Մ. Սիմոնյանն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու վերաբերյալ Հայաստանում հնչած հայտարարություններին եւ, ընդհանրապես՝ հակառուսական տրամադրություններին: Ֆորումի մասնակից հայ աղջկա հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն հայ երիտասարդները, Սիմոնյանը պատասխանել է․ «Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ Հայաստանը տանում է ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության, եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին․․․»։
Մարգարիտա Սիմոնյանը, ով Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր անձանցից է եւ երբեք իշխանական կուրսից դուրս հայտարարություններ չի անում, Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել է պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ, եւ չի կարող այցելել Հայաստան: Հայկական պատվիրակությունը նրա այս ելույթից հետո որոշել է Հայաստան վերադառնալ, հավանաբար՝ պաշտոնական Մոսկվային «դաս» տալու նպատակով։ Պատվիրակության կազմում են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ ՔՊ-ական ռուս պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, այլ պաշտոնյաներ։
Ալեքսեյ Սանդիկովը հաստատեց մեր տեղեկությունը։ «Միայն պետական պաշտոնյաներն են շուտ վերադարձել, կազմակերպիչներին էլ ասել ենք, որ անընդունելի ենք համարում նման արտահայտությունները մեր երկրի եւ ղեկավարի հասցեին»,- ասաց նա մեզ հետ զրույցում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է կապվել Սանդիկովի հետ եւ պահանջել, որ հետ գան։ Սանդիկովն այս առնչությամբ ասաց․ «Ի՞նչ կապ ունի, թե ով է զանգել, հետ կանչել։ Աշխատանքային հարցերը թողնենք մի կողմ»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ այնքան է «հուզվել», որ արգելել է սույն միջոցառման մասին տող անգամ գրել նախարարության պաշտոնական էջում։ Երիտասարդության համաշխարհային փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնում էր ավելի քան 200 մասնակից։ ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը չկարողացավ տեղի ունեցածի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն տալ, նշեց, որ փառատոնի մասնակից պաշտոնյաների հետ չի կարողանում կապ հաստատել, եւ մենք չկարողացանք պարզել՝ արդյոք ո՞ղջ պատվիրակությունն է վերադարձել, թե՞ միայն Նիկոլ Փաշինյանի զայրույթից սարսափող պաշտոնյաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել