«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն հրապարակել ենք համատեղ զեկույց`
«Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են՝ մարտի 18-ին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին, որը վերջինս նույնպես ներկայացրել է Կոմիտեին՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կայանալիք 79-րդ նստաշրջանի համար:
Զեկույցն անդրադառնում է 2016-2019 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին:
Այս զեկույցում քննարկված միջադեպերը բացահայտում են Ադրբեջանի կողմից որդեգրված գործելաոճի համակարգված օրինաչափությունը, որը հատուկ ուղղված է հայկական ազգային և էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ:
«Արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատումը հանդիսանում է ինչպես անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ:
Ավելին, սովորական դրույթներին չհետևելը և չհետաքննելը, ինչպես նաև խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում են անպատժելիության մակարդակը Ադրբեջանի ռազմական ուժերի և հասարակության շրջանում:
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին և պարգևատրումներին: Դա գործողություն է, որը խթանել է ատելությունը հայ քաղաքացիների նկատմամբ և երաշխավորել է խուսափելը քրեական պատասխանատվությունից»,-նշում են հիմնադրամից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել