Tert.am-ը գրում է․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների  բազմաբնույթ հարցերին,  տվել պարզաբանումներ: Նախարարն իր զեկույցում, ի թիվս մյուս ոլորտների, անդրադարձել է նաև սպորտին և երիտասարդությանը:

Երիտասարդական կենտրոնների ստեղծում մարզերում

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ երիտասարդության ուղղությամբ ԿԳՄՍՆ կարևորագույն աշխատանքը երիտասարդական կենտրոնների ստեղծումն է մարզերում: 2023 թվականին այդպիսի կենտրոններ են բացվել Իջևանում և Մեղրիում: Ընդհանուր առմամբ, Իջևանի, Մեղրիի և Վանաձորի կենտրոնները նախորդ տարի ունեցել են ավելի քան 16 000 այցելու։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ տարեվերջին ստեղծվել են ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Դիլիջան և Ապարան համայնքներում, որոնց պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

«Մշակել ենք նաև 10 մարզերի թվով 10 բնակավայրերում մասնավորի հետ համագործակցությամբ ժամանակակից մշակութային և երիտասարդական կենտրոնների ձևավորման նախագիծը:  Կենտրոնները կներառեն նաև համայնքային գրադարանների գործառույթը, ինչը շատ կարևոր է: Նախագիծը կմեկնարկի 2024 թվականից»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը։

Աճել է երիտասարդների  մասնակցության ցուցանիշը կարողությունների զարգացման ծրագրերում

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության ցուցանիշը 23 %-ով գերազանցել է 2022 թվականի նույն ցուցանիշը: Շարունակվել է նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է ավելի քան 9 հազար վարկ:

Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ. մոտ 45 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ

Անդրադառնալով սպորտի ոլորտում գրանցված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 445 մեդալ, որը 2022 թվականի ցուցանիշից ավելի էր 44,9 %-ով: Այդուհանդերձ, աշխատանքներ կան իրականացնելու կանանց ներգրավվածությունը մեծացնելու և արդյունքային ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ մեդալներից ընդամենը 25-ն են, որ նվաճել են կանայք: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են տարվում սպորտում կանանց հավելյալ խրախուսման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել