«Զվարթնոց» օդանավակայանից ռուս խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ նախորդ շաբաթ իրարամերժ հայտարարություններ հնչեցին Հայաստանից, ապա՝ Ռուսաստանից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ ռուս սահմանապահներին հանելու հարցով պաշտոնական խողովակներով իրենց չեն դիմել, եւ իրենք չգիտեն՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից: Նույն օրն արձագանքելով Պեսկովին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցով հստակ դիրքորոշում ունի եւ դա նամակով հայտնել է Ռուսաստանի իշխանություններին, եւ ռուս սահմանապահները պետք է ծառայություն չիրականացնեն օդանավակայանում: 

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների այս հակասությունը։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները անկախ, ինքնիշխան պետության օրինակով ոչ թե ինստիտուցիոնալ մոտեցում են դրսեւորել՝ դիմելով գործընկեր պետության պատկան գերատեսչությունների ղեկավարներին, բարձրաձայնելով հարցը, այլ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, խնդիրը փորձում են լուծել ավելի ստորին օղակներում: Իշխանական շրջանակներում խոսում են, որ նամակը հասցեագրվել է Ռուսաստանի սահմանապահ վարչության հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին։ Մեր աղբյուրների կարծիքով՝ ՀՀ իշխանություններն այս քայլով ցույց են տալիս, որ խուսափում են պատասխանատվություն ստանձնելուց՝ հասկանալով եւ հաշվարկելով որոշման սպասվող հետեւանքները Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Ի վերջո, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը վերջնականապես կարող են ազատվել եւ հնարավորություն ստանալ անարգել իրագործել իրենց ագրեսիվ ծրագրերը։

Իսկ Թուրքիայի գերիշխանությունը տարածաշրջանում հաստատելու նպատակների մասին բաց տեքստով այլեւս խոսում են թե՛ արեւմտյան պաշտոնյաները, թե՛ ՀՀ-ն, նույն` ԱԽՔ Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց. «Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը»։ Ինչեւէ, մի ուշագրավ նյուանս էլ․ նշված նամակում հայկական կողմը հստակ պահանջ չի ներկայացրել ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս գալու մասին, այլ մոտավորապես նման ձեւակերպում է տրվել, որ ՀՀ սահմանապահ զորքերն ունեն բավարար ռեսուրսներ՝ միայնակ իրականացնելու այդ ծառայությունը, եւ ակնարկել են, որ օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունն ապօրինի է, այն ներառված չէ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» 1992 թվականին ստորագրված պայմանագրում։

Ըստ մեր աղբյուրի՝ ստորին օղակների հետ հարաբերվելու պատճառներից է նաեւ այն, որ հայաստանյան իշխանությունները վստահ չեն՝ եթե անգամ ամենաբարձր մակարդակով քննարկեն այդ հարցը, ՌԴ-ն կատարելո՞ւ է իրենց պահանջը: Կարծում են` ինչպես հրաժարվում է մինչ օրս Արցախից դուրս բերել իր խաղաղապահ զորքը, երբ իրենց վստահված կոնտինգենտն այլեւս Արցախում չէ, գուցե այդպես էլ հրաժարվեն դուրս բերել սահմանապահներին «Զվարթնոցից», հաշվի առնելով ԵԱՏՄ-ի գործոնը եւ այն, որ «Զվարթնոցը» ԵԱՏՄ-ի կարեւորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է Անդրկովկասում: Ավելին՝ գուցե ՀՀ պահանջին հակընդդեմ, դրվի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջը, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ իշխանավորները նման ստորաքարշ պահվածք են դրսեւորում՝ «կկպնի` լավ, չի կպնի` ուրիշ բան կմտածենք» հաշվարկով: Ինչ խոսք, էլի լավ ենք պրծել, կարող էին ոչ թե հայաստանյան վարչությանը, այլ «Զվարթնոցում» ծառայություն իրականացնող սահմանապահներին հատ-հատ նամակներ գրել, որ չենք ուզում մեզ հսկեք, պահանջում ենք վաղվանից աշխատանքի չգաք։

Վերադառնանք ռուսների դեմ արշավի հաջորդ արարին: Տեւական ժամանակ է՝ իշխանամերձ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները շրջանառության մեջ են դրել այն կեղծ թեզը, թե 1992 թվականին ստորագրված վերոնշյալ միջպետական համաձայնագիրը չունի իրավական ուժ, քանի որ այն Գերագույն խորհրդի վավերացմամբ չի անցել: Այս հիմքով սորոսականներն առաջարկում են լուծարել եւ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանից նույնպես հեռացնել ռուս սահմանապահներին։ Իրազեկ քաղաքացիների միավորումն անգամ հայց է ներկայացրել այդ թվականին վարչապետ աշխատած Խոսրով Հարությունյանի դեմ, ով ստորագրել է համաձայնագիրը: Վերջինս մեր թերթի հետ զրույցում պարզաբանել է, որ այն ժամանակ Գերագույն խորհուրդն ընդունում էր որոշում, թե որ փաստաթղթերը պետք է անցնեին պարտադիր վավերացմամբ, խնդրո առարկա համաձայնագրի վերաբերյալ նման որոշում չի ընդունվել։
Ռուս սահմանապահների ներկայությունը մեր երկրում, իհարկե, նորություն չէ: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք են իրականացրել Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանների պահպանությունը, ինչպես խորհրդային տարիներին էր, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններն էին: 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագիրը, որի 2-րդ հոդվածում ասվում է, որ «ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում»:

Նկատենք, որ պայմանագիրը ստորագրելիս ռուս սահմանապահները ներկա են եղել ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին, այլեւ «Զվարթնոց» օդանավակայանում, որը եւս խորհրդային տարիներին դարպաս էր դեպի արտերկիր, սակայն «Զվարթնոցը» հատուկ չի շեշտվել պայմանագրում, ինչից էլ փորձում են «կախվել» օրվա իշխանություններն ու նրանց աջակիցները։ Մյուս կողմից՝ հայ-ռուսական միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել: Հենց այս հանգամանքով է պայմանավորված ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում» նաեւ այսօր։

Որ իշխանությունները նպատակ են հետապնդում ռուսներից մաքրել հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանը, մատնում է նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների թվաքանակն ավելացնելու մասին Եվրախորհրդարանի վերջին որոշումը, որը հրապարակվեց տարեվերջին, եւ որում սեւով սպիտակի վրա գրված է, որ իրենք նախատեսում են դիտորդության աշխարհագրությունը մեծացնել, որը կներառի նաեւ հայ-թուրքական սահմանը, իսկ նման որոշումն առանց ՀՀ իշխանությունների համաձայնության հնարավոր չէր ընդունել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել