Տարեսկզբին Լոռու եւ Արմավիրի մարզերի դպրոցներում իրականացրած ստուգումներից հետո «տուկի թել»-ով սարքած դարպասի, անորակ ցնցուղի ու կախիչի համար քավության նոխազ դարձած մարզպետներից ու Քաղշինկոմիտեի նախագահից հետո որեւէ այլ պաշտոնյա չի պատժվել։ Մինչդեռ ենթադրվում էր, որ կոնկրետ այդ աշխատանքներն իրականացնողները պետք է պատժվեին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, հունվարի սկզբին Արմավիրի եւ Լոռու մարզերում ծանոթանալով կառավարության բյուջեով վերանորոգված դպրոցների շինաշխատանքներին, մի մեծ շոու- ներկայացում էր սարքել, թե հանրային միջոցները վատնում են եւ անորակ աշխատանք հանձնում դպրոցներին: Դրանից հետո աշխատանքից ազատվեցին մարզպետներ Էդվարդ Հովհաննիսյանը, Արամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ «Էս վերցրեք տեսեք՝ տեխնիկական բնութագրով ի՞նչ գնանոց ա, ու սա ի՞նչ արժե մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»,- ցնցուղը տալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարել էր Փաշինյանը։ 
«Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետեւողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»,- դժգոհել էր վարչապետը՝ խոստանալով, որ լուրջ որոշումներ պետք է կայացվեն։ Այս շոուն հասարակությանը շատ էր դուր եկել` վատ աշխատողներն ու գողերը պետք է պատժվեն: Բայց լուրջ որոշումները, պարզվում է, այդ 3 պաշտոնյաների պաշտոնանկություններն էին, որոնց կապը ցնցուղի ու կախիչի հետ անուղղակի էր։ Անցել է շուրջ 4 ամիս։ Փորձեցինք հասկանալ` որեւէ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ, որեւէ մեկը, բացի մարզպետներից, պատասխանատվություն կրե՞լ է:

Դատախազությունից ասացին, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, սպասում են ՊՎԾ-ի հաղորդմանը։ ՊՎԾ-ից հայտնեցին, որ դեռեւս ուսումնասիրում են կախիչն ու ցնցուղը` հսկայածավալ աշխատանք կա անելու։ Մինչ Ժաննա Անդրեասյանը կպարզեր ցնցուղի գինը, համացանցում հայտնվեց գնումների պայմանագիրը։ Պարզվեց՝ Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 հազար դրամ, գնվել է 5 հատ ցնցուղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Կապալառուն՝ «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն, պայմանագիրը կնքել է 2022 թվականի ապրիլի 6-ին։ Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ։ Կոռուպցիա ՉԿԱ»,- գրել էր նա։ Սրան զուգահեռ, շատ քաղաքացիներ ահազանգում էին` այդ ցնցուղի գինը չէր կարող գերազանցել 5 հազար դրամը։ Այս գրառումները կարող էին իրավապահ մարմինների համար քրեական վարույթ նախաձեռնելու հիմք հանդիսանալ, բայց պետական մարմինը սպասում է մեկ այլ պետական մարմնի «օբյեկտիվ քննությանը» կամ էլ` թեման մոռացության մատնվելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել