«Ցանկացած ոլորտում, առաջին հերթին՝ նաեւ կրթության ոլորտում, փոփոխությունները պետք է ունենան հստակ տեսլական, ռազմավարություն եւ իրականացման ժամանակացույց»,- անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած կրթական նորարարություններին՝ ասում է ԵՊՀ դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։ Այդ փոփոխություններ իրականացնողը պետք է հասկանալի դարձնի դրանց նպատակը։ «Վախենամ, որ Հայաստանի իշխանություններն այս բոլոր հարցերի պատասխանները չունեն, ունեն ինչ-որ ծրագիր, որն ուզում են իրականացնել: Ծրագիր, որը չունի նպատակ։ Ես դեմ եմ այդ փոփոխություններին՝ սկսենք ակադեմիական քաղաքից։ Ոչ այն պատճառով, որ չեմ ուզում Երեւանը թողնել հեռանալ եւ այլն, այլ այն պատճառով, որ կրթությունը որպես շենք է ընկալվում։ Իհարկե, կրթական պայմանները, շենքային, աշխատանքային պայմանները կարեւոր են, բայց կրթությունը շենքը չէ, եւ նրանք, ովքեր դեմ են ակադեմիական քաղաքին, նրանց պայքարը Երեւանից չտեղափոխվելու համար չէ, այլ այն, որ կրթական համակարգի այսօրինակ ընկալումը, որ շենքի փոփոխությամբ կրթության որակը կբարելավվի եւ կբարձրանա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք ավելին»,- ասաց Մկրտչյանը։

Եթե Հայաստանը կրթական ոլորտում բարեփոխումներ է իրականացնում, պետք է արեւմտյան փորձն ընդօրինակի, հատկապես հաշվի առնելով, որ վաղուց ենք միացել Բոլոնիայի կրթական համակարգին եւ պետք է այդ ճանապարհով գնանք։ Արեւմտյան, եվրոպական բուհերը զուտ շենքի առումով ունեն իրենց հիմնական շենքը, եւ համալսարանների հիմնական մայր շենքը գտնվում է քաղաքում։ Համալսարաններն ընդարձակվում են արդեն մայրաքաղաքից դուրս՝ նոր ֆակուլտետներ են բացվում, ինչ-որ ֆակուլտետներ են տեղափոխվում, բայց հիմնական շենքերը մնում են քաղաքում։ Համալսարանական քաղաքները գալիս են լրացնելու հիմնական քաղաքին՝ նկատում է Նարինե Մկրտչյանը։ «Ես եղել եմ թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան համալսարաններում, հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ այցելեցի Ելի համալսարան (Yale University)՝ աշխարհահռչակ համալսարաններից մեկը, շատ հին համալսարան է՝ մեծ կենսագրությամբ եւ կրթական մեծ փորձով, բայց աստիճանները հին՝ 18-19-րդ դարերի փայտից ճռճռան աստիճաններ էին։ Այսինքն, նույնիսկ շենքի վերանորոգման աշխատանքները, շենքի պահպանման, այնպես են արվում, որ չվնասեն դրա պատմականությանը, էլ չեմ ասում՝ կրթական ավանդույթներին։ Կան կրթական ավանդույթներ, որոնք լավն են, եւ կան կրթական ավանդույթներ Հայաստանում, որոնք վատն են, օրինակ՝ կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչությունը եւ այլն։ Դրանցից պետք է ազատվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Սխալ է ընկալումը, որ ակադեմիական քաղաք կառուցելով՝ մենք լուծում ենք կրթական հարցեր, կա «քաղաքային մշակույթ» ասվածը, որի մեջ համալսարանական մշակույթը կարեւոր դեր է զբաղեցնում՝ նշում է Մկրտչյանը։ Համալսարանները մտքի կրողներ են, զրկել քաղաքն այդ մշակույթից՝ նշանակում է հարված հասցնել այդ ավանդույթներին, առանց այն էլ մեզ մոտ քաղաքային մշակույթի ավանդույթները շատ վատն են։ «Չեմ խոսում այն ահռելի ծախսերի մասին, որոնք այդ ծրագիրը նախատեսում է, եւ դա՝ այն դեպքում, երբ Հայաստանն ունի շատ ավելի լուրջ խնդիրներ, այսինքն՝ սա բնավ առաջնային չէր։ Այս ակադեմիական կամ համալսարանական քաղաքը պետք է փուլ առ փուլ իրականացվեր՝ պահպանելով հիմնական շենքերը։ Ոչ մի բան չի կարող տալ նաեւ բուհերի միավորումը, որովհետեւ այդ միավորման հիմքը, առանցքը նույնպես սխալ է դրված։ Ոչ թե պարզապես մանկավարժական բուհեր կամ տեխնոլոգիական, արվեստի բուհեր եւ այլն, այլ պետք է հասկանալ, թե ինչն ինչի հետ են միավորում։ Այն փոփոխությունները, որ առաջարկում է Հայաստանի իշխանությունը կրթական ոլորտում, չեն բերելու ավելի լավ կրթության, մենք չենք ունենա ավելի կրթյալ հասարակություն, երիտասարդություն։ Այդ կրթական բարեփոխումները չեն հասնելու այն նպատակին, որ իրենք նախատեսել են։ Իմ միակ հույսը, անկեղծ ասած, այն է, որ ուղղակի չեն հասցնի իշխանություններն այդ ամենն անել»,- ասաց Նարինե Մկրտչյանը։

«Կարծում եմ՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի մտայնությունն է, ոչ թե ԿԳՄՍ նախարարի․ ես այդպես եմ կարծում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ՝ նախարարին չեմ ճանաչում»,- ասաց Ն․ Մկրտչյանը եւ շեշտեց, որ գուցե իսկապես մեծ թվով համալսարաններ չեն ապահովում ավելի լավ կրթություն, բայց կացնային մեթոդներով կրթության ոլորտ չի կարելի մտնել։ «Իրենց պատկերացումները, երբ փորձում են փոփոխել այս կամ այն ոլորտը, սկսում եմ ոչ թե հուսահատվել, այլ ահաբեկվել, նաեւ այս փոփոխություններն են շատ մտահոգում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել