Ես ուզում եմ անդրադառնալ կառուցվող դպրոցի պատուհանին, ծորակին, ցնցուղին. Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանում նկարագրել, թե մեզ ինչ պատուհան ու ծորակ է պետք, որովհետեւ այդ կարողությունները չունենք: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնում ենք, տեսնում ենք պատուհանը դրած է. ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի՞,  հեսա դրել ենք: Բայց արանքից փչում է, որակը էն չի, տեսքը էն չի: Այստեղ է մեր պրոբլեմները: Իսկ կա՞ն արդյոք աշխարհում մասնագետներ, որոնք կարող ենք ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որը մեզ պետք է: Այո կան, բայց իրենց պետք է տալ ասենք, մեկ մլն եւ ավելի դրամ աշխատավարձ: Մինչեւ այս հարցը չլուծենք, սա ենք ունենալու»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Մենք ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրեք: Գալիս են, ոսկեղենիկ հայերենով գրում՝ լավ պատուհան:  Մենք էլ կարդում ենք, ասում ենք՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է: Պետք է գրվեն ոչ թե ոսկեղենիկ հայերեն բառեր, այլ կոդեր, թվեր, որոնք կարդանք, չհասկանանք, բայց մասնագետը կարդա, հասկանա: Դրա համար մեզ պետք է մասնագետ, որ այս լեզուն գիտի, մեզ մոտ այդ մասնագետները կամ չկան, կամ քիչ են: Այսինքն եթե գրեցինք՝ լավ պատուհան, դեպքերի 90 տոկոսում ստանալու ենք վատ պատուհան:

Եկեք խոստովանենք, որ մենք այդ տեխնիկական լեզուն չգիտենք: Հիմա եկեք հասկանանք՝ ոնց սովորենք, գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ  գործողություններ անենք: Չի լուծվելու, պետք է սովորենք լեզուն, որը չգիտենք: Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք: Բայց սովորելու պլան էլ պետք է ունենալ՝ ոնց ենք սովորելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել