Ոսկեպարցիներն ամեն օր արթնանում են ահը սրտներում՝ իրենց վերջը ո՞նց կլինի։ Ամեն օր Երեւանից հյուրեր են ընդունում, բայց նրանց մեջ իշխող ուժից մարդ չկա։ Մարտի 18-ին Փաշինյանն անձամբ էր «սեւ լուրը» հաղորդել Բաղանիսի եւ Ոսկեպարի բնակիչներին: Պարզել էր Հայաստանի մակետը, ցույց տվել Ոսկեպարի հանձնվող ճանապարհը եւ ասել, որ պատրաստվեն։ Տեղացիներն իրենց վերաբերմունքը լիարժեք ցուցադրել էին վարչապետին, նա հեռացել էր` խոստանալով 10 օրից վերադառնալ։ 

«Որ եկած լիներ, Դուք էլ կիմանայիք, առայժմ անորոշ վիճակ է, ոչ մի բան չգիտենք, ո՛չ տեղեկատվություն ունենք, ոչ մի բան։ Հարցրեք իրեն՝ ինչո՞ւ չգնացիր»,- մեր միջոցով հարցը փոխանցում է Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե Փաշինյանից լուր ունե՞ն։ «Բաքվի հետ տարածքային փոխզիջումների գնալու մեր առաջարկի վերաբերյալ ոչ մի պատասխան չկա։ Մենք ասել էինք՝ եթե այս տարածքները Բաքուն ուզում է, հայկական կողմն էլ թող իր տարածքներն ուզի Բաքվից»,- իրենց առաջարկներն է հիշեցնում Ալավերդյանը։ Հիմա ի՞նչ սպասումներ ունեն։ Մեր զրուցակիցը խորը հոգոց է հանում․ «Է՜հ, որ ասեմ՝ սպասում ենք միայն Տեր Աստծուց, չգիտենք։ Հույսը չի մարում, հույսը մեզնից հետո թող կորչի։ Մենք այն կարծիքին ենք, որ այսպես ապրել չի լինի։ Եթե դու մարդու իրավունքների կոնվենցիայով սահմանած նվազագույն դրույթներին համապատասխան չես կարող անվտանգության երաշխիքներով ապրել, ուրեմն քո կյանքը վտանգված է»,- նշում է ոսկեպարցին։

Համայնքն իր կարծիքը ուղերձի ձեւով ձեւակերպել էր եւ Ոսկեպար այցի ժամանակ հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Գրել էին․ «Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից, կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար ու պետք է հարատեւեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել եւ միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաեւ 90-ականներին, չի հաջողվելու նաեւ այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները»։ Հարություն Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ ոսկեպարցիները լսե՞լ են, որ իշխանության ներկայացուցիչները քարոզչություն են տանում, թե դրանք հայկական տարածքներ չեն` ինչպե՞ս կարող ենք ադրբեջանցիներին պատկանող հողը չհանձնենք, եթե չհանձնենք` կհարձակվեն մեզ վրա։ 

«Եկեղեցին տեսել եք, չէ՞, այ, հենց այդ բնակավայրի մոտ եղել է իմ պապերի գյուղը։ Մակար Բարխուդարյանն իր գրքերում արձանագրել է այդ տարածքի բնակչության եւ առկա պատմության մասին։ Հստակ նշվում է, որ այդ եկեղեցու մոտից Ոսկեպարի բնակչությունը տեղափոխվել է Նոր Ոսկեպար։ Թուրքերը, տեսնելով լքված բնակավայրերը, եկել ու բնակություն են հաստատել, անասուններն են պահել։ Սովետական կարգերի հաստատումից հետո եղբայրության ու հավասարության լոզունգի տակ նորից թուրքերը բնակեցվեցին այդտեղ, հետագայում տարբեր մեթոդներով, քարտեզներ փոխելով՝ դարձրին իրենցը։ Չենք հասկանում, թե ոնց եղավ՝ այսօր մեր հողը դարձավ առքուվաճառքի առարկա։ Մենք այդ սահմանը տալով, տարածքները տալով, կորցնում ենք անվտանգության, ազատ ապրելու եւ տեղաշարժվելու իրավունքը, ճանապարհ չենք ունենում, թուրքերն էլ սկսում են մարդագողություն անել, ինչպես 90-ականներին է եղել»,- մանրակրկիտ բացատրում է Ալավերդյանը։

Փաշինյանի ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից որեւէ սպասելիք ունե՞ն ոսկեպարցիները։ 2 օրից կհանդիպեն Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ «Ոչ մի»,- կտրուկ պատասխանում է ոսկեպարցին, ասում է՝ եվրոպացիներն առանձնապես հավատ չեն ներշնչում։ «Ես եվրոպաներից մեծ ակնկալիքներ չունեմ, էլ չեմ ասում՝ այդ հանդիպումներից։ Մեր ազգային ավանդույթներն ինձ համար ավելի սուրբ են, քան եվրոպական այդ արժեքները»։

Ի՞նչ զգացողությամբ են արթնանում եւ օրն անցկացնում ոսկեպարցիներն այս իրավիճակում։ Տնօրենը հարցին հարցով է պատասխանում․ «Դուք ի՞նչ զգացողություն կունենայիք, երբ ամեն օր գործի գնալիս իմանայիք, որ այդ տարածքն արդեն ձերը չէ, եւ այնտեղ կանգնած են ադրբեջանական զորքերը։ Ռամիլ Սաֆարովին հիշո՞ւմ եք, նրա նմաններն են գալու այստեղ։ Եթե այսօր Ադրբեջանում հերոսացվում են հայ սպանած մարդասպանները, մենք ինչպե՞ս ենք մտածում խաղաղության մասին։ Մենք պիտի միայն մտածենք մեր եղածը պահելու մասին»։ Ալավերդյանը վստահ է՝ ոչ մի ադրբեջանցի չի վերադառնալու այդ բնակավայրերը, այստեղ լինելու են ադրբեջանական զորքեր, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ կամաց նստեն Երեւանի շնչին։ «Մենք չե՞նք հասկանում, որ մեր ձեռքով մեր տունը քանդում ենք։ Եթե մենք իրական հայ ենք, պիտի զգանք այն ցավը, ինչ ոսկեպարցին, սա պետական սահման է, ոչ թե Ոսկեպարի բնակչի ունեցվածքը։ Երբ բոլորս պետականամետ մտածողություն ունենանք, հաջողության կհասնենք»,- նկատում է Ալավերդյանը։  

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ շաբաթվա 5 օրը Տավուշում է, Փաշինյանի այս լռությունը, Տավուշ չգնալը պայմանավորում է մի քանի հանգամանքով։ «Կա՛մ ասելիք չունի, կա՛մ տավուշցիներին պիտի ծանր լուր հայտնի։ Ծանր լուր՝ այն մասին, որ պիտի հանձնի այդ գյուղերը Բաքվին։ Հանդիպման ժամանակ, իր ոճին համապատասխան, խառը բաներ է ասել ժողովրդին, թե իր ասածներից որն է ճշմարտությունը, չենք կարողանում հասկանալ՝ մանիպուլացնում է։ Հիմա իշխանությունը փորձում է պետրոսների նմաններով մանիպուլացնել, նորից խաբել ժողովրդին, ներկայացնել այդ գյուղերի անկարեւորությունը»,-ընդգծում է պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ իշխանական մեսիջները տավուշցիները մեծ զայրույթով են ընդունել եւ այլեւս չեն հավատում նրանց մանիպուլյացիաներին։ «Իշխանությունը հիմա իր էմիսարներին է ուղարկում Տավուշ, ովքեր համոզում են մարդկանց, թե ամեն ինչ որոշված է, կառավարությունը գույքի փոխհատուցում կտա, հողի փոխհատուցում կտա, փող կտա։ Մարդիկ մերժել են, իհարկե, բայց չպիտի թերագնահատենք սրանց, քանի որ իշխանություն են, եւ իրենց ձեռքում լծակներ կան։ Փափուկ ուժի քաղաքականություն են վարում՝ փորձելով մարդկանց փողով շահագրգռել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել