաչափով, այլ ես հույս ունեմ, որ իր բովանդակությամբ է այդպիսին լինելու։

- Բայց բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք մինչեւ ապրիլի 5-ի հանդիպումն արդեն ուշագրավ հայտարարություններ են արել, որ ՌԴ-ն այլեւս չի կատարում ռազմավարական գործընկերոջ պարտավորությունները, ուստի պետք է Եվրոպա գնանք, որ մեր տնտեսությունը ծաղկի, դառնանք անվտանգ, մեր սահմանները պաշտպանված լինեն։

- Ես ասեցի, որ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, նպատակը տնտեսությունը զարգացնելն է, կկարողանանք մի երկու կոպեկ ավել փող աշխատել` պաշտպանական բնույթի հարցեր լուծել եւ այլն։

- Իսկ Եվրոպան պատրա՞ստ է աջակցել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, անվտանգությունն ապահովելուն, պատրա՞ստ են աջակցել մեզ։

- Թե որքանով է ուզում կամ չի ուզում, այդ հարցի վրա լույս կսփռվի ապրիլի 5-ի հանդիպումից հետո` սա բացառիկ շանս է, որ Արեւմուտքը ցույց տա իր տրամադրվածությունը՝ որքանով է շահագրգռված այդ խնդիրների լուծման համար։

- Ի՞նչ եք ակնկալում՝ կրկին վերամբարձ հայտարարություննե՞ր, թե՞ ․․․

- Բնականաբար, ես ակնկալում եմ ֆինանսական լուրջ աջակցություն, թիվ չեմ ուզում նշել, անհամեստություն չանեմ։ Եթե գա ժամանակը, հաշվարկներ կարվեն ու կներկայացվեն, բայց այդ աջակցությունը պիտի լինի արագ, կարճ ժամկետներում, որպեսզի մենք կարողանանք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, մեր տնտեսվարողները կողմնորոշվեն, ե՛ւ իրենց ապրանքի որակը, ե՛ւ տեսականին այն աստիճանի փոփոխեն, որ կարողանան մրցունակ կերպով հանդես գալ եվրոպական, ասիական ուրիշ շուկաներում...

- Ընդունենք՝ ձեր ակնկալած փողը տվեցին, բայց նույն եվրոպացի պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենք մեր տարածաշրջանում հավաքական Արեւմուտքի ներկայացուցիչ են տեսնում Թուրքիային: Դուք դեմ չե՞ք Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելուն։ Եվ արդյո՞ք Թուրքիան թույլ կտա, որ մենք հզորանանք տնտեսապես, զինվենք եւ այլն։

- Մենք Թուրքիային կհամոզենք՝ որպես Արեւմուտքի մեր գործընկերների գործընկեր, որ մենք նպատակ չունենք Կարսը, Սուրմալուն, Իգդիրը ռազմական ճանապարհներով վերցնենք, մենք այնպես պետք է անենք, որ Թուրքիան չվախենա մեզնից, Ամերիկան էլ կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը պուպուշ են, Ֆրանսիան կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը մեր ախպերն են, Թուրքիան էլ Ադրբեջանին կասի՝ կապիկություններ մի արա՝ հայերը կրակեցին, հայերը կրակեցին․․․ Ամենահետամնաց, կիսագրագետ մարդուն էլ պարզ ա, որ հայերին ձեռնտու չի պատերազմը, մի արեք։

- Ոչի՞նչ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկություն ունեն վերցնել մեր Տավուշը, Ջերմուկը, Երեւանը։

- Դե, նորից եկանք ելման կետին, բա էս ամեն ինչն անում ենք, որ կարողանանք պաշտպանվել, բնականաբար, իրանք ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատեն, հայերին կոտորեն կամ ստեղից հեռացնեն։ Իսկ դուք գիտե՞ք, որ մեր պաշտպանական բյուջեն արդեն գրեթե համադրելի է Ադրբեջանի հետ, միլիարդուկես հատկացում ենք արել անցած տարի, առաջվա պես չի, որ 10 անգամ քիչ էր, եթե կարողանանք տնտեսությունն էլ ավելի զարգացնենք, ուրեմն ավելի կհզորանանք։ Դուք պիտի տեսնեիք, թե երեկ մենք փակ քննարկում ունեինք, ինչ բուռն քննարկում էինք անում, որ բիզնեսմեններին պաշտպանեինք, իրանք շատ փող աշխատեն, հարկեր տան պետությանը, պետությունը կարողանա իրա հարցերը լուծի։

- Տեսնում ենք, թե ոնց եք պաշտպանում, մի քանի ամիս առաջ ծիծաղելի մեղադրանքով կալանավորեցիք հեղինակավոր բիզնեսմենի` «Սինոփսիսի» տնօրենին, վարկաբեկեցիք, արատավորեցիք մարդուն...

- Դե, էդ արդեն ուրիշ բան է, ոչ մեկն ապահովագրված չի։

- Լավ, ուզում եք ասել, որ անգամ Թուրքիայի հովանու տակ մենք կարող ենք հզորանալ, հիմա ահռելի ուժեղացրել ենք պաշտպանական ոլորտը: Այդ դեպքում ինչո՞ւ էր շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը տավուշցիներին պատերազմով վախեցնում, որ չտանք հողերը, Ադրբեջանը Տավուշից է հարձակվելու, Թուրքիան` Արմավիրից։

- Տավուշի հողերը ոչ մեկը չի տալիս, վերադարձվում ա Ադրբեջանի ԽՍՀ-ն պատկանող բնակավայրերը, որոնք հետագայում դարձել են անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, իսկ ի՞նչ ա նշանակում՝ Ադրբեջանը ստեղից ա հարձակվելու, Թուրքիան՝ մյուս տեղից։ Դա նշանակում է, որ ունեն միասնականության դաշտ, Ադրբեջանի դեմ հարձակումը Թուրքիան իր դեմ է համարում, եւ ճիշտ հակառակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել