ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր հայտնաբերվելուց հետո, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխող ուժի որոշ անդամներ քննարկում են զենք ունենալու եւ, այսպես ասած՝ ֆորսմաժորային իրավիճակներում պաշտպանվելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի մոտ։ Գրել էինք, որ չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը, որ չի կարողացել կանխել նման քայլը, մինչդեռ ՄԱԿ-ի ու ՔՊ-ի գրասենյակների մոտ իսկական ռումբեր էին տեղադրվել։ Այդ դեպքերից 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի` Նոյ թաղամասում գտնվող տան պարսպի մոտ էին պայթուցիկ տեղադրել, որը պայթել էր` Մելքոնյանի հարեւանին պատճառելով նյութական վնաս։

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչից է վախեցել իրենց թիմը, որ ուզում են զինվել` գուցե հանրային դժգոհությունի՞ց։ «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, զենք կրելու անհրաժեշտություն չեմ զգացել»,-նկատում է նա։ Սարուխանյանը կարծում է, որ իրենց ոչինչ չի սպառնում, հետեւաբար՝ զենք կրելու անհրաժեշտություն էլ չկա։ Չեն վախենում նաեւ հանրային դժգոհություններից։ «Ինչո՞ւ պիտի վախենանք հանրային դժգոհություններից»,- հարցնում է ՔՊ-ական պատգամավորը։ Ասում է՝ իրեն բացարձակ չի մտահոգում, որ իր թիմակիցների տների ու գրասենյակների մոտ ռումբեր են տեղադրում կամ պայթեցնում։ «Ես գյումրեցի եմ, իմ քաղաքում ազատ քայլում եմ, շրջում եմ, հասարակական վայրերում եմ լինում, շփվում եմ մարդկանց հետ»։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը 1 մլն 411 հազար 200 դրամ աժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է «Байкал МР-71» 14 ատրճանակ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։ Պայմանագրով գնման առարկան՝ ատրճանակը, տեխնիկական բնութագրով՝ պողպատից է, զենքի տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։ Ատրճանակները ձեռք են բերվել 2 տարի երաշխիքով։ Թե ինչ նպատակով` փաստաթղթերում չի երեւում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել