Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանեց 4 գյուղերն անհապաղ վերադարձնելու Բաքվի պահանջին, խոսքը Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող ոչ անկլավային գյուղերի մասին է, որոնց վերաբերյալ նախորդ շաբաթ խոսել էր Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի (ադրբեջանական կողմից) նախագահ Շահին Մուստաֆաեւը` ասելով. «Այդ գյուղերը Հայաստանն օկուպացրել է, դրանց պատկանելությունն Ադրբեջանին կասկածներ չի հարուցում»: Երեկ ասուլիսում Փաշինյանը տվեց համաձայնությունը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի տարածքում չեն, Հայաստանինը չեն, ուստի պետք է վերադարձվեն «տիրոջը»։

Երեւանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,-  ասաց Փաշինյանը։ Այդ 4 գյուղերն են՝ Բաղանիս Այրումը, որի տարածքն արեւմուտքում անմիջականորեն սահմանակից է Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներին եւ հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհին, հյուսիս-արեւմուտքում՝ Բաղանիսը, հյուսիսում՝ Ոսկեվանը, հարավում՝ Ոսկեպարը, իսկ արեւմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին եւ Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Ակնհայտ է, թե այս տարածքը հանձնելով որքան բնակավայր վտանգի տակ կդրվի:

Վերին Ոսկեպար. մինչեւ 19-րդ դարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը՝ թուրքերով, այնտեղից միշտ սադրանքներ են իրականացվել Ոսկեպարի ուղղությամբ։ Հարուստ է վաղ միջնադարյան եւ միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով։ Այն հանձնելն ուղիղ սպառնալիք է դառնալու Ոսկեպար գյուղի համար Փայտասար (Խեյրիմլի)։ Ըստ բաց աղբյուրների՝ այս համայնքն ադրբեջանցիներով բնակեցված անկլավ էր դարձել ադրբեջանական Ղազախին հարակից հայկական տարածքում, որտեղից ադրբեջանցիները կրակի տակ էին պահում հայկական բնակավայրերը:

Կըզըլ Հաջիլի. նախկին բնակավայր Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ։ Սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արեւմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այսինքն՝ այնտեղից կրկին սպառնալու են Բերքաբերին։

Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Այդ գյուղերն 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը հայտարարեց․ «Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, եւ էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաներն անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով»։ Արդյոք կա՞ երաշխիք, որ 4 գյուղերի հարցն Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն լուծելուց հետո Ադրբեջանը կհամաձայնի նույն սկզբունքով շարունակել դելիմիտացիան նաեւ սահմանի մյուս հատվածներում եւ դուրս գալ Հայաստանից զավթած տարածքներից՝ Փաշինյանը շրջանցեց այս հարցը։ Տրանսպորտի նախկին նախարար,

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը տարակուսած է իշխանությունների` հող հանձնելու պատրաստակամությունից, ասում է՝ թվարկված չորս գյուղերից երկուսի հանձնումը գուցե մեզ «ցավ չի տալու, մերը չեն եղել», սակայն Բաղանիս Այրումն ու Ներքին Ոսկեպարը, որոնք ինչ-որ փուլում հանձնվել են ադրբեջանցիներին, այնտեղ հայկական պատմամշակութային կոթողներն ապացուցում են դրանց հայկականությունը, եւ չի կարելի հանձնել, մանավանդ որ կոմունիկացիոն եւ անվտանգային խնդիրներ են առաջանալու։

«Ներքին Ոսկեպարով անցնող ճանապարհը՝ շուրջ 4 կիլոմետր, Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի կողպեքն է, որը նաեւ Վրաստանին կապող միջպետական ճանապարհներից մեկն է։ Մյուսն անցնում է Ալավերդիով, բայց սա որակապես ավելի լավն է, այսինքն՝ հանձնելով դա, ըստ էության, փակվելու է միջպետական ճանապարհը։ Ճիշտ է՝ ժամանակին շրջանցող ճանապարհ էլ ենք սարքել, որ դիրքերից, կրակից հեռու լինի, բայց գիտե՞ք ինչ` երբ շրջանցող ճանապարհ ենք սարքում, թիկունք ենք, չէ՞, հետ քաշվում, կնշանակի՝ տարածք ենք կորցնում։ Մարդիկ, ի վերջո, որտե՞ղ են ապրում` որտեղ կան հաղորդակցություններ, եթե մենք ճանապարհը հեռացնում ենք, բնականաբար, մարդիկ էլ պիտի հեռանան-մոտենան ճանապարհին, իսկ այդ դեպքում ադրբեջանցիները սովորություն ունեն, քայլ-քայլ առաջ կգան։ Խորհրդային տարիներին էլ էր այդպես, մի ադրբեջանցի եթե գնում էր, հայկական գյուղում հովիվ էր աշխատում, մեկ էլ 2 տարի հետո տեսնում էինք մի ընտանիքը տասնապատկվել է։ Այսինքն՝ մոտ մի գյուղի տարածքի չափով առնվազն հետ ենք քաշվում, բացի դա` տեխնիկական անհարմարություններ են առաջ գալու, սարուձոր, բարձրադիր ճանապարհի ձմեռային պահպանությունն է դժվարանալու, տեղ կա՝ իջնում ես անտառով, դա էլ խոնավ է, ու դժվար է լինելու պահպանությունը, իսկ գործողը համեմատաբար հարթ տեղանքով գնացող ճանապարհ է»,- ասում է Քոչինյանը: Իսկ միջպետական ճանապարհի Վերին Ոսկեպարով անցնող հատվածը կառուցվել է 70-ականների վերջերին։
«Խորհրդային տարիներին գուցե Բաղանիս Այրումը, Ոսկեպարը հանձնվել են իրենց, բայց եկեք ավելի հետ գնանք՝ Ոսկեպարի հայկական եկեղեցին կառուցվել է միջնադարում, ինչ է՝ ադրբեջանցի՞ք են հայկական եկեղեցի կառուցել, կամ Քյարքին՝ Տիգրանաշենը, երբ տարածքային բաժանում է եղել, դա Նախիջեւանի մեջ չի եղել, հետո՝ խորհրդային տարիներին, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, տվել են նրանց, գուցե մերոնք չեն դիմակայել, որովհետեւ այդ տարիներին այն մթնոլորտն էր, որ եղբայրներ ենք, բոլորս միասին ապրում ենք։ Ես հիշում եմ՝ այդ տարիներին ադրբեջանցիներն իրենց անասուններին բերում՝ մեր սարերում էին արածեցնում, ու ոչ մեկը չէր ասում՝ ինչի է բերել»։
Ի դեպ, Տիգրանաշենի հանձնման մասին խոսակցությունները նույնպես ակտուալ են, սակայն Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին տալը, Քոչինյանի խոսքով, նշանակում է, բառի բուն իմաստով, Սյունիքը կտրել․ «Հա, կա այլընտրանքային ճանապարհ՝ Վեդիով, բայց հիշում եմ՝ 91 թվականին, երբ կրակում էին Երասխի հատվածում, Վեդիով գնացի Սյունիք, դժվարանցանելի մի ճանապարհ, թվում է՝ Արարատի մարզ, լավ կլիմա, բարենպաստ եղանակ, բայց տեղեր կան, որ մարտ ամսին էլ կարող է կես մետր ձյուն նստած լինի, հետո ստիպված Երասխով դեպի Տիգրանաշեն գնացող ճանապարհի եզրով պատնեշ կառուցել։ Տիգրանաշեն տալը․․․ չէ, էլի, եկեք պատերազմ անենք, բայց Տիգրանաշենը չտանք։ Ի վերջո, ուզում ես խաղաղություն, պիտի պատրաստ լինես պատերազմի, ինչ թուղթ ուզում ես ստորագրի, թույլին չեն խնայելու։ Մի պահ ընդունենք, որ Տիգրանաշենն իսկապես ադրբեջանական է եղել, բայց պետք է բանակցել, ասել, միջազգային հանրությանն ապացուցել, որ սա իմ երկրի համար կենսական նշանակություն ունի, ինչպե՞ս են առեւտուր անում շուկայում, գուցե առաջարկեն՝ դրա փոխարեն մի քանի անգամ ավել տարածք տալ այլ տեղից, հիմա Տիգրանաշենը տալիս ենք նրանց ու այնտեղ գնացող ջրի ճանապարհը փակում ենք, ի՞նչ են անում, կասե՞ք, Նախիջեւանի՞ց են դույլերով ջուր բերելու։ Պետք է բացատրել, կռիվ տալ, առեւտուր անել․ սա է իմ պատկերացումը»։

Քոչինյանը հիշում է․ «Ժամանակին՝ 70-ականներն էին, երբ ինչ-որ փուլում էլի հողի կռիվ էր գնում, ադրբեջանցիները քայլ-քայլ առաջ էին եկել, ահագին տարածք էին գրավել Նոյեմբերյանի գյուղերից, Վլադիմիր Մովսիսյանը՝ շատ հայրենասեր մարդ, գնաց, կռիվ տվեց, թուրքերն էլ անգամ մի օր նրան փակի տակ պահեցին, բայց հասկանալի է` խորհրդային տարիներն էին, ինքն էլ՝ շրջկոմի քարտուղար, ազատ թողեցին, ու հարցը հօգուտ մեզ լուծվեց։ Ախր բնության մեջ նույնիսկ բույսը, ծառն էլ է, չէ՞, կռիվ տալիս, որ դեպի արեւ գնա, առավել եւս մարդը պիտի պայքարի, որ հաջողության հասնի, հակառակ դեպքում ով հասնի` գլխիդ կտա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել