Գլուխն ուսերի մեջ քաշած, գլխարկի շքոցը մինչև աչքերն իջեցրած, կիսաթեք ընկել էր աթոռին ու այդպես մնացել էր: Հասկանում էր, որ վեր կենալ, գնալ է հարկավոր, որ այդպես նստել-մնալով չի լինի, բայց ինքն իրեն հաղթել չէր կարողանում: Թմրությունը երակների մեջ տարածվել, հասել էր ուղեղին ու գլուխն ուղղել չէր կարողանում: Ոչ խմած էր, ոչ ուռած, ոչ ծակված: Էդ բաներից հեռու՝ ապրում էր իր համար, բայց ահա թմրությունն այնպես էր բանտել մարմինը, որ թող ու փախիր: Ձեռքերը ծանր էին, ոտքերը՝ ծանր, կոպերն արճիճ դարձրած՝ նստել, մնացել էր: Ներքին ձայնը քրքրում, բզիկ-բզիկ էր անում թմրած էությունը, թե՝ վեր կենալ, գործի անցնելու ժամանակն է, բայց ինքն իրենից պարտվում էր ամեն վայրկյան ու գլուխն ավելի խորն էր քաշում ուսերի մեջ:


”Ծուլությունը մեղք է, մահացու մեղք”,- հիշեցնում էր ինքն իրեն, բայց ավելի էր թանձրանում, ավելի էր ծուլանում և ընկղմվում սեփական “Ես”-ի մեջ: Իսկ սեփական “Ես”-ն այսօր ոչ սառն էր, ոչ տաք, այլ գաղջ էր, ամեն ինչ իրենով փաթաթող, ամեն ինչ իր մեջ լուծող գաղջությամբ:
Մի քանի րոպեում ասես մեռել, ոչնչացել էին բոլոր ցանկությունները: Կար և ապրում էր մեն ու միակ մի ցանկություն՝ ոչինչ չանելու, ոչինչ չցանկանալու ցանկությունը: Իսկ դա գնալով տիրական էր դառնում: Ուզում էր խոսել, մի բան պատմել գոնե ինքն իրեն, թե չէ կարող էր սեփական էության մեջ մնալ և այլևս դուրս չգալ: Ո՞ր մի դալայ-լաման էր, չի հիշում, մտել էր սեփական “ես”-ի՞, թե՞ աստվածային էության խորքերն ու այլևս մարմնի մեջ վերադառնալ չէր կարողացել: Ինքը դալայ-լամա չէ, ոչ էլ ճգնավոր, բայց ահա մեջը ոչ մի բառ չկա, չկա որևէ միտք: Լիներ փշոտ մի խոսք, անհանգստացնող մի միտք, տառապեցնող մի հիշողություն և իրեն դուրս քաշեր, հաներ սեփական անդունդի խորքից: Բայց չկար: Ներսում անդորր էր, բայց ոչ թե այն անդորրը, որ լինում է ամռան խաղաղ արևածագից առաջ, այլ փոթորիկ կանխորոշող սառնաշունչ անդորր… Հիմա ուր որ է սառույցը կճաքի և ջրամույն կանի ամեն ինչ:

Չկար շարժվելու ցանկություն: Շարժվեր, որ ի՞նչ: Վեր կենար, դուրս գար, քայլեր ձմեռային քաղաքի անհրապույր ու սլլիկ, սատանի երես հիշեցնող փողոցներով: Հետո՞: Ինչ-որ մեկին տեսնել, հերթապահ ինչ-որ խոսք փոխանակել, բարևել գլխով կամ ձեռքով, ինչ-որ խանութ մտնել, ինչ-որ բան գնել կամ չէ: Ինչու՞: Ի՞նչ իմաստ կա այդ անիմաստ շարժման մեջ: Ինչու՞ գնել, ինչու՞ աշխատել, ինչու՞ խոսել, ինչու՞ ժպտալ կամ մռայլվել, երբ ուշ թե շուտ ամեն ինչ ստվելու է և այս աշխարհը մի բուռ հողով լցնելով հեռանալու է ուրիշ մի տեղ: Մի այլ չափում, որի մասին մտածում-մտածում, բայց ոչ պատկերացնել է կարողանում, ոչ հասկանալ: Ասենք չզգացած-չճաշակածն ինչպե՞ս հասկանաս:
Ու այդպես նստել մնացել էր: Ուղեղի՝ իր վերահսկողությունից դուրս մնացած ինչ-որ գալար հիշեցնում էր, թե այդպես նստելով կարող է սառչել: Բայց շարժվելու ոչ ցանկություն կար, ոչ կարողություն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել