Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանն իր պաշտոնի հետ անհամատեղելի է, բայց, չնայած դրան, շարունակում է պաշտոնավարել։ Բանն այն է, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել մամուլի հրապարակման հիման վրա, որի համաձայն՝ Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Վարույթի արդյունքում Հանձնաժողովը գործում առկա փաստական հանգամանքների եւ ապացույցների քննությամբ եզրակացրել է Մխիթար Մաթեւոսյանի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակի առկայության մասին»։ «Հանձնաժողովն արձանագրում է, որ Մխիթար Մաթեւոսյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել՝ անհամատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության առկայության պարագայում: Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է: Հարկ է նաեւ նշել, որ նույն գործի քննության շրջանակներում Հանձնաժողովը, հիմք ընդունելով Հանձնաժողովի թիվ 02/2022-2024-Ա/Վ եզրակացությամբ հաստատված՝ շահերի բախման իրավիճակի առկայության փաստը, 2024 թվականի մարտի 25-ին դիմել է նաեւ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին՝ Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման եւ շահերի բախման վերաբերյալ հրապարակային պարզաբանում ներկայացնելու պահանջով»,- հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանը, սակայն, ոչ միայն համաձայն չէ հանձնաժողովի դիրքորոշման հետ, այլեւ կարծում է, որ հանձնաժողովն իր դեմ պատվել է կատարում։ «Կարող եմ ասել, որ հիմարություն է, ինչ-որ մեկի պատվերն են իրենք կատարում։ Ես չգիտեմ, թե դա ում պատվերն է, բայց ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ, համատեղելիության ոչ մի հարց էլ չկա։ Այդ գործը նույն այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է դատախազությանը, գործը մի քանի ամիս ուսումնասիրել են, ինչ որ պետք է, հարցաքննել են, ուսումնասիրել են, հանցակազմ չլինելու հիմքով գործը կարճվել է, այդքանից հետո իրենք ինչ են ուզում՝ ես չեմ հասկանում»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ԿԿՀ հայտարարությանը՝ ասաց Մաթեւոսյանը՝ շարունակելով․
«Իրենք երբ մեզ այդ հարցն ուղարկել են, ավագանիում քննարկել ենք, բոլորի ստորագրություններով իրենց պատասխանվել է, որ մենք այդ ամենն ուսումնասիրել ենք, ոչ մի անհամատեղելիություն չկա։ Ստորագրել, ուղարկել ենք իրենց»։

Համայնքապետին հարցրինք՝ այդ կազմակերպությունն իր կնոջը չի՞ պատկանում, համայնքի հետ խոշոր պայմանագիր չե՞ն կնքել։ «Իմ կնոջ անունով է, բայց տնօրենն ուրիշ մարդ է։ Ես նվիրատվություն եմ արել իմ կնոջը, այդ հիմնարկն իմ ամբողջ կյանքի աշխատանքն է եղել։ Ես նվեր եմ տվել իմ կնոջը, բայց քանի որ մենք 1 տարեկան երեխա ունենք, ինքը ժամանակ չունի ինչ-որ հարցերով զբաղվի, տնօրենն ուրիշ մարդ է։ Օրինական մրցույթ է եղել, այդ կազմակերպությունը 100 տարի է՝ մրցույթների է մասնակցում, իրավունք չունի՞ մրցույթի մասնակցի, մրցույթն էլ էլեկտրոնային է եղել, մասնակցել է, ցածր գին է առաջարկել, հաղթել է, ու ընդ որում՝ շատ էլ որակով աշխատանք է կատարվել, լիքը նվերներ է տվել Վայք համայնքին, ողջ ժողովուրդն էլ տեսել է, տեղյակ է այդ ամենից, մինչեւ հիմա էլ գումարը չի ստացել, շատ փոքր մասն է փոխանցվել։ Ճանապարհի մրցույթ է եղել, Վայքի Շահումյան փողոցի վերանորոգման աշխատանք է եղել, կապիտալ վերանորոգվել է»,- ասաց Մաթեւոսյանը։

Վայքի համայնքապետը նաեւ հայտնեց՝ պատրաստվում է դատի տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ «Առանց հիմքերի նման հայտարարություն են տարածում։ Գործը Քննչական կոմիտեն քննել է, կարճել է, դատախազը հաստատել է, որ գործը կարճված է, ուղարկել են իրենց։ Այդքանից հետո իրենք որոշել են, որ անհամատեղելիության պահանջ կա։ Այսինքն՝ դատախազությունը քննում, հասկանում է, որ ոչ մի բան չկա, իրենք չգիտեմ ինչ են որոշում։ Մեր իրավաբանները հիմա զբաղվում են դրանով, մոտակա օրերին ես իրենց դատի եմ տալու դրա համար։ Հենց հիմա փաստաբանը զբաղվում է դրանով, պատասխան են տալու այդպիսի բան անելու համար»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել